1000 գյուղի փրկությունը՝ Սփյուռքի ներդրման շնորհիվ
«20 ՍՄԱՐԹ կենտրոն կառուցելու համար անհրաժեշտ է 200 միլիոն դոլար: Կան մեծահարուստ հայեր, ում գրպանի համար սա մեծ գումար չէ, բայց այդ 200 միլիոնը կարող է գյուղերի հայության փրկությունը լինել»։
Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հիմնադիր և խորհրդի ատենապետ, դոկտոր Գարո Արմենը ելույթ է ունեցել «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ընթացքում։
Անդրադառնալով Հիմնադրամի 13-ամյա գործունեությանը՝ դոկտոր Արմենը նշել է, որ գյուղերում COAF-ի գործունեությունն ինքնանպատակ չէ։ Նկատելով, որ երեխաները շատ բարձր ունակություններ ունեն, բայց չունեն ռեսուրսներ, Հիմնադրամը երեխաների համար մուտք ապահովեց այդ ռեսուրսներին։ 44 գյուղում բարձր արդյունավետությամբ աշխատելով՝ այսօր Հայաստանի մանուկներ հիմնադրամը վերանայել է ռազմավարությունը. պետք է գործը հասցնել Հայաստանի բոլոր 1000 գյուղեր։
Նպատակը մեկն է՝ արագացնել գիտելիքի փոխանցումն ու կրթություն ապահովել տարբեր ոլորտներում, որ թափ առնի գյուղական համայնքների առաջընթացը։
«Նոր մոդել ենք ստեղծել, որ կոչվում է ՍՄԱՐԹ։ Աշխատասիրությունը բավական չէ. պետք է խելացի ձևով աշխատենք։ Հենց այդ նպատակով է, որ առաջիկա 10-15 տարվա ընթացքում ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով ուզում ենք հասնել բոլոր գյուղեր»։
Գարո Արմենը համոզված է, որ ՍՄԱՐԹ նախաձեռնությունը կարող է լինել գյուղում աճող սերնդի փրկությունը։ «Հաջողելու համար մի քանի բանի կարիք կա. գումարը կարևոր է։ Բացի այդ, մենք պետք է տարածենք աշխարհում բոլոր բնագավառներում լավագույնը՝ կրթություն, ուսում, առողջապահություն և այլն։ Ոչ միայն հայկական լավագույնը, այլև համաշխարհային։ Սա է զարգացումը։ Դյուրին գործ չէ, բայց հնարավոր է»։