Երբեք չեմ մոռանա Սիրիայի պատերազմի մեր անմեղ զոհերին, մեր անմեղ աշակերտներին. Անդրանիկ Պողոսյան

Հալեպի Կրթասիրաց Սարգիս Չեմբերջյան երկրորդական վարժարանի տնօրեն, Սիրիայի գավառական ժողովի անդամ Անդրանիկ Պողոսյանին գրեթե ամեն ամառ կարելի է Հայաստանում տեսնել: Պատճառը.

– Ամռան արձակուրդներին միշտ ցանկանում եմ զավակներիս հետ Հայաստանում լինել: Սերոբն ու Սարոն Քաթարում են բնակվում, Սևակը՝ Շուշիում: Այս շրջանում է, որ կարող ենք միասին հավաքվել հայրենիքում: Այս տարի մի քիչ երկար մնացի, քանի որ մասնակցեցի նաև Հայաստան-Սփյուռք համաժողովին:

Դպրոցի շահը պահանջում է չբացակայել, չհեռանալ Հալեպից, միշտ պետք է դպրոցում լինենք, միայն ամռանն է, որ կարող ենք արձակուրդին դուրս գալ Հալեպից:

– Պարո´ն Անդրանիկ, անցնող տարիները մեծ փորձություն էին Հալեպի համար: Սակայն հակառակ բոլոր դժվարություններին՝ Հալեպը, հալեպահայը ապրեց:

– Իրականություն է, որ պայմանները բարելավվել են: Վերջին 3-4 ամիսներին այլևս պայթյուններ, հրթիռակոծություններ չեն լինում, հատկապես՝ հայկական, քրիստոնեական թաղամասերում: Ընտանիքներն այլևս կարող են խաղաղ, հանգիստ ապրել: Սակայն վախն այնքան է մարդկանց հոգեբանության վրա ազդել, որ շատերը կարծում են՝ ժամանակավոր է այս խաղաղությունը: Այդ պատճառով՝ զգուշավոր են: Սակայն որոշներն էլ քաջալերված՝ Տարտոսից, Լաթաքիայից, Լիբանանից, Կանադայից, անգամ Հայաստանից վերադառնում են Հալեպ:

Մի դեպք եմ ուզում պատմել: Նախորդ ուսումնական շրջանին մի ծնող եկավ մեր դպրոց և ասաց. «Երեկ կեսօրին ենք Կանադայից Հալեպ հասել, խնդրում եմ իմ երկու փոքրիկներին Ձեր դպրոց ընդունեք»: Մի պահ լուռ մնացի, քանզի չսպասված լուր էր ինձ համար: Խեղճ կինը կարծեց, թե պիտի մերժեմ, կրկնեց՝ խնդրո´ւմ եմ, չմերժեք: Ասացի. «Տիկի´ն, Դուք Կանադայից Հալեպ եք վերադարձել, Կրթասիրաց վարժարան, կարո՞ղ է Հալեպն իր դռները չբանալ իր զավակների առջև: Կարո՞ղ է Կրթասիրաց վարժարանն իր դռները լայն չբանալ իր զավակների առջև»: Հուզվեց, միասին հուզվեց, որովետև շատ գեղեցիկ, հուզիչ պահ էր:

Համոզված եմ՝ վերամուտին շատերը պիտի վերադառան Հալեպ:

Հալեպում ապրողները սկսել են գտնել իրենց, արհեստանոցների դռները լայն բացել, փորձում են վերաշինել, վերանորոգել իրենց բնակարանները: Պետությունը ևս աշխատում է օգտակար լինել: Մեկ բան հստակ է. Սիրիայի պետությունը, այսօրվա իշխանությունը չի կարող երևակայել Հալեպն առանց հայության, այդ պատճառով բոլոր տեսակի դյուրություններ  է ստեղծում, որպեսզի հայերը վերադառնան Հալեպ: Քաղաք, որը եղել է Սիրիայի շինարարության, արվեստի ու արհեստի կենտրոնը:

Որքան գեղեցիկ է, որ Դամասկոս-Երևան ուղղությամբ չվերթներ են իրականացվում: Հուսանք, որ Հալեպի օդանավակայանից ևս կբացվի:

– Անցնող տարիների ընթացքում Հալեպի Կրթասիրաց Սարգիս Չեմպերջյան վարժարանն ինչպիսի՞ դժվարությունների դիմակայեց:

