«Հայրենիքի արևն ավելի լավ է ջերմացնում. «Արի տուն» ծրագրի մասնակից
Հայուհուն հատուկ գեղեցկությամբ ու համեստությամբ աչքի ընկնող Ջուլիետա Ստեփանյանը «Արի տուն-2017» ծրագրի 8-րդ փուլի ամենաակտիվ ու կենսախինդ մասնակիցներից է: Եկել է Լատվիայի Ռիգա քաղաքից: Թեև հաճախ է լինում Հայաստանում, բայց ծրագրին մասնակցում է մեծ ոգևորությամբ:
«Արի տուն» ծրագրի մասին իմացել եմ ընկերուհուցս, ով երկու տարի առաջ էր մասնակցել ծրագրին, ես էլ ընկերուհուս`Աննային խորհուրդ տվեցի մասնակցել, և մենք միասին եկանք Հայաստան: Ինձ համար շատ հետաքրքիր է լինել հայրենիքում, այստեղ ձեռք եմ բերել նոր ընկերներ»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Ջուլիետան և հավելեց, որ թեև հայկական դպրոց չի հաճախել, հայերեն գրել, կարդալ սովորել է ինքնուրույն, որովհետև ընտանիքում շատ բարձր է դրված հայապահպանության խնդիրը: Տանը խոսում են միայն հայերեն, ինչի համար շնորհակալ է ծնողներին:
«Այստեղ մարդիկ շատ ջերմ են, նույնիսկ անծանոթ մարդկանց մեջ հարազատություն ու ջերմություն եմ զգում, ինչը չեմ կարող ասել իմ ծննդավայրի մասին: Այստեղ կարծես արևն էլ այլ կերպ է ջերմացնում: Տեսարժան վայրերից շատ հավանեցի Խոր Վիրապը, Գառնիի տաճարը, Նորավանքը: Վստահաբար կարող եմ ասել, որ սա իմ կյանքի լավագույն արձակուրդն էր, ինչի համար անչափ շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը»,-նշեց Ջուլիետան:
Ռուզաննա Ալեքսանյան