«Հայրենիքն այն է, ինչը դու զգում ես քո ներսում». գերմանաբնակ օպերային երգիչ Մկրտիչ Բաբաջանյան

Հայ ժողովրդի լավագույն զավակներն աշխարհի որ ծայրում էլ ապրեն, կարողանում են ստեղծել հոգևոր- մշակութային բարձր արժեքներ և Երկիր մոլորակով մեկ հնչեցնել հայ ու Հայաստան բառերը: Քիչ չեն այն նշանավոր հայերն, ովքեր երգ- երաժշտության, նկարչության, պարարվեստի, ստեղծագործական աշխատանքի ոլորտում ինքնին մեծ ձեռքբերումներ են մեր ժողովրդի համար, հայի ու հայկականի յուրօրինակ անձնագիրն են օտար ափերում: Նրանցից մեկը՝ գերմանաբնակ օպերային հայտնի երգիչ Մկրտիչ Բաբաջանյանը, վերջերս հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում, այնուհետև՝ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի խմբագրությունում, ուր նրա հետ հետաքրքիր զրույց ունեցա, որը սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

-Հարգելի՛ հայրենակից, բարո՛վ եք եկել Հայրենիք, մասնավորապես՝ ՀՀ սփյուռքի նախարարություն. Ձեր առաքելությունը հայտնի է, սակայն ցանկալի է, որ Դուք  մանրամասնեք այդ մասին և ներկայացնեք Ձեր անցած ստեղծագործական ուղին:

-Արդեն 18 տարի է, ինչ բնակվում եմ Գերմանիայի Շվեդին քաղաքում, սակայն երաժշտական կրթությունս ստացել եմ Հայաստանում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երեք բաժիններում՝ երգչախմբի խմբավար, օպերային և սիմֆոնիկ խմբի ղեկավար, օպերային մեներգիչ մասնագիտական ուղղվածությամբ: Հայաստանում ավարտել եմ նաև ասպիրանտուրա: Ավարտելուց հետո աշխատել եմ Հայաստանի պետական օպերային թատրոնում՝ որպես դիրիժոր և որպես մեներգիչ հանդես եմ եկել ֆիլհարմոնիկում՝ Լորիս Ճգնավորյանի ղեկավարության օրոք: Այդ տարիներին շատ համերգներ եմ ունեցել: Հայաստանից գնացել եմ 1999 թվականին՝ աշխատանքային պայմանագրով՝ օպերային երգչուհի Կարինե Բաբաջանյանի հետ:

-Առաջին դերերգը ո՞ր տարիքում եք կատարել:

– Իմ երազանքը երգիչ դառնալն է եղել: Երևանում ես շատ վաղ տարիքում եմ հաճախել երգեցողության դասերի` Դավիթ Զալյանի ղեկավարած «Մանկական ձայների պահպանման դպրոց»-ում, սակայն ձայնի փոփոխման տարիքում խորհուրդ տվեցին, որ ուսումս շարունակեմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարության բաժնում: Հետագայում երգեցողությունն ավելի ուշ սկսեցի, բայց բավականին արագ ընթացավ այդ շրջադարջը, որովհետև ես խմբավարական, դիրիժորական աշխատանքի մասնագիտական աշխատանքային փորձ ունեի արդեն, որն ինձ, բնականաբար, պետք է օգներ: Առաջին դերերգը ունեցել եմ Գերմանիայի քաղաքներից մեկում՝ Կարինեի հետ միասին. նա «Բաթերֆլայ» օպերայում Բաթերֆլայի դերն էր կատարում, իսկ ես կոնսուլի՝ Շառլ Պլեյսի. Գերմանիայում մենք այսպես սկսեցինք:

-Կարո՞ղ ենք դա համարել հաջողության սկիզբ…

– Դա չեմ կարող համարել հաջողության սկիզբ. 2003-2004 թվականն էր կարծեմ, երբ Գերմանիայի Բոն քաղաքի թատրոնում «Օթելլո» օպերան էր բեմադրվում, ես չար Յագոյի դերն էի կատարում: Տեղական թերթերը, ամսագրերը շատ մեծ ուշադրություն էին դարձնում մշակութային, արվեստի բոլոր միջոցառումներին և անդրադառնում ու լուսաբանում էին: Եվրոպայում տարածված են երկու ամսագրեր՝ «Օպերային աշխարհ» և «Օպերային հեռադիատակ», որոնցում արհեստավարժ կերպով գրվում է միայն օպերաների մասին. հե՛նց այդտեղ գրել էին իմ մասին, ես ուղղակի զարմացել էի, որ լինելով այդքան երիտասարդ՝ արժանացել էի նման բարձր գնահատականի, այն է՝ Հայ երգիչն իրեն կարող է համարել Յագոյի լավագույն դերակատարներից… Դրանից հետո ես արժանացա տարվա լավագույն բարիտոն երգչի կոչմանը:

-Գերմանիայում միանգամի՞ց անցաք պետական աշխատանքի և արդյո՞ք միանգամից ընդունվեցիք երաժշտասեր հասարակության կողմից :

-Ամեն ինչի համար ժամանակ է հարկավոր. մենք պայմանագրով էինք գնացել, իսկ քեզ ներկայացնելու համար պետք է այսպես կոչված՝ ագենտներ՝ գործակալներ ունենաս, (օպերային երգիչներն այնտեղ ագենտներ՝ գործակալներ են ունենում, որոնց Հայաստանում մենեջեր են ասում), ովքեր քեզ ներկայացնում են: Սկզբում ինքնուրույն փորձեցի ներկայանալ. ինքս կենսագրությունս գրեցի և ուղարկեցի մոտավորապես 20 օպերային թատրոնների, որպեսզի լսումներից հետո աշխատեմ իրենց մոտ: Ոչինչ չստացվեց: Հետագայում, երբ ընդունվեցի մի գործակալություն, գործը տեղից շարժվեց. երբ արդեն տարբեր քաղաքներում 6 գործակալներ ունեի, հնարավորությունները միանգամից մեծացան:

-Աշխարհի ճանաչված ո՞ր բեմերում եք երգել:

– Գերմանիայի գրեթե բոլոր մեծ բեմերում եմ ելույթներ ունեցել, աշխարհի շատ երկրներում, շատ քաղաքներում եմ երգել՝ Տոկիոյում, Հոնկոնգում, եղել եմ Ավստրիայում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Հոլանդիայում, Ամերիկայում…

-Մեկ տարվա, մեկ ամսվա կտրվածքով քանի՞ դերերգ եք կատարում և արդյոք Ձեր նախասիրությա՞մբ են ընտրվում դերերը:

– Ես երկու անգամ եմ եղել հիմնական աշխատող և եթե երգիչը մի թատրոնում է, ինչ տալիս են, այն էլ պետք է կատարի: Երբ երգչի կարիերան սկսում է առաջ ընթանալ, նա չի կարող նույն տեղում մնալ, նա պետք է ազատ լինի, որպեսզի ինքը կարողանա ընտրություն անել և երգել իր ցանկացած դերերգը: Իմ կատարումների ցանկում կա 52-53 անուն օպերա: Գերմանիայում այսպես է՝ մեկ տարվա կտրվածքով մոտավորապես 5-6-7 նոր օպերաներ ես սովորում, իսկ ամսվա կտրվածքով՝ 7-ից 9-ը օպերաներ ես կատարում:

-Պարո՛ն Բաբաջանյան, Ձեր երազած դերերգը, այն միակը, որը երազում եք կատարել և որին դեռևս պատրաստ չեք, ո՞րն է:

-Պուչինիի «Տրիպտիխ»-ից Իլ Տաբարոյի խանդոտ ամուսնու՝ Միգելեի դերերգն է, բայց սա այն ձայների համար է, որոնք տրված են բնությունից: Քիչ ավելի ուշ, երևի, երգեմ Վագների կամ Ռիխարդ Շտրաուսի մեծ դերերից:

-Արդյոք գերմանացիները ճանաչու՞մ են, գիտե՞ն հայկական օպերաների, հայ մեծ կոմպոզիտորների մասին, Դուք Ձեր կատարումներով կարողացե՞լ եք նպաստել հայաճանաչությանը:

-Գիտեն, որ կան հայկական օպերաներ, կոմպոզիտորներից միայն Արամ Խաչատրյանին են ճանաչում, Կոմիտասին քիչ գիտեն…Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ես հանդես եմ եկել համերգներով, Դավիթ Բեկի արիան եմ երգել:

-Անդրադառնանք սեպտեմբերի 1-ին Շուշիում կայանալիք Ձեր ելույթին՝ նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի հոբելյանին:

– ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո Շուշիում շքեղ հանդիսություն է լինելու. բեմադրվելու է Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերան: Այդ առիթով կես տարի առաջ ինձ հետ կապվեց երաժիշտ-խմբավար Սարինա Ավթանդիլյանը. երբ անցյալ տարի Հայաստանում էի, պատահաբար հանդիպեցի ֆրանսաբնակ ռեժիսոր Սուրեն Շահիջանյանին, զրուցեցինք և հարցրեց, թե արդյոք կարո՞ղ եմ երգել գլխավոր դերերգը, արդյոք դա հետաքրքրու՞մ է ինձ…Այդ գործը դասական ավանդական ոճով գրված օպերա չէ, այն ավելի շատ ժամանակակից, մոդեռն երաժշտության ոճով է գրված: Հիմնված է հայ ազգային մեղեդիների վրա, կան հատվածներ, որոնք ազդեցություն ունեն Կոմիտասից: Սա բավականին մեծ օպերա է, եթե չեմ սխալվում 18 մենակատարներ կան, երգչախումբ, բալետի խումբ: Ես կատարելու եմ Սասունցի Դավթի դերերգը: Ներկայացումը բացօթյա է լինելու:

Ես հիմա Հայաստանում եմ՝ միջոցառման նախապատրաստական փորձերի առիթով:

Շատ ուրախ եմ, որ այսպիսի մեծ միջոցառման եմ մասնակցելու և երգելու եմ Արցախում, գեղատեսիլ Շուշիում:

-Որքանով տեղյակ եմ, Դուք նաև նկարում եք:

-Այո՛. իմ աշխատանքները դուրս են ավանդական նկարչության շրջանակներից: Ես աշխատում եմ մկրատով ու սկալպերով, ես ընդհանրապես չեմ օգտագործում ո՛չ մատիտ, ո՛չ սոսինձ. այդ ոճը նորություն է, ավանգարդիզմից էլ՝ տարբեր: Այդ ոճով շատ հետաքրքրվողներ եղան: Այն ես ինքս ստեղծեցի: Հնարավոր է՝ մի նոր շարժում լինի, որ այդ ոճը զարգանա նաև Հայաստանում:Միայն Գերմանիայում ունեցել եմ 3 ցուցահանդես: Մի գործ էլ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նվիրել եմ Շտուտգարդի հայկական համայնքին: Մի հետաքրքիր գործ ունեմ, որը կոչվում է «Խաչարշավ». դեպքը տեղի է ունեցել1212 թվականին. 2000 երեխա Գերմանիայից և նույնքան էլ ՝ Ֆրանսիայից որոշել են ոտքով գնալ Երուսաղեմ, սակայն ճանապարհին Գերմանիայից գնացող երեխաները Ալպերում սառել ու մահացել են, իսկ Ֆրանսիայից գնացող երեխաներին ծովահենները խոստացել են հասցնել Երուսաղեմ, սակայն տարել են Աֆրիկայի կողմերն ու վաճառել…Այդ տխուր տպավորության տակ ես բավականին մեծ գործ արեցի: Նկարում Հիսուսի պատկերը ուղեկցում է նրանց:

-Վերադառնանք ակունքներ. երգելու, նվագելու, նկարելու շնորհը ումի՞ց եք ժառանգել:

-Ե՛վ հայրս, և՛ մայրս լավ ձայն ունեին, քույրերս երաժշտական էին շատ. մեծ քույրս ինքնուրույն նվագում էր, փոքր քույրս ջութակ էր նվագում: Ես փոքր հասակում պլաստիլինից արձաններ էի պատրաստում, երազում էի քանդակագործ դառնալ… Ակունքներս արվեստով էին շնչում. այսօր աղջիկս՝ Լուսինեն, նույնպես այդ ոլորտում է, պարզապես նա չի երգում այլ աշխատում է երգիչների հետ:

– Հայն ու Հայրենիքը Ձեզ համար …

-Դրանք իմ էության անբաժանելի մասն են, ես ոտքից գլուխ հայ եմ: Ես ամենուր ներկայացնում եմ իմ Հայրենիքն ու հայերին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով գերմանական հեռուստատեսությամբ ես հաղորդման մասնակցեցի, երգեցի, բայց գնալուց առաջ պայման դրեցի՝ կգա՛մ, միայն թե՝ վանեցի պապիս ու տատիս նկարներն էլ պետք է բերեմ: Նրանք համաձայնեցին, ու ես եթերում խոսեցի Ցեղասպանության մասին, այդ հարցով Թուրքիայի դիրքորոշման մասին: Ամիսը մեկ անգամ Հայաստանի ու Հայոց պատմության մասին լսումներ եմ կազմակերպում, որին մասնակցում են Գերմանիայի տարբեր քաղաքներից եկող մարդիկ:

-Ի՞նչ է երգչի կոչումը Ձեզ համար՝ պատի՞վ, պարզապես ընտրած մասնագիտությու՞ն…

-Երկուսն էլ, սակայն մարդիկ օպերային երգիչ հասկացությանը շատ ավելի մեծ հարգանքով են վերաբերում, նրա առջև փակ դռներ չկան. իմ ընտրած աշխարհն ինձ համար կենսաձև է:

-Ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը…

-Հայրենիքն այն է, ինչ դու զգում ես քո ներսում, ինչն ապրում է քո հոգում: Ես ծնվել եմ այս հողում, այս հողի զավակ եմ և այս հողի զավակ էլ կմնա՛մ:

 Զրուցեց Կարինե Ավագյանը

Scroll Up