«Ես հայ բանաստեղծության սիրահար եմ». Անի Սարաֆյան-Եփրեմյան

ՀՀ սփյուռքի նախարարությունը մշտապես գնահատում, արժևորում է սփյուռքահայ հասարակական-քաղաքական, ազգային, մշակութային նշանավոր գործիչների հայանպաստ գործունեությունը: Այդ առիթով, հուլիսի 27-ին, ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրեց մի քանի սփյուռքահայ մշակութային գործիչների. նրանցից՝ լիբանանահայ ասմունքող, «Արարատ» օրաթերթի տնօրեն, «Նոր սերունդ» մշակութային միության ատենապետուհի Անի Սարաֆյան-Եփրեմյանի հետ «Հայերն այսօր»-ի համար ծավալվեց մի ջերմ հարցազրույց, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

 -Անի՛, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրվելու առիթով: Անշուշտ, Ձեր ծավալած հայրենանվեր գործունեության համար շատ պարգևների կլինեք արժանացած, և, այնուամենայնիվ, ամեն մի պարգևատրում իր խորհուրդն ունի. զրուցենք այդ մասին:

-Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի համար. անշու՛շտ, շատ պարգևատրումների եմ արժանացել, և ամեն պարգևատրում իր խորհուրդն ունի, սակայն Հայրենիքում ստացած պարգևի խորհուրդն ու նշանակությունը բոլորովին այլ են: Շատ հուզված եմ, ուրախ: Ճիշտ է, ես աշխատում եմ ու հայ մշակույթ տարածում առանց որևէ ակնկալիքի, սակայն հաճելի է ուշադրության արժանանալ, գնահատվել Մայր Հայրենիքի կողմից, մասնավորապես՝ Սփյուռքի նախարարության:

-Ասմունքելն էլ յուրօրինակ, բնատուր շնորհ է. մանկու՞ց եք այդ ասպարեզ ոտք դրել:

-Ինչպես ասացիք՝ ասմունքն էլ շնորհ է, և այն ի վերուստ է տրվում, սովորելով չես դառնա ասմունքող. որոշ տվյալներ պետք է ամբողջանան մարդու մեջ, որպեսզի մարդը հաջողություններ ունենա: Ես նաև հայրական տանս եմ պարտական այդ շնորհի համար. հայրս՝ լուսահոգի, շատ հայրենասեր Հակոբ Սարաֆյանը, արվեստի նկատմամբ բացառիկ սեր ու ճաշակ ուներ, իսկ մայրս՝ բացառիկ ձայն, այսինքն՝ մեծացել եմ արվեստասեր, մշակութային շնչով լեցուն միջավայրում: Անշուշտ, այդ ամենին նպաստել է նաև հայ դպրոցը. մեր լիբանանահայ գաղութը շատ մեծ տեղ է տալիս արվեստին, մշակույթին, հոգ է տանում հայոց լեզվի, գրականության մասին:  «Խաչիկ Պապիկյան» ֆոնդի հովանավորությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանում ամեն տարի կազմակերպվում է ասմունքի մրցույթ, որին մասնակցում են երկրորդական և միջնակարգ վարժարանների հայ աշակերտներ. շուրջ 7 տարի ես այդ մրցույթի հանձնաժողովի՝ ժյուրիի անդամ եմ:

-Անի՛, ո՞ր տարիքից եք սկսել ասմունքել, որտե՞ղ եք առաջին անգամ բեմ բարձրացել:

-Շատ փոքր հասակից եմ սկսել ասմունքել, կարդալ հայ գրողների գործերը: Ես հայ բանաստեղծության սիրահար եմ: Ասմունքիս առաջին երեկոն կայացավ Բեյրութի նշանավոր սրահներից մեկում, երբ դեռևս դպրոցական էի. 700 հոգանոց դահլիճը լեփ-լեցուն էր, ես ներկայացրեցի արևմտահայ, արևելահայ գրողների ստեղծագործությունները:

-Ո՞վ է կազմում Ձեր համերգային ծրագրերը:

-Դեռևս փոքր տարիքից ի՛նքս եմ կազմել իմ ելույթների ծրագրերը, որովհետև ե՛ս պետք է զգամ, պե՛տք է հասկանամ, թե որ գործն է բխում հոգուցս, որ գործերը հանդիսատեսներին կկարողանամ հասցնել այնպես, ինչպես ես եմ զգում:

-Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր ասմունքի երեկոները:

-Ես մասնակցում եմ Լիբանանի բոլոր միությունների, կազմակերպությունների կողմից հրավիրած միջոցառումներին, չեմ մերժում երբևէ, սիրով եմ ընդառաջում և այդ ամենն՝ առանց շահախնդրության:

-Անի՛, Լիբանանից դուրս՝ ուրիշ ո՞ր երկրներում եք ելույթներ ունեցել:

-Ասմունքել եմ Սիրիայում (Հալեպ,Դամասկոս), Արաբական Միացյալ Էմիրություններում (Աբու Դաբի, Դուբայ), Բուլղարիայում (Սոֆիա), Կանադայում (Տորոնտո, Մոնրեալ), Միացյալ Նահանգներում (Կալիֆորնիա, Լուիզիանա), Իրանում (Թեհրան). իմ բաղձանքն էր ելույթ ունենալ Հայրենիքում, և ահա, երազս իրականություն է դառնում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում «Իմ երազը» խորագրով ասմունքի երեկո ունեմ և պետք է հանդիպեմ հայաստանյան իմ սիրելի հանդիսատեսներին:

-Դուք շատ բազմազբաղ եք և ասմունքելուց բացի՝ նաև ուրիշ կարևոր աշխատանքներ եք կատարում Լիբանանում. պատմեք, խնդրեմ նաև այդ մասին:

-Այո՛, ճիշտ եք. Լիբանանում ես պատասխանատու մեծ աշխատանքներ եմ կատարում. շուրջ 5 տարի է, ինչ ստանձնել եմ «Արարատ» օրաթերթի տնօրենի պարտականությունները: Առավոտից մինչ ուշ ժամ ես զբաղված եմ թերթի աշխատանքներով, ինքս գրելու ժամանակ չեմ ունենում, հազվադեպ եմ գրում: Ստեղծել ենք երիտասարդներով համախմբված, նոր, թարմ շնչով լեցուն աշխատանքային մի լավ թիմ. նրանք աշխարհի տարբեր կողմերից աշխատակցում են մեր օրաթերթին: Մեր օրաթերթում զետեղվում են բազմաբնույթ նյութեր: Օրաթերթի գլխավոր խմբագիրն Ավետիս Ռազմիկն է: Ես նաև Լիբանանի «Նոր Սերունդ» մշակութային միության ատենապետուհին եմ. տարվա ընթացքում մենք շատ միջոցառումներ ենք կազմակերպում, բայց մեր գլխավոր աշխատանքները կենտրոնացած են «Արեգ» պարախմբի աշխատանքների վրա: Պարախմբի կազմում կան և՛ մեծեր, և՛ փոքրեր: Միայն դպրոցում սովորելով հայ չե՛ն լինի. երբ հայկական երգեր կերգեն, պարեր կպարեն, կասմունքեն, հայ մշակույթը կտարածեն, ավելի զորավոր հայեր կզգան իրենց: Մեր պարախումբն առայժմ շատ տեղերում չի եղել. երկու տարի առաջ Սիրիայում է եղել: Անցյալ շաբաթ պարախումբը ելույթ ունեցավ Լիբանանում. լեփ-լեցուն դահլիճում երկար ժամանակ չէին լռում ծափահարությունները: Հույս ունեմ, որ հաջորդ տարի կմասնակցենք ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվելիք փառատոնին:

-Անի՛, ո՞րն է Ձեր զբաղվածության մյուս ոլորտը…

-Երրորդ՝ կարևոր դաշտը, ուր զբաղված եմ, իմ ընտանիքն է. ես տանտիկին եմ, երեք երեխաների մայր, թոռնիկներ ունեմ: Իմ 3 երեխաներն էլ համալսարանավարտ են. մեծ աղջիկս թարգմանիչ է, մյուս աղջիկս գրաֆիկական դիզայներ է, տղաս մարքեթինգի մասնագետ է: Նրանք իմ աշխատանքներում իրենց մասնակցությունն են ունենում, օգնում ինձ:

-Կրկին անդրադառնամ ասմունքի ոլորտին. նշանավոր ասմունքողներից ո՞վ է եղել Ձեզ համար օրինակ, մեծություն…

-Ցավոք, այս օրերին մահացավ իմ շատ սիրելի ասմունքող Վերա Հակոբյանն, ով Հայրենիք-Սփյուռք մշակութային առաջին կապեր հաստատող արվեստագետներից մեկն է. ես նրան դեռ մանկուց եմ հիշում: Շատ տարիներ առաջ, երբ Վերա Հակոբյանը Լիբանան էր գալիս, երբ լսում էի նրա ասմունքը, շատ էի տպավորվում. այդ օրերից նա իմ իդեալն է եղել, ես նրա ասմունքով մեծացա, նա իր հայրենաշունչ ասմունքով ինձ առավել սիրել տվեց Հայրենիքս:

-Թեմատի՞կ են Ձեր համերգները…

– Ոչ միշտ են թեմատիկ, սակայն ամեն կարևոր իրադարձության, նշանավոր հոբելյանների, հայ ժողովրդի համար հիշատակելի օրերի, տոների առիթով ասմունքի երեկոներ եմ կազմակերպել, որոնցից մի քանիսը կնշեմ՝ Սիլվա Կապուտիկյանի «Երկխոսություն իմ և իմ միջև», Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզները», Սայաթ-Նովայի գործերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով եմ ունեցել ելույթներ և այլն:

-Անի՛, մեր հարցազրույցն ավարտենք Հայրենիքի մասին ունեցած Ձեր սրտի խոսքով. ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:

-Ի՛մ Հայրենիք,

 Հավատում եմ քո սուրբ հողի կանչին հավերժ,

Հավատում եմ քո լեռներին՝ գահավորված երկնքի մեջ,

Դու հավերժի անշե՛ղ  ճամփորդ,

Մահը  հերքող ճշմարտություն,

Դու ապրելու հավատավո՛ր,

Հավերժության ա՛չքն ես արթուն,

Ու քո աչքով հավերժական՝

 Նայում եմ ես դեպի հեռուն

Ու տեսնում եմ քո ապագան,

Խաղաղությա՛ն աղավնատուն…

Այսպիսի՛ն է իմ Հայրենիքն ինձ համար:

Նորօրյա հայ բանաստեղծներից մեկի հայրենաշունչ այս տողերով էլ ավարտում եմ իմ հարցազրույցը Սփյուռքի հայ մշակույթի անխոնջ մշակներից մեկի՝ շատ պայծառ Անի Սարաֆյան-Եփրեմյանի հետ:

Կարինե Ավագյան

 

 

Scroll Up