Համահայկական խորհուրդի ձևավորման նախաձեռնությունը՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի օրակարգում. տեսանյութ

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում կկայանա «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որի ընթացքում կքննարկվեն հայությանը հուզող մի շարք հիմնահարցեր:
Համաժողովի ընթացքում կկայանա նաև Համահայկական խորհրդի ստեղծման և Հայաստան-Սփյուռք գործակցության հետագա զարգացման հարցերով աշխատանքային խմբի խորհրդակցություն:
«Պատրաստ ենք քննարկելու նախաձեռնությունը բոլոր գործընկերների հետ համաժողովի ընթացքում»,- «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ նշում է Բրայան Արդունին:
Դեռևս 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքների ընթացքում ընդգծվել էր միասնական մշտական հարթակ ստեղծելու կարևորությունը և ձևավորվել կազմակերպչական հանձնախումբ՝ այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար:
Իսկ ինչպիսի՞ արձագանք է ստացել այս գաղափարը Սփյուռքում, մասնավորապես ամերիկահայության շրջանակներում:
Ամերիկահայ Լևոն Ավդոյանի կարծիքով նման յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է հաշվի առնի հայկական Սփյուռքի բազմազանությունը, քանի որ այն ներառում է տարբեր ազգային առանձնահատկություններ և երկրներ: Համահայկական կառույցի նպատակների և գործառույթների հստակությունը, ըստ նրա, չափազանց կարևոր է կառույցի արդյունավետության համար:
«Այս ամենի հետ մեկտեղ, յուրաքանչյուր նախաձեռնություն, որը կամրապնդի կապը Հայաստանի ու Սփյուռքի տարբեր համայնքների միջև արժանի է աջակցման»,- ասում է Ավդոյանը:
Ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանն էլ գտնում է, որ մեծ մասամբ սփյուռքահայությունը չի զգում այն բոլոր դժվարությունները, որոնք առկա են Հայաստանում: «Նման խորհրդի ստեղծումը Սփյուռքի ձայնն ավելի լսելի դառձնելու հետ մեկտեղ կստիպի սփյուռքահայությանը ավելի մոտ ծանոթանալ այն բոլոր հարցերին, որոնց հետ ամեն օր առնչվում է Հայաստանի հասարակ քաղաքացին»,- ասում է Բոհջալյանը:
Դեռևս պարզ չէ, թե ինչպիսի ձևաչափով է հանդես գալու ապագա մարմինը: Հայաստան-Սփյուռք համաժողովը լավ առիթ է որոշակի հստակեցումներ մցնելու և սփյուռքահայության տարբեր շրջանակների մոտեցումներին ծանոթանալու համար: