Լույս է տեսել պոլսահայ մտավորական  Գևորգ Հակոբյանի «Պատմութիւն իսթամպուլահայ ուսումնական կեանքի և կրթական հաստատութիւններու» գիրքը

«Տեսայ նաև կրթասէր ու ազգասէր վեհոգի անձնաւորութիւններու սփռած լոյսը: Լոյս մը, որ կը լուսաւորէր նաև գաւառի հայութիւնը». Գևորգ Հակոբյան

Հայ կրթական մտքի և գործի մշակ Գևորգ Հակոբյանի «Պատմութիւն իսթամպուլահայ ուսումնական կեանքի և կրթական հաստատութիւններու» գիրքը պոլսահայ կրթական կյանքն ու պատմությունը ներկայացնող վավերագրություն է:

Գևորգ Հակոբյանը, սեփական փորձառությունից ելնելով, պարզորոշ պատկերացրել և  ուսերին է վերցրել պոլսահայ կրթական կյանքը փաստերով ու հազվագյուտ լուսանկարներով 18-րդ դարից մինչև մեր օրերը ներկայացնելու դժվարին աշխատանքը: Այն իրականացնելու համար Գևորգ Հակոբյանը հաղթահարել է անհաղթահարելի թվացող բազում արգելքներ ու խոչընդոտներ. Ստամբուլում ապրած տարիներին ձեռնամուխ է եղել թուրքական արխիվների ուսումնասիրությանը, այնուհետև տեղափոխվելով ԱՄՆ մշտական բնակության՝ այնտեղ շարունակել է ուսումնասիրել Թուրքիայի վարչապետարանի Օսմանյան և Հանրապետական արխիվները: Ավելին՝ արդեն ունի Օսմանյան արխիվներից հավաքված 1000-ից ավելի անտիպ նյութեր՝ Հայոց տեղահանության, հայ որբերի, բռնի կրոնափոխ հայերի, բռնագրավված ազգային և անհատական կալվածքների և այլնի մասին: Ազատ և դեմոկրատական երկիրը՝ ԱՄՆ-ն, նրան հարմարավետ, անվտանգ և ապահով պայմաններ է ընձեռել մտքերն ու փաստերը ամբողջացնելու, գրքի վերածելու համար:

Հեղինակը մուտքի խոսքը սկսում է՝ նախ վկայակոչելով գիրքը ստեղծելու ազդակները և սեփական փորձառությունը: Խոսելով գործը նախաձեռնելու պատճառների մասին՝ նշում է, որ 1973թ. եղել է Գումգաբուի Դրսի Պողոսյան-Վառվառյան վարժարանի հիմնադիրը և ներսից է ծանոթ թուրքական վարչարարության արդյունքում մշտապես երկրորդված հայ կրթական հաստատությունների շահերին: Հասկացել է, որ պետք է հետադարձ հայացք ձգի դեպի անցյալ և զինվի փաստերով՝ պատկերացնելու, թե որտեղից, ինչ ժամանակներից են գալիս հայ հոգևոր, կրթական և մշակութային կյանքի հանդեպ հալածանքները, ինչպիսի ընդգրկում ունեն դրանք և շեշտում է՝ միայն սնվելով անցյալից կարելի է հասկանալ թուրքական կառավարության իրական նպատակներն ու դրանց հասնելուն ուղղված քայլերը:

Ներկայացնելով պաշտոնը զբաղեցրած ժամանակաշրջանում իրեն հանդիպած դժվարությունները, թուրքական իշխանությունների կամայական մոտեցումները ազգային փոքրամասնությունների և առանձնապես հայերի կրթական և հոգևոր կյանքի հանդեպ՝ Գևորգ Հակոբյանը նշում է. «Երբ այս բոլոր տուեալները հաւաքեցի, տեսայ անցեալի փառքի օրերու հարստութիւնը, միւս կողմէ՝ դժուարութիւնն ու անկարելիութիւնները, օրուան պատրիարքարանէն սկսեալ: Տեսայ նաև կրթասէր ու ազգասէր վեհոգի անձնաւորութիւններու սփռած լոյսը: Լոյս մը, որ կը լուսաւորէր նաև գաւառի հայութիւնը: Մանաւանդ տեսայ որ միմիայն Պոլսոյ մէջ հաստատուած էին մօտաւորապէս 170 հայ վարժարաններ, ուր մշակուած էր մասնաւորաբար հայ լեզուն՝ արևմտահայերէնը»:

