«Ես բիթիասցո եմ, Բիթիուս ծնվուս, Բիթիուս ապրուս…». Հովհաննես Բալաբանյան

Հաղթական մուսալեռցիներից քչերն են այսօր ապրում. այդ նշխարներից մեկը՝ 106 տարեկան Հովհաննես Բալաբանյանն, ապրում է Էջմիածնում: Մեր աշխատանքային խումբը, Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Կարագաշյանի գլխավորությամբ, եղավ Էջմիածնում, ուր մեզ դիմավորեցին  Հովհաննես Բալաբանյանի աղջիկն ու փեսան. Հովհաննես պապիկը մեզ սպասում էր կամարաձև շինության ներսում: Աղջիկը՝ Բեատրիսն ասաց, որ, իմանալով մեր այցելության լուրը, պապիկը վաղ առավոտից պատրաստվել էր, նստել  իր սիրած անկյունում և անհանգստացած կրկնել՝ ե՞րբ կգան…Չգիտեմ՝ ինչպես, ինչ բառերով նկարագրել այն ուրախությունն ու հուզմունքը, որը պատել էր ժողովրդիս մի պատառ նշխար, դարից ավել ապրած ծերունուն, ով, ի դեպ, գրեթե կնճիռներ չուներ  մանկական դիմագծերով, սպիտակ ու վարդագույն մաշկով գեղեցիկ, ազնվափայլ դեմքին…Ծայր առավ մի երկար ու հաճելի զրույց. առանց մի փոքրիկ դրվագ անգամ շրջանցելու՝ Հովհաննես Բալաբանյանը պատմեց իր կյանքի ողջ պատմությունը՝ հայի պատմությունը, քաջ մուսալեռցիների պատմությունը:

«Ես ծնվել եմ Բիթիասում՝ մի հրաշք վայրում. ծովից ամենահեռուն էր այն, մեր գյուղից հետո գալիս էին մյուս գյուղերը՝ Ադիասը, Յողընոլուքը, Խդըրբայը, Մակֆը, Քաբուսեկը: Ի՜նչ սառնորակ աղբյուրներ կային մեր գյուղում, ի՜նչ համեղ մրգեր…Ես 1939 թվականին 29-ը տարեկան էի, երբ ելանք Մուսալեռից: 1919 թվականին, երբ  պատերազմը վերջացավ, հայ կամավորներին տարան Ադանա, հայրս էլ էր կամավոր. Ադանայից հետո կամավորները ոտքի ելան և ասացին, որ եթե մինչև  մայիսի 1-ն իրենց  չազատեն, իրենք կփախչեն բանակից: Պատերազմից հետո մի սրբազան է եկել, ելույթ ունեցել տղաների մոտ և ասել, որ՝ մենք պարտեզ ենք սարքել, ծառ ենք տնկել, պտուղը հասունացրել, պիտի վայելենք…Կամավորներն ասել են, որ իրենք 4 տարի ծառայել են բանակում, թող իրենցից հետո եկողները վայելեն այդ պտուղները և պնդել են, որ մինչև մայիսի 1-ը պետք է իրենց ազատեն բանակից, հակառակ դեպքում՝  կլքեն բանակը: Այնուհետև սկսել են գրել, պատրաստել հայ կամավորների փաստաթղթերը: Կամավորներն իրենց զինվորական հագուստներով դուրս են գալիս, ուղղվում դեպի  Մուսալեռ և հասնում մեր Բիթիաս գյուղը: 1919 թվին հայտարարում ե են, որ պատերազմը վերջացել է, և աքսորյալներն էլ կարող են վերադառնալ իրենց բնակավայրերը: Հորական ու մորական պապերս նույնպես աքսորված են եղել թուրքերի կողմից. նրանց տարել էին Համա քաղաք, որտեղ 4 տարի մնալուց հետո վերադարձել են: Հայրս վերադարձել է բանակից, մայրս էլ ՝աքսորավայրից: ֆրանսիացիները Պորտ Սայիդում եղածներին առաջարկել են ապրել Ֆրանսիայում, ասել են, որ  Մուսալեռ անունով մի բնակավայր կսարքեն, և մուսալեռցիներին կտան, սակայն մուսալեռցիները չեն համաձայնել՝ ասելով, որ իրենք ցանկանում են իրենց հողին ու տներին տեր կանգնել: 1919 թվից մինչև 1939 թիվը ապրել են այնտեղ: 1938-ին  թուրքական զորքերը մտնում են Անտիոք քաղաք. ասում էին, որ Սանջախը՝ Սիրիային կից այդ նահանգն էլ պետք է վերցնեն: Թուրքերը վերցրեցին նաև Սանջախը: Մինչև 1935 թվականը Հալեպից միշտ գալիս էին մեր գյուղում օդափոխվելու, սակայն 35-ից հետո այլևս չեկան, որովհետև թուրքերը մաքս էին դրել և մուտքի ու ելքի վիզա էին պարտադրում: Մեր դպրոցներին թուրքական ալֆաբեթ բերին  բաժանեցին, բայց դասատուներ չկային. ուզեցին մեր գյուղ վարժապետներ բերել, բայց թուրքական գրքերը կարդացող էլ չկար…1939 թ. Վարդավառին հեռացանք Մուսալեռից, սահմանն անցանք: Թուրքիայի նավը՝ Թուրքիայի դրոշը գլխին, 7 անգամ  մեզ բերեց-տարավ, մեր իրերը տարան նավով: Մենք անասուններ ունեինք, ուստի ոտքով գնացինք, հասանք Քեսաբ: Մոտակայքի մի ուրիշ գյուղում հորեղբոր տղաներ ունեինք, այդ գյուղում կանգ առանք, գիշերը մնացինք մեր բարեկամի տանը: Երկու ամիս մնացինք, որից հետո նույն նավը, որով մեր իրերը Թուրքիայից Սիրիա անցկացրեց, եկավ և մեզ ասացին, որ ովքեր պատրաստ են, լցվեն նավը. գյուղ-գյուղ առանձին–առանձին այդ նավը 6 անգամ հայերին տեղափոխեց սկզբում Տրիպոլի քաղաք, մի քիչ հանգստացանք, նստեցինք գնացք, մի գիշեր հետո հասանք Բեքքայի հովիտ, որտեղից մեքենաներով մեզ տարան հասցրեցին Անճար: Նստեցինք, բոլոր գյուղացիները հավաքվեցին և ասացին, որ մեր ապրած վրանների կողքերի բոլոր քարերը հավաքենք, աղանք: Գլխավոր հատակագիծը գծող ճարտարապետը գյուղերի արանքում գտնվող տարածքը որոշել էր ծաղկացնել, այդպես էլ եղավ. կառուցեցին, շենացրին Անճարը, այն դարձավ մի ծառաստան ու ծաղկաստան, ջուր ունեցավ: Այդպես ապրեցինք մինչև 1945 թվականը: Այդ ժամանակ տեղեկացրին, որ ցանկացողները կարող են տեղափոխվել Հայաստան. մեր ընտանիքն էլ հերթագրվեց: 1946-ին եկավ «Ռոսիա» նավը, մի քաղաքի չափ մարդ կար նավում՝ տարբեր երկրներից: Միջերկրական ծովով հասանք Դարդանել, հետո՝ Մարմարայի ծով, որից հետո՝ Բոսֆորի նեղուց, մտանք Սև ծով, օրը մթնեց…Հասանք Բաթում, ուր մնացինք 12 օր, այնուհետև մեզ ուղարկեցին Էջմիածին, մի մասին՝ Երևան. 15 ընտանիք մուսալեռցիներ տեղավորվեցին Էջմիածնում:

…Հարցնում եք Մուսալեռան հերոսամարտի մասին. ես փոքրիկ եմ եղել, աղոտ եմ հիշում… Թուրքական բանակից փախած կամավոր մեր տղաները գալիս են  իրենց գյուղեր և առաջարկում դիմադրել, չհանձնվել: Մուսալեռցիները որոշում են՝ մահ կամ ազատություն…Կազմակերպում են դիմադրություն՝ որոշելով սարը բարձրանալ և ժողովրդին սկսում են բարձրացնել Մուսալեռ: Մեր գյուղում երկու ջրաղաց կար. ով ցորեն ուներ, սար են հասցնում, ուտելիքի ահագին պաշար են տանում, զենք-զինամթերք, անասուններ, և պատսպարվում լեռան վրա: 40 օր քաջ մուսալեռցիները դիմադրում են, որից հետո ֆրանսիական նավն է գալիս, մերոնք գրած են լինում՝ հայերը վտանգի մեջ են…Քարքարոտ տեղ է լինում, նավի անձնակազմը դժվարանում է մոտենալ ծովի ափերին, մի քանի տղաներ նետվում են ծովը և լողալով հասնում նավին: Ֆրանսիացիները օգնում են հայերին, բոլորը փրկվում են:

…Բիթիասը դրախտ է եղել՝ ջրերը առատ, պտուղները՝ համեղ, օդը՝ լավ. մեր գյուղում հարիսա էինք եփում՝ ինչպես հիմա Էջմիածնում: Շատերն ասում էին, որ Բիթիասը իսկական Եվրոպա է…Երա՜զ է Բիթիասը…Երկար տարիներ ապրեցի Էջմիածնում, բայց իմ շատ վաղ մանկական աղոտ հիշողություններում մնացել է Բիթիաս-հրաշքը: Մեր ընտանիքը պահպանել է մուսալեռցիների բոլոր ավանդույթները, ճաշատեսակները, մեր հարսները բոլորն էլ մուսալեռցիներ են, խոսում ենք մեր բարբառով…ես բիթիասցո եմ, Բիթիուս ծնվուս, Բիթիուս ապրուս…Երգե՞մ Մուսալեռան մասին երգը` «Այգում, այգում՝ իմ խցկի մոտ, լուսաժպիտ՝ մինչ առավոտ, երգե՛ բլբուլ զիմ Մուսալեռ, Մուսալե՜ռ» (երգում է զարմանալի զուլալ ձայնով, կարոտով, հպարտությամբ, որից հետո  շարունակում է մեզ զարմացնել մյուս  «Հալա-հալա Նինո է» երգի կատարմամբ):

 Հովհաննես պապիկին ձայնակցում են բոլորը. նրա ուրախությունը կրկնապատկվում է, երբ մուսալեռցու ժառանգ Վահագն Կարագաշյանը նրա հետ խոսում է մուսալեռան բարբառով, հետո զրույցի ընթացքում նաև պարզվում է, որ Կարագաշյանը ճանաչում է Ամերիկայում ապրող Բալաբանյանի եղբոր՝ Եղիայի զավակներին…Կարոտի մի փոքրիկ, քաղցր պատառիկ Հովհաննես Բալաբանյանի դեմքին աննկարագրելի ժպիտ ու լույս է սփռում, որով էլ լցվում է մեր ստեղծագործական խմբի աշխատանքային առօրյան, և մենք հրաժեշտ ենք տալիս  Սուրբ Էջմիածնին ու  դարից ավել ապրած Հովհաննես պապիկին:

Կարինե Ավագյան

Scroll Up