«Եկեղեցին ոչ միայն աղոթատեղի է, այլև հայապահպանության յուրօրինակ հավաքատեղի».Տեր Հրաչ քահանա Սարգսյան

ԱՄՆ Արևելյան թեմի Քլիվլենդ քաղաքի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հրաչ քահանա Սարգսյանը «Հայերն այսօր»-ի հետ հարցազրույցի ընթացքում խոսել է Սփյուռքում Եկեղեցու ազգապահպանության անքակտելի դերի, իր հոգևոր ընթացքի և կարևոր այլ հարցերի շուրջ:

-Տե՛ր հայր, հե՞շտ է արդյոք համայնքին եկեղեցու շուրջ համախմբել և նրանց համար հոգևոր անսասան կյանք ապահովել:

-Սփյուռքում հոգևորականի առաքելությունը միայն հոգևոր կյանք ապահովելով չի ավարտվում:

Նախ հոգևոր հովիվը պետք է գիտակցի, որ եկեղեցին ոչ միայն աղոթատեղի է, այլև հայապահպանության յուրօրինակ հավաքատեղի: Հոգևորականն այդ ճկունությունը պետք է ցուցաբերի` առանց խտրականության նվիրվելով համայնքին, համախմբելով տեղի հայությանը` նրանց խանդավառելով մասնակցելու համայնքային միջոցառումներին, եկեղեցի գնալ, պատարագի մասնակցել:

Այդուհանդերձ պետք է ասեմ, որ ամերիկաբնակ մեր հայրենակիցները քրիստոնեական արժեքներին, եկեղեցական ծեսերին ու արարողություններին հաղորդ են:

Երբեք պատեհ առիթը  բաց չենք թողնում ժողովրդին եկեղեցուն մոտեցնելու համար: Մշակված ծրագրերով, կիրակնօրյա կրթական դասընթացների միջոցով նրանց հոգևոր գիտելիքներ ենք տալիս, աստվածաշնչագիտության կամ հոգևոր որևէ թեմայի շուրջ քննարկում ծավալում:

-Համայնքին հոգևոր սնունդ տալուց բացի, Սփյուռքում առաջնային հարց է նաև Մայրենիի պահպանման հարցը: Այս ուղղությամբ եկեղեցին ի՞նչ քայլեր է ձեռնարկում:

-Արդեն վեց տարի է, որ հոգևոր ծառայության եմ կոչված
ԱՄՆ Արևելյան թեմի Քլիվլենդ քաղաքի հայկական համայնքում: Նկատելով այնտեղ հայկական դպրոց բացելու անհրաժեշտությունը` ձեռնամուխ եղանք եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի բացմանը:

Բավականին շատ երեխաներ են գալիս սովորելու, հատկապես Հայաստանից նոր հաստատված ընտանիքների երեխաներ: Արևմտահայերեն ուսուցմանը զուգահեռ` սկսեցինք արևելահայերենով նույնպես դասավանդել, քանի որ համայնքում երեխաների ճնշող մեծամասնությունը արևելահայերեն էր խոսում: Ճիշտ է, համապատասխան դասագրքեր չունենալու պատճառով փոքր-ինչ դժվարության հանդիպեցինք, սակայն երեցկինը՝ Նաիրան, տարբեր դասագրքերից «ծաղկաքաղ» անելով՝ օգնեց դասընթացներն իրականացնելուն: Երեք դասարան է գործում` տարիքային տարբեր խմբերով: Դասավանդվում է հայերեն, hայ եկեղեցու պատմություն, հայոց պատմություն, մշակույթ, երգեցողություն:

Ուսուցումը նաև ամերիկյան ծրագրով ենք իրականացնում: Այս դրությամբ դպրոցում շուրջ 30 աշակերտ է սովորում:

-Կարծում եմ՝ այլ համայնքներում նույնպես հոգևոր ծառայության մեջ եք եղել: Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր համայնք է Ձեզ առավել հոգեհարազատ դարձել:

– Երևանի Հարավ Արևմտյան թաղամասի Սուրբ Երրորդություն, Սիսիանի Սուրբ Հովհաննես, Սփյուռքում Դետրոյթի Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Մինեսոտայի Սուրբ Սահակ եկեղեցիներում եմ հոգևոր ծառայության մեջ եղել, նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում եմ աշխատել:

Յուրաքանչյուր համայնք իր յուրօրինակ օրհնությունն ու, ինչու ո´չ, նաև փորձությունն ունի: Դետրոյթի համայնքում երրորդ, չորրորդ սերնդի անգլախոս հայեր են ապրում: Ցավոք, հայոց լեզվի իմացության ցածր մակարդակ ունեն, թեև գործում է «Ալեք Մանուկյան» վարժարանը, որտեղ նաև օտարազգի երեխաներն են հայերեն սովորում:

Տաս տարի առաջ ստեղծված Մինեսոտայի համայնքը փոքր է: Այնտեղ, բարեբախտաբար, հայկական կիրակնօրյա դպրոց գործում է՝ աշակերտների քիչ թվաքանակով: Իսկ Քլիվլենդի համայնքը, կարելի է ասել, առաջին մեծ համայնքն է:

Առհասարակ, որտեղ ծառայել եմ, փորձել եմ ամենուր հայկական միջավայր ստեղծել:

-Հոգևորականը Սփյուռքում ի՞նչ մարտահրավերների է հանդիպում:

-Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի համայնքներում հոգևոր անտարբերություն է նկատվում: Աշխարհայնացման գործընթացը շատ զորեղ է, և մարդիկ ԱՄՆ-ի պես երկրում առօրյա հոգսերի և վազքի մեջ գտնվելով՝ ինքնաբերաբար հոգևոր աշխարհից հեռանում են, տկարանում հավատքի մեջ: Դժվար է, բայց փորձում ենք հայ ընտանիքներին զերծ պահել այդ վտանգից:

Վստահ եմ, որ մեր երեխաների կապը Հայաստանի հետ տարբեր ազգանպաստ ծրագրերի միջոցով սերտացնելով՝ կարող ենք խուսափել այս վտանգից: Ինչպես օրինակ, ՀՀ սփյուռքի նախարարության   «Արի տուն» և եկեղեցու կողմից իրականացվող բազմապիսի ծրագրերն են:

 Եթե նրանց համար Հայաստան գալու առիթներ չստեղծենք, ուծացման կգնան և ինքնությունը կկորցնեն: Պետք է սեփական աչքով Հայաստանը տեսնեն, որ իրական ջերմություն զգան: Այս ամռանը համայնքից երիտասարդներ էին եկել Հայաստան, ովքեր չէին ցանկանում վերադառնալ: Նրանք սիրահարվել են Հայաստանին և ասում են, որ գյուղական կյանքը նախընտրում են ամերիկյան բարեկեցիկ, շքեղ կյանքից:

-ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցության եզրեր նշմարվու՞մ են:

– Նախ շատ շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որ իր բազմազբաղ առօրյայից ինձ ու երեցկնոջ՝ Նաիրայի հետ հանդիպելու ժամանակ հատկացրեց: Շատ հաճելի էր զգալ նախարարի՝ մեզ աջակցելու պատրաստակամությունը:

 Պայամանավորվածություն ձեռք բերեցինք նաև դպրոցին անհրաժեշտ դասագրքերով ապահովելու հարցի շուրջ:

Հարց, որն ավանդաբար հղում եմ հոգևորական զրուցակիցներիս. հեռվում գտնվելով՝ կարոտի ի՞նչ զգացումներով եք համակվում դեպի Միածնաէջ Մայրավանք:

-Այդ կարոտի զգացողությունը ոչնչով չենք կարող փոխարինել: Կարոտի սփոփման միջոց է դառնում Էջմիածնում գտնվող հոգևոր եղբայրներից կամ Հայաստան եկող ծանոթներից Մայր Տաճարում մեզ համար աղոթելու և մոմ վառելու խնդրանքը:

Ինչպես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսն է ասում, ես Էջմիածնում չեմ ծնվել, բայց Էջմիածինն է իմ մեջ ծնվել: Հետևաբար, Մայր Աթոռը լոկ տեղանք կամ շինություն չէ մեզ համար, որտեղ էլ գնանք, այն մեր սրտերում է դրոշմված:

Որքան Լուսավորչի կանթեղը պայծառ ու վառ պահենք, այնքան մեզ համար հեշտ կլինի հաղթահարել կարոտն առ Միածնաէջ Մայրավանք:

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

Scroll Up