«Հայաստանից իմ սրտում սե՛ր եմ տանում, մեր ժողովրդի հանդեպ ունեցած անսահման կարոտն ու Հայրենիքիս անմահական ջրի համը». Հակոբ Դունիայան

Հայ ժողովրդի պատմության հոլովույթում մշտապես կարևորվել են գիրն ու գրականությունը, դպրությունը, առհասարակ՝ արվեստն ու մշակույթը, և դրա՛նք են մեր գոյատևման հզոր կռվանները: Ամենածանր, օրհասական տարիներին անգամ հայ մտավորականը պահել ու պահպանել է իր մատյանները, դպրոցներն ու վարժարանները, շարունակել է արարել, տպագրել գրքեր ու թերթեր: Հայ մամուլն անքակտելի մասն է եղել մեր հոգևոր հարուստ ժառանգության. բազմաթիվ թերթեր, հանդեսներ, պարբերականներ են լույս ընծայել մեր նշանավոր գրողներն ու հրապարակախոսները, հասարակական-քաղաքական հայտնի գործիչները, բանաստեղծներն ու լրագրողները, արձակագիրները՝ Գաբրիել Այվազովսկին՝ «Բազմավեպ» հայագիտական, բանասիրական, գրական հանդեսի հիմնադիր- խմբագիր, Հարություն Սվաճյանը՝ «Մեղու» երգիծաթերթի խմբագիր, գրող, Հակոբ Պարոնյանը՝«Խիկար» երգիծաթերթի հիմնադիր-խմբագիր, հետագայում՝ նաև «Մեղու»-ի խմբագիր, Հարություն Սվաճյանը՝ «Մեղու» երգիծաթերթի հիմնադիր-խմբագիր…

Մեր օրերում շարունակվում է մամուլի նկատմամբ ունեցած այս մեծ սերը, նվիրումն ու հետաքրքրությունը: Որքան էլ նորարարական տեխնոլոգիաները զարգանան և մեծ տարածքներ նվաճեն, միևնույն է, տպագիր մամուլն անփոխարինելի և մնայուն արժեք է. այդ է վկայում նաև մեր օրերում Բեյրութում հրատարակվող «Ծաղիկ» գրական ազգային շաբաթաթերթը, որի հիմնադիր-խմբագիր Հակոբ Դունիայանի հետ հարցազրույց ունեցա «Հայերն այսօր»–ի համար: Ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը:

-Պարո՛ն Հակոբ, Ձեր հիմնադրած շքեղ ու բազմաբովանդակ «Ծաղիկ» շաբաթաթերթի անունն ինձ հիշեցրեց հայ մամուլի և տպագրության լավագույն ժամանակներն ու նշանավոր հայ խմբագրապետերին. ինչպե՞ս կարողացաք հասնել նման տպագրության, ո՞րն է հաջողության գաղտնիքը:

 -Նախ՝ շնորհակալ եմ, որ ինձ հարցազրույց տալու առիթ ընձեռվեց ՀՀ սփյուռքի նախարարության պարբերականին: «Ծաղիկ»-ը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի սկզբներին, առաջին համարը լույս է ընծայվել հունիսի 8-ին՝ Արշակ Չոպանյանի մահվան 50-րդ տարելիցի օրը. նպատակային ենք ընտրել և՛ այդ օրը, և՛ շաբաթաթերթի «Ծաղիկ» անվանումը՝ նկատի ունենալով, որ Արշակ Չոպանյանը  1894-95թթ. Պոլսում հիմնել է իր համանուն պարբերականը: Մեր շաբաթաթերթը սկզբում լույս էր ընծայվում 15 օրը մեկ՝ ոչ գունավոր, ոչ այնքան որակյալ: Հետագայում՝ 2010-ից, սկսեցինք գունավոր տպագրությունը, և այն դարձավ շաբաթաթերթ:

-Նման շքեղ հրատարակությունն ի՞նչ միջոցներով եք տպագրում, արդյոք հովանավորներ ունե՞ք…