Գևորգ Հակոբյանի գրքի նախաբանը պոլսահայ լրատվական և գրական մտքի մեծ երախտավոր, արևմտահայերենի պահապան, իր իսկ խոսքերով ասած՝ մեր մեծասքանչի նվիրյալ Ռոպէր Հատտէճեանինն է: Պատահական չեն Հատտէճեանի տողերը. «Կրթական մեր հաստատութիւնները այսօր ալ մեր մտահոգութիւններուն  կիզակէտը կը կազմեն ու մենք շարունակ կը նայինք դէպի ապագայ, շուտով մոռնալով անցեալը, մոռնալով նաև որ մենք յաճախ պետք է նայինք դէպի անցեալ, որպէսզի մեր կրթական կեանքի պատմութեան մէջէն տեսնենք ու յիշենք այն պայծառ ու երախտաշատ դէմքերը, որոնք իրենց ծառայացուցին մեր սերունդները Հայ կրթութեան առողջ մթնոլորտով խանդաւառելու նպատակին»: Սիրելի խմբագրապետը շնորհակալություն է հայտնում Գևորգ Հակոբյանին, որ վերջինս իր ուժերն ու ժամանակը նվիրել է՝ պոլսահայ կրթական կյանքի տարեգրությունը կազմելու, հայ «կրթասեր և ազգասեր լուսահոգի անհատների» կյանքը արխիվներից հանելու, դարերի փոշին թափ տալով՝ նոր կյանքի վերադարձնելու գործին:

Իր հերթին Գևորգ Հակոբյանն էլ իր շնորհակալությունն է հայտնում գրքի հրատարակության գործում աջակից անձնանց, որորցից առաջինը նշում է սիրելի քրոջ, բոլորիս ծանոթ Մաքրուհի Պ.Հակոբյանի անունը: Պոլսահայ կրթական և մշակութային արժեքավոր գործիչների ու խմբերի քանի-քանի անուն է մեզ ճանաչելի դարձրել սիրելի Օրիորդ Մաքրուհին: Գևորգին նույնպես նա է ոգևորել, պնդել ու հետևողականորեն հասել նրան, որ եղբայրը հասցնի տպագրության այն ստվարածավալ աշխատությունը, որը հիմա ունենք:

Պոլսահայ միտքը՝ ի դեմս Գևորգ Հակոբյանի, հերթական անգամ ճառագում է՝ Հայաստանի և աշխարհասփյուռ հայությանը հուշելով, իրազեկելով, թե պոլսահայ համայնքը ինչպիսի ներդրում ունի հայ կրթական և մշակութային մտքի և արևմտահայերենի պահպանման և կանոնարկման գործում:

Այս գիրքը գալիս է հավաստիացնելու, որ այն, ինչ հետևողականորեն, դիվանագիտորեն, իրենց բնորոշ խաբեություններով և վարչական լծակներ կիրառելով դարեր շարունակ ցանկացել են մոռացության մատնել թուրքական իշխանությունները, չի ստացվում: Ի հակակշիռ թուրքական հզոր քարոզչամեքենայի և պատմական կեղծարարության՝ այսօր փաստում ենք ևս մեկ հիմնարար աշխատության, պատմագրության կամ վավերագրության մասին, ինչպես կուզեք՝ անվանեք: Այդ աշխատությունն է Գևորգ Հակոբյանի «Պատմութիւն իսթամպուլահայ ուսումնական կեանքի և կրթական հաստատութիւններու» գիրքը:

Լիլիթ Դամիրյան

Scroll Up