Հայկական երգը թևածեց Հարավային Ամերիկայում

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ երգեցողության և ժողովրդական նվագարանների ամբիոնի պրոֆեսոր, երգիչ-երգահան Սամվել Գալստյանը Ուրուգվայի հայկական «Արաքս» ռադիոկայանի հրավերով օգոստոսի 1-ից 14-ը համերգային շրջագայություններ է ունեցել Ուրուգվայում և Արգենտինայում: Համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում՝ արժանանալով հանդիսատեսների բուռն ծափողջույններին:
Մոնտեվիդեոյում տեղի ունեցած առաջին համերգը նվիրված է եղել Ուրուգվայի հայկական «Արաքս» ռադիոկայանի գործունեության 10-ամյակին, երկրորդ համերգը կայացել է Բուենոս Այրեսում:
«Համերգները շատ լավ անցան, հիանալի տպավորություններով եմ վերադարձել, զարմանքս ու հպարտությունս մեծ էր, որ հեռավոր Հարավային Ամերիկայում ապրող հայերն այդքան ամուր են կառչած իրենց արմատներից ու հետաքրքրված են ժողովրդական երգարվեստով: Նրանք ոչ միայն իրենց հոգում կրում են հայկական մշակույթն, այլև պահպանում են այն ու տարածում»,-«Հայերն այսօր»-ի հետ ունեցած զրույցում ասաց Սամվել Գալստյանը՝ հավելելով, որ երկու համայնքներն էլ համախմբված են և մշակութային ակտիվ կյանքով են ապրում, քանի որ այդ ամենի համար բոլոր նախադրյալներն այնտեղ առկա են՝ գործում են պարախմբեր, երգչախմբեր, նվագախմբեր: Քիչ չէ այն հայորդիների թիվը, ովքեր ակտիվ գործունեություն են ծավալում համայնքի մշակութային կյանքում:
Մեր զրուցակիցը ընդգծեց, որ թե՛ Ուրուգվայում, թե՛ Բուենոս Այրեսում ապրող հայերը մշտապես կապված են Հայրենիքի հետ, տեղեկացված են հայաստանյան բոլոր իրադարձություններից և ցանկանում են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում:
Համերգներից բացի՝ Սամվել Գալստյանը հանդիպումներ է ունեցել համայնքային ներկայացուցիչների հետ, այցելել համահայկական կառույցներ, հարցազրույցներ տվել ռադիոկայաններին:
Սամվել Գալստյանը նշեց, որ Հարավային Ամերիկայում գտնվելու ընթացքում, զրուցելով մեր հայրենակիցների հետ, իր համար պարզ է դարձել, թե նրանք որքան շատ են կարևորում ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը, հատկապես՝ կրթօջախներին դասագրքերով ապահովելու հանգամանքը:
«Մենք, որպես մշակույթին մոտ կանգնած մարդիկ, պարտավոր ենք՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում բարձր պահելու, զարգացնելու և տարածելու մեր մշակույթը, քանի որ այդ ամենի հրամայականն առավել, քան՝ երբևէ, անչափ կարևոր է»,-զրույցի ավարտին ասաց Սամվել Գալստյանը:
Գևորգ Չիչյան