-Այդ հարցն ինձ հաճախ են տալիս. հովանավորն իմ ժողովուրդն է, մեր ընթերցողները, ունենում ենք նաև նվիրատվություններ: Պաշտոնապես ո՛չ մի կուսակցություն, հոգևոր ո՛չ մի կառույց, ո՛չ մի կազմակերպություն մեզ չի հովանավորում: Մոտավորապես ունենք 800 բաժանորդ, որից գրեթե 600-ր՝ Բեյրութում, 200-ը՝ արտերկրում:

-Պարո՛ն Հակոբ, քանի՞ հոգուց է բաղկացած Ձեր թերթի խմբագրակազմը:

-Հիմնականում ե՛ս եմ աշխատում. հավաքում եմ ինձ ուղարկած նյութերը, խմբագրում եմ, սրբագրում, գրում եմ կարևորագույն իրադարձությունների մասին վերլուծական խմբագրականներ, նաև՝ գրական, մշակութային, միջազգային նյութեր է եմ տեղադրում, ինչպես նաև՝ թարգմանական նյութեր. օրը 17- ից 18 ժամ ես աշխատում եմ: Տարբեր երկրներից թղթակիցներ ունենք, Հայաստանից էլ են մեզ թղթակցում: Մենք ամեն անգամ անդրադառնում ենք մեծանուն հայերի հոբելյաններին և մեր ամսագրի շապիկի երեսը ձևավորում ենք  հե՛նց տվյալ անհատի լուսանկարով, իսկ էջերում ներկայացնում ենք հոդված՝ նրա կենսագրական և ստեղծագործական գործունեության մասին. օրինակ՝ աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին, հանճարեղ Չարենցի ծննդյան 120-ամյակին նվիրված, անցյալ տարի ներկայացրինք երկու մեծագույն երգիծաբաններին՝ Հակոբ Պարոնյանին Երվանդ Օտյանին: Մեր շաբաթաթերթում հիմնականում տեղ են գտնում Հայրենիքին առնչվող հետաքրքիր լուրերը, նորությունները: Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի անկախության օրվա առիթով, նախատեսում եմ մոտ 70 էջանոց տպագրություն ունենալ: Քաղաքական նյութերն ավելի շատ մեր ազգային խնդիրներին են առնչվում:

-Պարո՛ն Հակոբ, մասնագիտությամբ բանասե՞ր եք, լրագրո՞ղ …

-Ո՛չ, ես ավարտել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, սակայն իմ ամբողջ կյանքում զբաղվել եմ գրականությամբ:

-Պատահաբար չե՞ք ստեղծագործում՝ արձակ, բանաստեղծություններ…

-Ստեղծագործում եմ. բանաստեղծություններ եմ գրում, նաև պատմվածքներ ունեմ: Երկու հատոր բանաստեղծություններ ունեմ տպագրված, սակայն անտիպներն ավելի շատ են: Մինչև «Ծաղիկը»-ը հիմնելը՝ 90-ականներին ես «Զարթոնք» օրաթերթի մշակութային, գրական բաժնում եմ աշխատել, որտեղ ցանուցիր՝ նաև մեր գրական էջերը կան. կարող է ՝մի օր դրանք ամփոփեմ մի հատորի մեջ:

-Ձեր շաբաթաթերթի լեզուն միայն արևմտահայերենն է. ցանկություն չունե՞ք նյութերի մի մասը տպագրել որևէ օտար լեզվով՝ առավել մեծացնելու ընթերցողների ու բաժանորդների թիվն՝ ի դեմս օատարալեզու ընթերցողների:

-Սկզբում մեր արտոնագիրը տրված էր հայերեն և արաբերեն լեզուների համար. եթե արաբերեն էլ տպեինք, պետք է որոշակի գումար ավելացնեինք: Ես ցանկացա շարունակել հայերենով, որովհետև այնքան շատ են արաբալեզու թերթերը: Օտարալեզու բաժանորդներ ունենալու համա՛ր են շատերն անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով էջեր ունենում. եթե մեր շաբաթաթերթի ընթերցողը ցանկություն ունենա օտար լեզուներով կարդալու, կդիմի օտարալեզու թերթերի, որովհետև մենք այդ թերթերից ենք արտատապում:

-Պարո՛ն Դունիայան, մենք վաղ ժամանակներից ունեցել ենք հրաշալի խմբագիրներ. ո՞վ է Ձեզ համար լավագույն խմբագրապետի օրինակը:

-Ես սիրում եմ բոլոր խմբագիրների խմբագրած թերթերը՝ սկսած Երվանդ Օտյանի, Պարոնյանի, Թեքեյանի և այլոց խմբագրած թերթերից: Շատ եմ սիրել իմ ուսուցչի՝ սերունդների ուսուցիչ Վահե Վահյանի խմբագրած «Անի» հանդեսը, նաև Թեքեյանի երկրպագուն եմ. մեր նշանավոր խմբագիրների խմբագրած թերթերն ու հանդեսներն ինձ համար ուսանելի են եղել, սակայն ավելի մեծ ազդեցություն եմ կրել Վահե Վահյանից:

– ՀՀ սփյուռքի նախարարությունն, ըստ Ձեզ, ինչպիսի՞ դերակատարում ունի սփյուռքահայերի համար:

-ՀՀ սփյուռքի նախարարին հանդիպել եմ Բեյրութում և նրա կողմից պարգևատրվել եմ «Մայրենիի դեսպան» պատվավոր մեդալով, իսկ երկու տարի առաջ Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել եմ ոսկե մեդալով: Եթե Սփյուռքի հայերը հպարտանալու մի բան ունեն, դա Հայաստանն է: Սփյուռքի նախարարությունը լուսատու մի փարոս է, որը Սփյուռքի հեռավոր անկյուններից մոլորյալ հայորդիներին կապում է Հայրենիքին: Ես առաջին անգամ եմ «Հայերն այսօր»-ի խմբագրությունում, սակայն մշտապես հետևորդն եմ նրա բոլոր հրապարակումների, որոնց միջոցով դուք կարողանում եք լուսաբանել Սփյուռքի նշանավոր հայերի ծավալած ազգանպաստ, հայապահպան գործունեությունը և, առհասարակ, դրսում ապրող հայերին կապել Հայրենիքին:

-Իմ վերջին՝ ավանդական, տարիներ շարունակ բազմաթիվ սփյուռքահայերի տրվող հարցը՝ ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:

-Հայրենիք ասելով՝ ես հասկանում եմ ժողովուրդ, եկեղեցի և պատմություն. այս անքակտելի եռամիասնությունն է ինձ համար Հայրենիքը: Հայրենիքը մնայո՛ւն արժեք է:

– Ձեր սրտում, հոգում ի՞նչ եք տանում Հայաստանից:

-Սե՛ր եմ տանում, Հայաստանի քաղցր, անմահական ջրի, մեր ժողովրդի հանդեպ ունեցած անսահման կարոտն եմ տանում իմ սրտում: Ես հավատում եմ մեր Հայրենիքի վարդահեղեղ ապագային:

Ահա այս ՝ Հայաստանի վարդահեղեղ ապագայի ոգևորիչ տեսլականով էլ ավարտում եմ իմ հարցազրույցը Բեյրութի «Ծաղիկ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, բանաստեղծ, հրապարակագիր Հակոբ Դունիայանի հետ՝ «Գրական ղողանջներ, «Գրական գոհարներ», «Միջազգային գրական գոհարներ» «Բաբախումներ արևմտահայ գրականությունից» և բավականին հետաքրքիր այլ խորագրերով, հայ և համաշխարհային գրականության գոհարներով, մեծ մտածողների մտքերով, Հայրենիքի կարևոր իրադարձությունների մասին նյութերով, միջազգային նորություններով, թարգմանություններով, նշանավոր հայերի հոբելյաններն արտացոլող նյութերով, հայ դասականների չափածո և արձակ ստեղծագործություններով հագեցած «Ծաղիկ» շաբաթաթերթի բազմաբովանդակ գործունեությանը և նրա արհեստավարժ ու մեղվի պես ժրաջան խմբագրին, հայ մամուլի անխոնջ մշակին մաղթելով բազմաբեղուն գործունեություն:

 Կարինե Ավագյան

Scroll Up