«Արցախն իմ շնչառությունն է. առանց Արցախի շնչահեղձ կլինեմ, Հայաստանն իմ աչքերն են».Անժելա  Սահակյան

Օտար ափերում  հանգրվանած մեր շատ հայրենակիցներ ապրում են Հայաստանով, Հայաստանի՛ համար, ապրում են հայերե՛ն. նրանցից մեկն էլ արձակագիր, հրապարակախոս, սցենարիստ, Արցախի և Հայաստանի գրողների միությունների անդամ, Փարիզի հայկական ռադիոյի մեկնաբան, լրագրող Անժելա Սահակյանն է, ով Փարիզի հայկական ռադիոյում է աշխատում՝ ֆրանսիա տեղափոխվելու առաջին իսկ տարիներից սկսած: Օրերս Անժելա Սահակյանին ընդունել էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որից հետո  ֆրանսաբնակ մտավորականի հետ  մի բովանդակալից զրույց  ծավալվեց «Հայերն այսօր»-ի խմբագրությունում: Ժամանակին Հայաստանի միակ հեռուստատեսության (այսօր՝ արդեն Հանրային վերանվանված) փորձառու և վաստակաշատ հեռուստալրագրող, հեռուստատեսությունում աշխատելու տարիների  գործընկերուհուս՝ Անժելա Սահակյանի հետ ունեցած զրույցի ընթացքում հասկացա, որ ժամանակն ու տարածությունը, նոր միջավայրը չեն փոխել նրա մարդկային նկարագիրը, որ նրա գրիչն ու հատու, շիտակ միտքն էլ ավելի են կատարելագործվել ու կարծրացել՝ լավագույն իմաստով, որ  բազմաթիվ հոդվածների ու հաղորդումների, մի քանի ֆիլմերի ու գրքերի  հեղինակ մեր հայրենակցուհին Փարիզի հայկական ռադիոյով տված հեղինակային  հաղորդումներով  իր ծննդավայր Արցախի ու Հայաստանի հետ է: Այդ ամենն ամբողջացնում է  մեր ընթերցողների ուշադրությանը ներկայացվող հարցազրույցը:

-Անժելա՛, բարո՛վ  ես եկել Հայաստան,  Հայրենիք, սակայն ոչ ծննդավայր՝ Արցախ, որտեղ  գտնվում է քո սրտի մեծ կեսը, գուցե՝ ամբողջը…

-Շատ լավ նախաբան էր մեր զրույցի համար՝ «բարով եք եկել»…այնքա՜ն հաճելի է լսել այս բառերը…Ես միշտ իմ երկրի հետ եմ՝ անկախ այն բանից, թե որտեղ եմ ապրում: Այո՛, իմ կեսը, ավելին՝ ամբողջը Արցախում է՝ իմ չքնաղ ծննդավայրում: Մոտ օրերս՝ նախատեսել եմ գնալ Արցախ՝ մասնակցելու Գանձասարի 777-ամյա տոնական միջոցառմանը: Իմ Հայաստան գալը ես հարմարեցրի այնպես, որ կարողանամ  այդ տոնակատարության օրերին Արցախում լինել: Միտքս, հոգիս, ուղեղս  միշտ Գանձասարում են: Իմ ծննդավայրը Գանձասարի մոտ Վանք գյուղն է: Մանկությունս անցել է Գանձասարի վեհաշուք համայնապատկերի ներքո. մեր բակից  շատ պարզ ու մոտ երևում էր Գանձասարը, իմ առավոտները բացվում էին Գանձասարի լույսով և երեկոները լցված  էին Գանձասարի աստղերով:  Իմ մեջ եղած հավաքական կերպարի բոլոր դրական գծերի  համար խոնարհվում եմ Գանձասարի գմբեթի առջև:

-15 տարի է, ինչ ընտանյոք ապրում եք Փարիզում, և դու լրագրողական  քո աշխատանքը շարունակում ես նաև Հայրենիքից  դուրս՝ Փարիզի հայկական «ԱՅՊ-FM» ռադիոյում. կտրվելով այն ժամանակվա Ազգային հեռուստատեսությունից՝ չես կտրվել հեռուստատեսությունից ու ռադիոյից: Բարեբախտությու՞ն կհամարես դա, թե՞ տաժանակիր աշխատանք:

-Առաջին հերթին բարեբախտություն եմ համարում, որովհետև չգիտեմ, թե ի՞նչ պետք  է անեի, ո՞ր բնագավառում կկարողանայի ինձ դրսևորել, եթե չլիներ հայկական ռադիոն: Խոսքս ոչ թե վերաբերում է իմ անձի դրսևորմանը, այլ՝ լրագրողի հայացքին, տեսակետին, նպատակային աշխատանքին՝ ներկայացնելու իմ Հայրենիքը: Ես ֆրանսիա եմ գնացել ոչ թե այնտեղ լավ ապրելու, կենցաղավարելու համար, այլ իմ՝ լրագրողի խոսքն ավելի հասանելի դարձնելու Սփյուռքում ապրող իմ հայրենակիցներին. Փարիզի հայկական ռադիոն տալիս է այդ հնարավորությունը: Թե ինչ հանգամանքներում եմ ես ֆրանսիայում հայտնվել, անկեղծորեն ասեմ, որ դա իմ կամքից դուրս էր:

-Այստեղ՝ Հայաստանու՞մ  էիր  քեզ ավելի շատ լրագրող համարում,  թե՞ Փարիզում.  լրագրողական գործունեություն ծավալելու համար որտե՞ղ է քեզ ավելի լայն հնարավորություն  տրվել,  որտե՞ղ ես առավել կայացել, հասունացել որպես լրագրող:

-Անկեղծ պետք է լինեմ ու ասեմ, որ ես առավել կայացա ու հասունացա Փարիզում: Երբ Հայաստանում էի, ամիսը մեկ անգամ  որևէ հաղորդում էի պատրաստում, իսկ երբ սկսեցի աշխատել «Լրաբեր» տեղեկատվական ծրագրում, տնտեսական,  քաղաքական կամ մշակութային հակիրճ, թռուցիկ լրատվական նյութեր էի պատրաստում: Լրագրողի դաշտը պետք է ազատ ու անկախ լինի, ծավալվելու հնարավորություն  ընձեռի. պետք է խոստովանեմ, որ այս առումով, իրոք, առավել կայացա Փարիզում աշխատելու տարիներին:

-Խոսենք  Հայաստանից Սփյուռքին հասնող լուրերի  ճշմարտացիության մասին:

-Սովորաբար, դեղին մամուլը միշտ էլ շատ արագ է սողոսկում ու տարածվում ամենուր:  Շատ կարևոր է Սփյուռքում Հայրենիքի մասին դրական տեղեկատվություն  տալը,  չի կարելի Հայրենիքը սևացնել. ի վերջո, մենք մեր տան, մեր ծնողի վրա չպետք է քարեր նետենք…Իհարկե, մերժելի բաներ կան, սակայն միայն մեր մոտ չէ այդպես, աշխարհում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: Չմոռանանք, որ 25 տարի մենք պատերազմի մեջ ենք. եթե մի զինվոր անգամ զոհվում է սահմանին, ուրեմն պատերազմը դեռ չի ավարտվել, արտագաղթի պատճառներից մեկն էլ հենց այդ իրավիճակն է: Որտեղ պատերազմ, այնտեղ՝ փախուստ, սակայն դա  թույլ մարդու քայլ է, այդ մարդկանց չի կարելի դավաճան ու  հայրենադավ համարել, պետք է բացատրական աշխատանք տանել. չկա մի այնպիսի մեխանիզմ, կառուցվածք, որ մարդկանց բացատրեն, ասեն՝ ու՞ր ես տանում քո երեխային կամ՝ հե՛նց դուք՝ մեծերդ, ու՞ր եք գնում…մարդկանց հետ  աշխատանք չի տարվում այդ թեմայով: Բերեմ իմ օրինակը՝ որևէ մեկը չասաց՝ ու՞ր ես գնում, արի այս աշխատանքն արա, մի՛ գնա…չկար որևէ կառույց, ուր բացատրական աշխատանք տարվեր: Այդ բացը պետք է լրացվի:

