ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ճարտարապետների համահայկական ընկերակցության համանախագահներ Վահե և Գոհար Թութունջյաններին

Դեկտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ճարտարապետների համահայկական ընկերակցության համանախագահներ Վահե և Գոհար Թութունջյաններին: Հանդիպմանը ներկա էին նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում ճարտարապետ Վահե Թութունջյանը ներկայացրեց Նոր Հալեպ թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու ճարտարապետական լուծումները, որոնք արդիական են և համապատասխանում են միջազգային չափանիշներին, այն կարող է դառնալ վերջին տարիներին կառուցված լավագույն թաղամասերից մեկը: Այնտեղ կարող են բնակվել մոտ 500 ընտանիք, թաղամասը ստեղծված է լինելու լողավազանով, ավտոկանգառներով, խաղահրապարակներով: Նոր Հալեպում հնարավորություն է ստեղծվելու շենքերի առաջին հարկերում տարբեր տիպի արհեստանոցներ և խանութներ ստեղծել:

Նախարարն առաջարկեց ճարտարապետների հանդիպում կազմակերպել Հայաստան ժամանած սիրիահայերի հետ, որտեղ կքննարկվեն թաղամասի կառուցմանն առնչվող հարցեր, որտեղ կտրվեն նրանց հուզող հարցերի պատասխանները:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հույս հայտնեց, որ Նոր Հալեպի կառուցման համար անհրաժեշտ գումարը պետք է ներդնեն մեր հայրենակիցները, ինչպես նաև Հայրենիքից և Սփյուռքից յուրաքանչյուր հայ իր փոքրիկ ներդրումը պետք է  ունենա այս ազգային ծրագրում: Արդյունքում Սիրիայից Հայաստան ժամանած մեր հայրենակիցները կգտնեն իրենց տաքուկ անկյունը Հայրենիքում:

unnamed (2) unnamed (3)

Scroll Up