– 2012 թվականի մեր վարժարանն ուներ 730 աշակերտ: Տարեցտարի այս թիվը սկսեց նվազել, ամեն տարի մոտ 100 աշակերտ պակասում էր: 2016 թվականին 410 աշակերտ ունեինք, այսօր՝ 450: Ծնողները չէին դիմանում այն վիճակին, ինչը տիրում էր Հալեպում:

Մի օր նստած էինք դպրոցում, հանկարծ հրթիռների ձայներ լսեցինք: Քիչ անց մի հրթիռ ընկավ եկեղեցու մոտ, մյուսը՝ հետևի կողմում: Կարծես մի ներքին ձայն հուշեց, որ 3-րդ հարկի երկրորդական բաժնի աշակերտներին ներքև իջեցնենք: Հազիվ էինք նրանց գետնահարկ իջեցրել, երբ մի հրթիռ ընկավ, և դպրոցի տանիքը վնասվեց, սկսեց քարեր թափվել, ապակիները կոտրվել: Լավ էր, որ վերևի դասասենյակներում աշակերտ չկար, այլապես ջարդի նման բան կարող էր տեղի ունենար:

Հաջորդ օրը չկարողացանք դպրոցը բացել: Բայց, ցավոք չես կարող ամեն վտանգից քո աշակերտներին պաշտպանել: Այդ դեպքից հետո մեր աշակերտներից մեկը՝ Հինդոյան ազգանունով, որի տունը դպրոցի հարևանությամբ էր, իրենց խանութի մոտ ռումբի պայթյունից զոհվեց:

Ցավոք, մեր դպրոցի աշակերտներից մի քանիսը զոհվեցին: Նվազագույնը երկու ուսանող զոհվեց դպրոցի մոտակայքում, մեր շրջանավարտները սիրիական բանակի մեջ նահատակվեցին՝ Լևոն Սրապիոնյան, Հրաչ Հակոբ և ուրիշներ:

Բայց անկախ բոլոր դժվարություններից ու մարդկային կորուստներից, դպրոցը շարունակեց իր գործունեությունը, առաքելությունը, չդադարեց՝ դիմանալով բոլոր դժվարություններին: Փա´ռք Աստծո, կարողացանք դպրոցի դռները բաց պահել երեկ, այսօր և վաղը:

– Ինչի՞ շնորհիվ կարողացավ մնալ, պայքարել և շարունակել ապրել:

– Յուրաքանչյուր հայի պարտականությունն է՝ չմտածել միայն իր անձի, անձնական շահի մասին: Այսօր Սիրիայում ազգովի վնասի ենք ենթարկվել: 1915-17 թվականներին Դեր Զորի անապատներում հայ մայրիկներն ավազի վրա Այբ, Բեն, Գիմ էին սովորեցնում մեր գաղթական փոքրիկներին: Այսօրվա պայմաններում մենք շատ ավելին կարող ենք և պետք է անենք, միջոցներ գտնենք, որպեսզի մեր փոքրիկներին չզրկենք իրենց մայրենին սովորելու և մշակույթը վայելելու բերկրանքից: Մենք պարտավոր ենք շարունակելու մեր առաքելությունն ամեն գնով: Այնտեղ ենք մնալու, որքան Աստված մեզ կյանք է տվել: Սա է իմ վերջնական համոզումը:

– Պարո´ն Անդրանիկ, վերջերս Դուք պարգևատրվեցիք ՀՀ Նախագահի Երախտագիտության մեդալով: Ի՞նչ է այս պարգևը Ձեզ համար:

– Հավելյալ բեռ (ժպտում է-հեղ.): Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, որոնք իրենց մասնակցությունը բերեցին՝ գնահատելով իմ համեստ ներդրումը, որոնք տեսան, նշմարեցին մեր աշխատանքը: Սա խթան է մեզ համար, հավելյալ պատճառ, որպեսզի ավելի աշխատանք տանենք, ավելի զոհողություններ իրականացնենք, որպեսզի կարողանանք կատարել մեր պարտականությունը մեր անմեղ փոքրիկների հանդեպ: Հատուկ շնորհակալություն վսեմաշուք Նախագահ Սերժ Սարգսյանին, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, բոլորին: Այս պարգևն ինձ համար ո´չ միայն ուրախություն է, այլ նաև պատիվ, խթան:

– Պատերազմն, ինքնին, մեծ ցավ է, չսպիացող վերք: Սակայն ամենատխուր օրը ո՞րն է եղել Ձեզ համար, որն ընդմիշտ կշարունակի ապրել Ձեզ հետ:

– Չեմ կարողանա մոռանալ, և երբեք չեմ մոռանա մեր անմեղ զոհերին, մեր անմեղ աշակերտներին: Ինչո՞ւ պետք է զոհվի 3-րդ, 6-րդ դասարանի աշակերտը, ո՞րն է նրա հանցանքը:

Երբ լսում էի, որ հայ է նահատակվել, հայ ծերունի է տան մեջ այրվել, ինձ համար մեծ ցավ էր: Ինձ պարտավոր էի զգում անպայման թաղմանը ներկա լինել, անկախ նրանից՝ ճանաչում էի հանգուցյալին, թե՝ ոչ:

Դյուրին չէ երևակայել այն, ինչ պատահեց Հալեպ քաղաքին: Հալեպի մոտ 40 հազար հայ բնակչությունից այսօր ընդամենը 8 հազար հայ է մնացել: Հույս ունենք, որ Մայր գաղութը վերստին կաշխուժանա: Այն պետք է ոտքի մնա, կայուն, շարունակի գործել, որպեսզի կարողանա մյուս համայնքներին ուժ, թարմ ավյուն ապահովել:

Վնասներ կրեց ո´չ միայն Հալեպը: Նախկինում Կամիշլիում 10 հազար հայ էր բնակվում, հիմա ընդամենը 1000-1200 ընտանիք է ապրում:

Դյուրին չէ այսօր Եվրոպայում, Կանադայում ցիրուցան եղած հայերին քով-քովի բերել, որպեսզի հայերեն սովորեն: Սիրիայում բոլորս միասին ենք, թաղամասերը կողք-կողքի են, մեր դպրոցներում կարողանում ենք մեր փոքրիկներին հայերեն, հայկական մշակույթ ու պատմություն սովորեցնել, որպեսզի կառչած մնան իրենց արմատներին: Անգամ եթե օտար երկրներ էլ գնան, կարող ենք իրենց մասնակցությունը բերել այդ համայնքի վերականգնմանն ու աշխուժացմանը:

Թեկուզ լքում են Հալեպը, բայց ցավ են զգում, դժգոհ են, որ չեն կարողանում գտնել Հալեպի ջերմ մթնոլորտը, որը մենք նախկինում վայելում էինք: Տա Աստված, որ խաղաղությունը շարունակվի և խաղաղության աղավնին վերադառնա Սիրիայի երկինք՝ ընդմիշտ:

– Պարո´ն Անդրանիկ, ո՞րն է եղել Ձեզ համար այն լուսավոր կետը, որը ցրել է պատերազմի մթությունն ու խավարը:

– Ես լավատես եմ, բայց չեմ կարող չհիշել Հայոց պետականության մեծ դերը: Երբ զգում ես, որ հայրենիքդ քո կողքին է և ցանկացած պահի կարող է քեզ ձեռք մեկնել՝ առավել զորավոր ես դառնում: Ինձ համար ամենալուսավոր կետն է սա:

Երկրորդ՝ Սիրիայի հայկական համայնքի համար կատարվող տարատեսակ օժանդակությունները: Ես նաև այս ձևով ուզում եմ շնորհակալութուն հայտնել մեր կրոնապետերին, որոնք ջանք չեն խնայում, որպեսզի կարողանան նյութական օժանդակություններ ապահովել Սփյուռքի ողջ տարածքում և ուղարկել Սիրիա:

Փափագս է, որ շարունակվի այդ աջակցությունը: Ինչպես Արամ Վեհափառը հայտարարեց դեռ ամիսներ առաջ, այս տարի վերականգնումի տարի է, հետևաբար՝ պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի կարողանանք վերականգնել նախևառաջ մեր կրթօջախները, որպեսզի շարունակենք մեր զավակներին հայկական կրթություն տալու  մեր առաքելությունը:

Պետք է հիշել, որ Սիրիայում ապրող հայ ընտանիքներ, զավակներ կան, նրանց պետք է պաշտպանել գործնականորեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայրենիքում և հայրենիքից դուրս ապրող բոլոր նրանց, որոնք սատարում են մեզ:

Ամեն անգամ օրհնաբեր է լինում այն օրը, երբ լսում ես, որ մեր հավաքական միասնությամբ ու օժանդակությամբ՝ պետք է լավանա մեր ժողովրդի զավակների կյանքը:

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

Scroll Up