«Արի տուն»-ը աշխարհի երիտասարդական լավագույն ծրագրերից է». Նարեկ Ժամհարյան

«Արի տուն-2017» ծրագրի ևս մեկ փուլ, որի ճամբարային առօրյային մասնակցող երեխաներից մեկի ՝ Բելգիայի Կորտրիկ քաղաքից ծրագրին մասնակցող 15-ամյա Նարեկ Ժամհարյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
«Ծնվել եմ Հայաստանում, երկու տարեկան եմ եղել, երբ մեր ընտանիքը տեղափոխվել է Բելգիա: Այս ծրագրի մասին հայրս էր տեղեկացել համացանցից, հեռուստատեսությամբ էլ էինք տեսել, և ընտանիքս տվեց իր համաձայնությունը՝ մասնակցելու ծրագրին: Առաջին անգամ եմ Հայաստանում: Շատ լավ առիթ է՝ ծանոթանալու Հայրենիքի տեսարժան վայրերին ու աշխարհի տարբեր երկրներից ծրագրին մասնակցող իմ հասակակիցների հետ, որոնց հետ հեշտությամբ եմ շփվում, որովհետև լավ եմ տիրապետում թե՛ մայրենի լեզվիս, թե՛ ֆրանսերեն, թե՛ անգլերեն, թե՛ գերմաներեն լեզուներին:
Արդեն լավ ընկերներ ունեմ: Հայաստանի տեսարժան շատ վայրերում ենք եղել, սակայն ամենից ավելի տպավորված եմ Սևանով, սակայն կարգին լողալ չհաջողվեց. մի պահ շորերով մտա ջուրը, զովացա և հիացա Սևանի թափանցիկ, մաքուր ջրով: Մեծերից լսել եմ, որ շատ տարիներ առաջ Սևանի քաղցրահամ ջուրը մարդիկ նաև խմել են: Շատ գեղեցիկ էր կապուտաչյա Սևանը, որի մասին նաև երգեր եմ լսել ու պատմություններ: Ճամբարային առօրյան ևս շատ տպավորիչ է. այստեղ սովորեցինք հայկական պարեր ու հայրենասիրական երգեր: Սա մի լավ առիթ է, որպեսզի ի հայտ գան շնորհալի պատանիներն ու աղջիկները. հայերի մեջ միշտ էլ կան ու կլինե՛ն շնորհալիներ, տաղանդավորներ: «Արի տուն» ճամբարը դրա համար լավագույն հարթակներից մեկն է: Այս ծրագիրը ոչ միայն հայրենաճանաչողական է, այլև՝ մարդասիրական. շնորհակալությու՛ն ՀՀ սփյուռքի նախարարությանը, բոլոր կազմակերպիչներին, ուսուցիչներին: Սա աշխարհի երիտասարդական լավագույն ծրագրերից է և ցանկալի է, որ այն շարունակական լինի ու զարգացում ունենա»:
Զրուցեց Կարինե Ավագյանը