«Մեր ընտանիքի ու հոգու՛ս լեզուն է հայերենը». «Արի տուն» ծրագրի կանադահայ մասնակից

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2017» հայրենաճանաչողական ծրագրի շրջանակներում Հայաստանի տեսարժան վայրերով շրջագայած սփյուռքահայ պատանիներն ու աղջիկներն անմոռաց օրեր են անցկացնում Աղավնաձորի գեղատեսիլ բնության գրկում: Ճամբարային բովանդակալից առօրյայի ավարտը յուրաքանչյուր փուլի վերջում ազդարարում են հրաժեշտի խարույկն ու երեխաների մասնակցությամբ ներկայացվող հետաքրքիր ու հուզիչ միջոցառումները: 4-րդ փուլի ավարտի միջոցառման օրը «Հայերն այսօր»-ի համար զրույց ունեցա երեխաներից մի քանիսի հետ, որի ընթացքում հաճելիորեն զարմացա ու հիացա օտար երկրներում ծնված ու ապրող հայորդիների մաքրամաքուր հայերենով, ավելին՝ ինձ գերագույն հաճույք պատճառեց Կանադայից ծրագրին մասնակցող Ռիմա Խարշաֆչյանի բովանդակալից, անկեղծ ու իր տարիքին ոչ այնքան բնորոշ լայնախոհ, խելացիորեն շարադրված հայրենաշունչ խոսքը, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

Ռիմա Խարշաֆչյան, 13 տարեկան, Կանադա, Լավալ

-Ծնվել եմ Կանադայի Լավալ քաղաքում: Ընթացքում, երբ ավելի փոքր եմ եղել, մեկ տարի ապրել եմ Հայաստանում և կրկին վերադարձել Կանադա: Ինձ շատ է հետաքրքրում բժշկությունը, մտադիր եմ բարձրագույն կրթություն ստանալ բժշկի մասնագիտությամբ, հնարավոր է՝ Հայաստանում: Ես շտապեցի իմ ապագայի մասին խոսել, սակայն ներկան էլ շատ կարևոր է, որովհետև ես ապագային եմ նախապատրաստվում, որում մեծ տեղ եմ հատկացնում իմ Հայրենիքի մասին պատմող գրքերին, ֆիլմերին, հաղորդումներին և այս հրաշալի ծրագրին: «Արի տուն» ծրագրի մասին լսել եմ և մեծ ցանկություն ունեի մասնակցելու: Հայաստանում շատ հարազատներ ունենք, ես հիմա ապրում եմ պապիկիս տանը, ինձ հետ եկել են նաև ծնողներս: Հայաստանի շատ տեսարժան վայրերում եմ եղել, որոնք ես արդեն տեսել էի, սակայն այս առիթը նշանավորվեց տարբեր երկրներից ծրագրին մասնակցող իմ հասակակիցների հետ ծանոթությամբ: Առավել հեշտությամբ եմ շփվել ՌԴ-ից և Հունաստանից եկած երեխաների հետ, նաև՝ Ավստրալիայից եկածների: Շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել և համոզված եմ, որ մեր ընկերությունը կշարունակվի նաև ծրագրի շրջանակներից դուրս. անշու՛շտ, դրա համար պարտական ու շատ շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարության այս աննախադեպ ծրագրին: Ինձ համար ճամբարային առօրյայում առանձնանում էին պարի դասերը, որովհետև բոլորս սովորում էինք միասին պարել, իսկ հայկական հայրենասիրական գրեթե բոլոր երգերը գիտեմ, այդ առումով նորություն չունեցա: Լավալում ես հայկական դպրոց եմ հաճախում, երգում եմ «Նոր ծաղիկ» երգչախմբում: Սփյուռքահայ շատ երեխաներ կան, ովքեր ընդհանրապես ծանոթ չեն հայկական մշակույթին, ուստի շատ կարևոր է, որ նրանք ճամբարային օրերի ընթացքում սովորում են հայկական պարեր ու երգեր, հայոց լեզու, պատմություն: Մեր ընտանիքի լեզուն հայերենն է, որը նաև իմ հոգու լեզուն է: Հայ գրողներից շատ եմ սիրում Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները, հատկապես՝«Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը: Իմ մանկությունն ու պատանեկությունը շատ հետաքրքիր են անցել. ես միշտ զբաղված եմ եղել դասերով, սպորտով, երգով: Կարատե մարզաձևով եմ պարապել, իսկ հիմա ՝ ձիարշավով եմ տարված:

Հայաստանում ինձ ամենից շատ դուր է գալիս բնությունը, իսկ մարդկա՜նց մասին… շա՜տ ջերմ են, մի բան, որ Կանադայում չեք գտնի: Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, շատ շոգ է. նման եղանակի ես սովոր չեմ, բայց Հայրենիքի հանդեպ տածած սերս հաղթում է ամեն ինչին: Ես սիրում եմ Հայաստանը, սակայն, անկեղծորեն ասեմ, որ շատ կապված եմ նաև Կանադային, որտեղ ծնվել, մեծացել ու ապրում եմ:

Զրուցեց Կարինե Ավագյանը

Scroll Up