Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շեմին. Ներսես Ներսեսյան

ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից ձևավորված Հայաստան-Սփյուռք համաժողովի խորագրի «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» բառերը ազգային  հրատապ հարցերին բազմաթիվ լուծումներ խոստացող, շոշափելի աշխատանքներ իրականացնող կանչ է հանդիսանում ողջ աշխարհի հայության համար:

Այս երեք բառերի միասնական խորհուրդը մեծացնում է աշխատանքի լծվելու մեր մարմաջը:

Անկասկած է, որ Սփյուռքի բոլոր տարածքներում ապրող ողջ հայությունը ինքնավստահորեն պիտի ընդունի այս կարգախոսը՝ որպես արարչական հրահանգ կամ սկիզբ ազդարարող մեր անհետաձգելի ազգային հաջողությունների մեկնարկ:

Հայրենիքի, Արցախի և Սփյուռքի ողջ հայությունը քաջ գիտակցում են մեր արդար իրավունքների մասին: Յուրաքանչյուրս խորաթափանցորեն գիտակցում ենք մեզանից զավթված կալվածների մասին:

Վստահ ենք, որ Հայրենիքի և հայ ազգի առաջ ծառացած խնդիրները կարող են լուծվել միմիայն մեր կողմից կատարված զոհողություններով: Սույն հարցը կիրականացվի միայն միասնականություն պահանջող ոգով: Եվ բոլորս մեր մասնակցությունը պիտի բերենք Հայրենիք-Սփյուռք 6րդ համաժողովին միմիայն՝ «Միասնականության խորհուրդ» պատգամով:

Մինչև օրս հիանում ենք մեր Հայրենիքով, գովերգում ենք հայրենիքի բնությունը, հետապնդում, որ բարելավվի Հայաստանի քաղաքացիների կյանքի մակարդակը, մեղադրում ենք արտագաղթի ուղին բռնող և Հայաստանը լքող հայերին: Ո՞վ պիտի կարողանա զսպել այս խոժոր և հայ ժողովրդի ճակատագիրը խաթարող վիճակները, եթե ոչ՝ 6-րդ Համաժողովը:

Սեպտեմբերի 18-20-ը երկարող Համաժողովին Սփյուռքից իրենց ուրույն մասնակցությունը բերելու ձգտումով արձագանքել են ավելի քան 1500 ազգանվեր մասնակիցներ: Հուսով ենք, որ բոլորի մասնակցությունը պիտի տա իր շոշափելի արդյունքը:

Թող որ «Փոխադարձ վստահություն» հասկացողությունը խրախուսի բոլորիս ՝աշխատանքի կենտրոններ ստեղծելու Հայրենիքում: Թող որ մեր իշխանությունը լիակատար ապահովություն ընծայի սփյուռքահայ ներդրում կատարող գործարարներին:

Թող որ Հայրենիքի բուհերի շրջանավարտները ծառայեն մեզ:

Թող որ մենք արտադրենք նորագույն տեխնիկային վերաբերող արդյունաբերական գործիքներ և իրեր:

Թող որ մեր տարածաշրջանի բոլոր երկրները նախանձելի աշխարհայացք ունենան մեր հանդեպ:

Թող որ կրկին հավաքենք մենք մեզ:

Թող որ առաջիկա ներգաղթն անվանենք «Անկախությունից հետո առաջին ներգաղթ»:

Վստահ ենք, որ Համաժողովը պիտի տա իր բերկրալի արդյունքը, և մենք պիտի վերադառնանք մեր աշխատանքային վայրերը հագեցած ծրագրերով՝ պայքարելու ի նպաստ Հայրենիքի անսասանության սրբազան նպատակին:

Ներսես Ներսեսյան

Հորդանան, Ամման

Scroll Up