Համերգային տոն հայ զինվորների համար

Հուլիսի 8-ին ՀՀ սփյուռքի և պաշտպանության նախարարությունների աջակցությամբ ԱՄՆ Նյու Յորք քաղաքում բնակվող օպերային երգիչ Վաղարշակ Օհանյանն ու «Անմիջական աջակցություն հայերին» բարեգործական հիմնադրամի նախագահ դոկտոր Սվետլաննա Ամիրխանյանը Երևանի N զորամասում զինվորների համար համերգային ծրագիր էին պատրաստել, որի մանրամասները նրանք ներկայացնում են «Հայերն այսօր»-ի հետ զրույցում:

Զինվորների  մարտական ոգին  առավել բարձրացավ (Ս.Ա.).

-ՀՀ սփյուռքի նախարարության հետ սերտ համագործակցության մեջ ենք գտնվում, միշտ հետևում ենք իրականացվող ծրագրերին:

Տեղեկանալով, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն այս տարի Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առիթով միջոցառումների շարք է նախաձեռնել, որոշեցինք մեր քաջարի զինվորների համար երևանյան զորամասերից մեկում համերգ կազմակերպել: Համերգին ելույթ ունեցան «Armenian young talent» հիմնադրամի կողմից իրականացվող փառատոնի հինգ հաղթող, ինչպես նաև  Հայաստանում ապրող  տաղանդաշատ հինգ երիտասարդ: Այդ երեխաների ապագայի կերտման գործում մեծ ավանդ է ունեցել նյույորքաբնակ օպերային երգիչ, «Շնորհալի»  և «Արեգակ» երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վաղարշակ Օհանյանը, ով մանրակրկիտ և հոգատար աշխատանք է տարել նրանց հետ:

Կայացած համերգը նախ նպաստեց երեխաների հանդիպմանն ու ճանաչմանը, հետո արդեն զինվորների՝ մարտական ոգու առավել բարձրացմանը: Համերգը շատ լավ մթնոլորտում անցավ, հայրենասիրական ոգին էր թևածում ամենուր: Զինվորներն անասելի ոգևորված էին, դահլիճը թնդում էր նրանց շռնդալից ծափողջույներից: Համերգի ժամանակ հայրենասիրական երգեր հնչեցին, նաև մի քանի դասական կատարումներ էլ եղան:

Զինվորների խանդավառությունը մեզ էլ փոխանցվեց (Վ.Օ.).

-Ընտրվում են ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր շրջաններում ապրող տաղանդավոր երեխաները: Նրանցից շատերը ընդունվում են Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիա, կամ երաժշտական այլ հաստատություններ, որոնց անհրաժեշտ է ուղղորդել, միջազգային ասպարեզ հանել, որպեսզի հետագայում ինքնավստահություն ձեռք բերեն:

 Ես նույնպես ուզում եմ կիսվել համերգից ստացած տպավորություններով և ասել, որ ամեն բան հիանալի անցավ:

Զինվորների խանդավառությունը մեզ էլ փոխանցվեց, որն այնքան ջերմ էր ու անկեղծ:

Շարունակելու եմ աշխատել՝ ի շահ Հայաստան-Սփյուռք կապերի առավել ամրապնդման (Ս.Ա.).

– Հաստատվելով ԱՄՆ-ում՝ սկսեցի հայապահպանությամբ զբաղվել, բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնել, քանի որ այդ ամենի կարիքը այնտեղ շատ էր զգացվում:

Ծննդավայրս Գավառ քաղաքն է: Այնպիսի ընտանիքում եմ մեծացել, որտեղ մարդասիրությունն ու բարիք գործելը օրինաչափություն է եղել: Հայրս շատ բարի մարդ էր, օգնում էր բոլորին: Իմ կատարած բոլոր գործերը հայրիկիս կերպարով առաջնորդվելով եմ կյանքի կոչել:

2018 թվականը հոբելյանական տարի է ինձ համար. նախ լրանում է «Armenian young talent» հիմնադրամի տաս, Ամերիկայում համայնքային գործունեություն ծավալելու քսան և «Անմիջական աջակցություն հայերին» բարեգործական հիմնադրամի ստեղծման տասնհինգ տարին: Այս հիմնադրամի շրջանակներում տարաբնույթ օգնություն ենք ցուցաբերել Հայաստանի դպրոցներին, հիվանդանոցներին և այլն:

Գավառի պետական համալսարանի գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներին տարիներ շարունակ կրթաթոշակներ ենք տրամադրել: Նաև լսարանների ջեռուցման հարցն ենք լուծել, որպեսզի ուսանողները տաք և բարեկարգ պայմաններում դասերն անցկացնեին: Այն ժամանակ համալսարանի ռեկտորը լուսահոգի Հրանտ Հակոբյանն էր, և ամեն անգամ նա մեզ հորդորում էր՝ մտածել Հայաստանին օգտակար լինելու մասին: Եվ, իրոք, այդպես է. մեզանից յուրաքանչյուրը պետք է իր լուման ունենա մեր Հայրենիքի շենացման հարցում:

Հրատապ համարեցի 2003 թվականին Բրուքլին քաղաքում հայկական կիրակնօրյա դպրոց բացել, որտեղ սովորելու էին գալիս տարբեր երկրներից փախստականի կարգավիճակում Նյու Յորքում գտնվող ընտանիքների երեխաները: Դպրոցի գործունեությունը սկսել եմ մեկ աշակերտով, իսկ այժմ շուրջ 40 աշակերտ է սովորում: Նրանց արևելահայերենով հայոց լեզու, պատմություն, երաժշտություն է ուսուցանվում: Կարելի է ասել նպաստեցինք, որ այդ երեխաներն իրենց լիարժեք հայ զգան:

Այս տարվա փետրվար ամսին Նյու Ջերսիում նույնպես  հայկական դպրոց եմ բացել, որտեղ  քսաներկու աշակերտ է սովորում: Երկու դպրոցներում էլ հայկական բոլոր տոները նշում ենք, որպեսզի ամերիկահայ երեխաները ծանոթանան մեր բազմադարյա պատմությանը, մշակույթին և ավանդույթներին:

Հետագա անելիքներն ու տարբեր նախագծերի իրականացումը շատ են, նույն կորովով շարունակելու եմ աշխատել՝ ի շահ Հայաստան-Սփյուռք կապերի առավել ամրապնդման:

Գևորգ Չիչյան

Scroll Up