«Ավստրիահայերը համախմբված են եկեղեցու շուրջ».Տեր Անդրեաս քահանա Իսախանյան

Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ, Արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանի հետ «Հայերն այսօր»-ի զրույցի առանցքը համայնքում հոգևոր, ազգային  կյանք ստեղծելու և հայապահպանությանն առնչվող  հարցերն են:

Համայնքի հետ անձնական մեծ շփում ունեմ

-Հովվություն եմ անում Ավստրիայի ամբողջ տարածքում: Տարվա ընթացքում այցելում եմ տարբեր համայնքեր, Պատարագ եմ մատուցում, ժամերգություն անցկացնում, պսակ, մկրտություն և այլ խորհրդակատարություններ կազմակերպում:

Պատարագը հիմնականում կաթոլիկ եկեղեցում տարածքում է տեղի ունենում, որը սիրահոժար մեզ է տրամադրվում: Համայնքի հետ անձնական մեծ շփում ունեմ. թո՛ղ ամպագորգոռ չթվա, բայց Ավստրիայում ապրող հայերի գրեթե մեծ մասին ճանաչում եմ, ծանոթ եմ բոլորի հոգսերին ու խնդիրներին, նրանք գիտեն՝ կա եկեղեցի, հոգևորական, յուրաքանչյուր հարցով անվերապահորեն կարող են ինձ վրա հույս դնել, այդ վստահությունը շատ կարևոր է:

Հոգևորականի առաքելությունը միայն քրիստոնեական վարդապետությունը տարածելը չէ

-Ավստրիահայերի համար Վիեննայում, որտեղ ապրում եմ, գործում է հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Հոգևոր ծառայությանս ընթացքում նկատել եմ, որ մեր հայրենակիցները համախմբված են եկեղեցու շուրջ, ժրաջանորեն մասնակցում են պատարագներին, տոները նշում: Մտահոգ լինելով երիտասարդ սերնդի հայապահպանության խնդրով՝ եկեղեցուն կից շաբաթօրյա «Հովհաննես Շիրազ» դպրոցն ենք բացել, նաև մանկապարտեզ է գործում: 13 ուսուցիչ ունենք, իսկ աշակերտների թվաքանակը հասնում է 150-ի՝ ներառյալ մանկապարտեզ հաճախող երեխաները:

Դպրոցը բացվել է կրոնի դասի հիման վրա. ինչպես գիտենք, Ավստրիան կաթոլիկ երկիր է, կրոնի դասավանդումն օրենքով ընդգրկված է դպրոցական ծրագրերում: Դասավանդվում է նաև հայոց լեզու, հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն, աշխարահագրություն, երգ-երաժշտություն, պար առարկաները:

Նշեմ նաև, որ ավստրիական դպրոցում հայ երեխաներին կրոն առարկան եմ դասավանդում՝ նրանց ծանոթացնելով Հայ Առաքելական եկեղեցուն և քրիստոնեական արժեքներին:

Առհասարակ, հոգևորականի առաքելությունը քրիստոնեական վարդապետությունը տարածելը, Աստծո խոսքը մարդկանց հասցնելն է, այսինքն՝ հոգևոր սպասավորությունն է:

Սակայն, Սփյուռքում մենք հանդիպում ենք նաև հայապահպանության, հոտին Հայաստանի հետ կապելու մի շարք խնդիրների, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում:

 Ես սնուցվում եմ Մայր Աթոռից

-Ապրում եմ Ավստրիայում, բայց, անշուշտ, կարոտում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը. որպես հոգևորական՝ ծնվում ենք Մայր Աթոռում, տարիքային առումով մեր ամենակարևոր ժամանակն անցնում է Մայր Աթոռի լուսե կամարներում: Հայաստան գալով՝ առաջին վայրը Մայր Տաճար ենք գնում և ցանկանում Պատարագ մատուցել: Ես սնուցվում եմ Մայր Աթոռից:

Գևորգ Չիչյան

Scroll Up