Պարգևատրում Սփյուռքի նախարարությունում

Սեպտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեց Ռամկավար ազատական կուսակցության կրկնակի և Հայկական բարեգործական ընդհանուր միության եռակի վետերան անդամ, Սիրիայի Հալեպ քաղաքի շրջանային վարչության անդամ Երվանդ Դեմիրճյանը:

Հանդիպմանը ներկա էին Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ՌԱԿ պատվիրակության անդամներ՝ Կենտրոնական վարչության փոխատենապետ Լևոն Պլխյանը, «Ռուբեն Հերյան» ակումբի նախկին ատենապետ Տիգրան Չալյանը, «Էոժեն Փափազյան» ակումբի վարչության անդամ Անի Չալյանը, Հալեպի շրջանային վարչության փոխատենապետ Կարապետ Շուշանյանը, «Ռուբեն Հերյան» ակումբի անդամ, «Միրաք» պարախմբի պատասխանատու Ջորջ Դեմիրճյանը, Կենտրոնական վարչության անդամ Ալեքսան Կարադանայանը, Հալեպի շրջանային վարչության անդամներ Թոնի Բակկալյանը և Ենովք Աճոյանը:

Ներկաներին փոխանցելով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը՝ Սերժ Սրապիոնյանը բարձր գնահատեց Երվանդ Դեմիրճյանի երկարամյա գործունեությունը: «Անգնահատելի է Ձեր մշակութային և կուսակցական բեղուն, նվիրական աշխատանքը, Ձեր ներդրումը Հալեպի հայ համայնքի կյանքում: Դուք դեռևս 1965 թվականին դարձել եք Հալեպի Թեքեյան մշակութային միության անդամ` լինելով հիմնադիր վարչության ներկայացուցիչներից մեկը: Չեմ կարող չհիշատակել նաև այն փաստը, որ ՀԲԸՄ 60 տարվա անդամության տարիների ծավալած գործունեության համար դեռևս վերջերս պարգևատրվել եք եռակի վետերանության մեդալով: Վերջին 6 տարիներին ընթացող սիրիական պատերազմի այս դժվար օրերին Հալեպի գաղութում շարունակել եք Ձեր նվիրյալ կուսակցականի առաքելութունը` հույս և կորով ներշնչելով պատերազմի բովով անցնող մեր հայրենակիցներին»,-դիմելով Երվանդ Դեմիրճյանին՝ նշեց Սերժ Սրապիոնյանը:

Այնուհետև նախարարի տեղակալը հայապահպանության  գործում առանձնահատուկ  ծառայությունների, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի  միջև գործուն կապերն ամրապնդելու, հայ համայնքների գիտական, կրթական և  մշակութային խնդիրների լուծման, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության   զարգացման շրջանակներում մեծ ավանդի համար Երվանդ Դեմիրճյանին պարգևատրեց ՀՀ սփյուքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

Scroll Up