Իրանցի ռեժիսորը Հայաստանում նկարահանելու է բազմասերիանոց ֆիլմ

Հուլիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իրանցի ռեժիսոր և սցենարիստ Բեհրուզ Աֆղամիին, սցենարիստ Քուրոշ Սալիմզադեին, իրանահայ գրող, թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանին և գրող Աշոտ Աղաբաբյանին:
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց հայ-իրանական բարեկամությունը, նշեց, որ երկու ժողովուրդները մշակութային բազում ընդհանրություններ ունեն և այս նոր նախագիծը ևս փոխըմբռնման ու հարազատության դրսևորում է: Նախարարը առանձնակի կարևորեց իրանցի ճանաչված կինոռեժիսոր Բեհրուզ Աֆղամիի նախաձեռնությամբ Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» գրքի հիման վրա Հայաստանում բազմասերիանոց ֆիլմ նկարահանելու ծրագիրը: Նախարարը հավելեց, որ այս ծրագիրը կյանքի կոչելը ևս մեկ անգամ կվկայի երկու ժողովուրդների մշակութային հարազատությունը, իսկ գրքի հերոսի՝ հայ ժողովրդի արժանավոր զավակ, պետանվտանգության գեներալ-մայոր, քիմիական գիտությունների դոկտոր ԽՍՀՄ «ատոմային» հետախուզության ղեկավար Հայկ Հովակիմյանի խորհրդավոր ու դրամատիզմով հարուստ պատմությունը մեծ հետաքրքրություն կներկայացնի ամբողջ աշխարհում, հատկապես այն երկրներում, որտեղ հայ համայնքներ կան:
Նախարարը վստահություն հայտնեց, որ այս ֆիլմաշարի ստեղծումը միմյանց խորապես ճանաչելու նոր սկիզբ է լինելու: Նա անդրադարձավ նաև Իրանի հայ համայնքին և նշեց, որ համայնքը հուսալի կամուրջ է երկու հարևան երկրների միջև:
Բեհրուզ Աֆղամին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ գիրքը մեծ տպավորություն է գործել իր վրա, մղել է իրականացնելու նման համատեղ մեծ նախագիծ: Նա հավաստիցրեց, որ ձևավորված ստեղծագործական խումբը առաջիկայում կսկսի իր գործնական քայլերը: