«Գիտական կյանքում «Հանգիտագիրքն» իր ուրույն տեղը կզբաղեցնի».Գասպար Ամիրխանյան
Սեպտեմբերի 7-ին, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Մաշտոցի անվան Մատենադարանի և Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության համագործակցությամբ Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու (18-րդ դար) «Հանգիտագրքի» շնորհանդեսը, որի մանրամասների շուրջ «Հայերն այսօր»-ը զրուցել է Թեհրանի Փերիո կրթասիրաց միության վարչության նախագահ Գասպար Ամիրխանյանի հետ:
-Պարո՛ն Ամիրխանյան, ի՞նչ առաքելությամբ եք Հայաստանում:
-2014 թվականին, երբ ՀՀ սփյուռքի նախարարության, Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի, Թեհրանի Փերիո կրթասիրաց միության նախաձեռնությամբ Երևանում անցկացվելու էին Իրանի Փերիո գավառի հայության օրերը, նյութեր փնտրելիս` Նոր Ջուղայի պատմության մեջ հանդիպեցի Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու անվանը:
Պատահաբար այդ օրերին Լևոն Մինասյանի գրչին պատկանող՝ «Ստեփանոս Երեց և իր պատմագիրքը» գրքույկը ձեռքս ընկավ, որտեղ նշվում էր՝ անվանի բանահավաքներ, մտավորականներ Հակոբ Իրազեկը (Հակոբ Տեր-Հակոբյան), Արամ Երեմյանը հոդվածներ են գրել Ստեփանոս Երեցի այդ ձեռագիր մատյանի մասին:
Երևան գալով՝ Ազգային գրադարանից գտանք պարբերաթերթեր, հոդվածներ և ծանոթանալով երկու բանահավաքների տեսակետներին՝ վճռեցինք ամեն գնով տպագրել այս ձեռագիր մատյանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրեցինք մտահղացումը, և նա անմիջապես առաջարկեց լսել պ. գ. դ., իրանագետ Վահան Բայբուրդյանի կարծիքը: Վերջինս խորհուրդ տվեց տպագրել ձեռագիրը:
–Ի՞նչ խմբագրակազմով եք աշխատել պատկերագրքի հրատարակման համար:
-Նախ ասեմ, որ այս ձեռագրից երկու օրինակ է պահպանվում. «Հանգիտագիրքը» մեզ է հասել երկու ձեռագրով: Բնագիրը Նոր Ջուղայի ձեռագրատանը պահվող թիվ 654 մատյանն է: Երկրորդ մատյանը պահվում է Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում, որը 1945-1946 թվականներին Ջուղայի ձեռագրից ամբողջությամբ ընդօրինակել է իրանահայ բանասեր Լևոն Մինասյանը (ՄՄ, ձեռ. 10555): Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու Պատմության ժամանակագրական սահմաններն ընդգրկում են 1665-1789 թվականները, այսինքն՝ Իրանում Սեֆյան հարստության Շահ Աբբաս Երկրորդի կառավարման վերջից մինչև Մուհամմադ խանի և Լութֆալի խանի ժամանակները: Նվիրված լինելով 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարի պատմությանը՝ գիրքն ընդգրկում է տվյալների ավելի լայն շրջանակ. Ստեփանոս Երեցի պատմությունը կարևորագույն տեղեկություններ է պարունակում նաև հարևան երկրների՝ Աֆղանստանի, Հարավային Կովկասի երկրների, հատկապես` Վրաստանի պատմության վերաբերյալ:
Բնագիրը պատրաստել և աշխարհաբարի են փոխադրել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Թամարա Մինասյանը և Լուսինե Թումանյանը: Առաջաբանը գրել է պ. գ. դ., իրանագետ Վահան Բայբուրդյանը, իսկ ծանոթագրությունները՝ Վահան Բայբուրդյանը և Մատենադարանի ավագ գիտաշխատող, իրանագետ Հասմիկ Կիրակոսյանը: Գիրքը հրատարակվել է Թեհրանի «Ալիք» տպարանում՝ Փերիո Կրթասիրաց միության վարչության նախաձեռնությամբ, իսկ մնացած աշխատանքներն իրականացվել են Երևանում:
Պատկերագրքի շնորհանդեսը Թեհրանում կայացել է հուլիսի 19-ին, իսկ սեպտեմբերի 7-ին, Երևանում՝ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Մաշտոցի անվան Մատենադարանի և Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության համագործակցությամբ : Ի դեպ, շնորհանդեսի ժամանակ Փերիո կրթասիրաց միությունն արժանացավ ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալին, որի համար անչափ շնորհակալ ենք:
-Ձեր կարծիքով, հայ պատմագրության մեջ այն ի՞նչ տեղ է զբաղեցնելու:
-Մենք չէ, որ մեր կատարած աշխատանքին պետք է գնահատական տանք: Սակայն, կարծում եմ, գիտական կյանքում այն իր ուրույն տեղը կզբաղեցնի: Մինչև այժմ, ում ներկայացրել ենք պատկերագիրքը, թե՛ իրանահայ պատմության, թե՛ ազգագրական բանահյուսության տեսանկյունից բարձրարժեք են համարել:
Իրանահայ մասնագետների դիտարկմամբ՝ պատկերագրքում Ստեփանոս Երեցի մասին այնպիսի տեղեկություններ են հաղորդվում, որոնց ուրիշ ոչ մի աղբյուրներում չենք հանդիպի: Կարծում եմ՝ մոռացությունից փրկել ենք մի մեծ հայի, մի պատմագրի աշխատանքը: Պատկերագրքի հրատարակումը մեր կատարած ամենախոշոր աշխատանքներից է , որը հավերժ կմնա պատմության մեջ:
Որոշել ենք նաև հաջորդ տարի Թեհրանում հրատարակել Ստեփանոս Երեցի պարսկերեն հրատարակությունները:
Ուզում եմ տեղեկացնել նաև, որ Ստեփանոս Երեցի գերեզմանը գտնվում է Իրանի Սպահանի շրջանի Փերիո հայաբնակ գավառի Հազարջրիբ գյուղում:
Օգոստոսի 18-ին վերանորոգեցինք նրա շիրմաքարը, օրհնության կարգ կատարեց Սպահանի Հայոց թեմի Թեմակալ առաջնորդ Սիփան Ծ. վրդ. Քէչէճեանը, բավականին շատ հայեր էին հավաքվել: Այսուհետև ծրագրել ենք յուրաքանչյուր Խաղողօրնեքի արարողությանը Ստեփանոս Երեցի շիրիմին այցելել՝ գլուխ խոնարհելու նրա հիշատակին:
Գևորգ Չիչյան