-Անժելա՛, խոսենք Փարիզի հայկական ռադիոյի գործունեության և քո հաղորդաշարերի մասին:

– Բարեբախտություն է, որ մենք այնտեղ ունենք հայկական ռադիո: Փարիզի «ԱՅՊ-ՖՄ» ռադիոն երկու՝ հայերեն և ֆրանսերեն լեզուներով է հեռարձակվում: Այն  հեռարձակվում է  ամեն  օր՝ 24 ժամ: Մեր նախագահը Հենրի Փափազյանն է, ում ջանքերով ստեղծվել է ռադիոն, իսկ տնօրենը՝ Վարդան Գաբրիելյանը, ով  մշակութային շատ հետաքրքիր հաղորդումներ է պատրաստում: Ինքս երկու հաղորդաշարի հեղինակ եմ: Սկզբում արել եմ «Արցախապատում» հաղորդաշարը.  ուրախ եմ, որ այդ հայտագիրը ժամանակին հայտնվեց ռադիոյի հաղորդումների շարքում, մյուսը՝«Բաց նամակ ճշմարտության պարտադրանքով» հաղորդաշարն է, որի շրջանակներում ներկայացնում եմ Հայոց ցեղասպանության պատմությունը, նոր դրվագներ, երկրների ճանաչում,  ուրիշ հեղինակների՝ Ցեղասպանությանը  նվիրված հրապարակախոսական  նյութեր: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ինձ նվիրել է «Հայկական սփյուռքը  հարափոփոխ աշխարհում» իր հեղինակած գիրքը, որը ես ներկայացնելու եմ իմ հաղորդաշարով, որովհետև դա՛ էլ աշխարհին  ուղղված  մի բաց նամակ է: Այդպես  ներկայացրել  եմ  նաև  Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը», Քրիստ Բոյաջյանի և շատ այլ հեղինակների գրքերը: Այդ հաղորդաշարերի նյութերը հավաքելով ու ամբողջացնելով՝ ես երկու  մասով  գիրք  կազմեցի, որի մի մասը վերնագրեցի «Բաց նամակներ՝ ուղղված աշխարհին», իսկ մյուս մասը վերնագրեցի «Հայոց ցեղասպանությունը շարունակվում է», ուր  ներկայացնում եմ  Արցախ գոյամարտի դրվագները, գրում եմ, որ այսօր էլ պատերազմը շարունակվում է, Հայոց ցեղասպանությունը շարունակվում է, և չի փոխվել թուրքի ձեռագիրը, պարզապես այն  տեղափոխվել է իրեն Ադրբեջան անվանող ինքնակոչ մի պետություն՝ Մահ հայերին՝  նույն կարգախոսով: 1000 օրինակով  Հայաստանում տպագրված գիրքը շատ մեծ հաջողություն ունեցավ, մի մասը տեղափոխեցինք Փարիզ, ուր Հայ առաքելական եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ շնորհանդեսը, որին մասնակցում էի հարյուրավոր մարդիկ: Անցյալ տարի գիրքը թարգմանվեց ֆրանսերեն և թուրքերեն լեզուներով: Շնորհանդեսը լուսաբանվեց  նաև մի քանի թերթերում: Արփեն Մովսիսյանը մի լավ ֆիլմ նկարեց այդ գրքի մասին:

-Ովքե՞ր են գիրքը ֆրանսերենով կարդացողները:

-Եվ  ֆրանսիացիները, և՛ ֆրանսախոս  մեր հայրենակիցները: Ասեմ, որ մենք այնտեղ ունենք շատ հզոր, հայրենասեր համայնք:

-Հնարավո՞ր է, որ «Արցախապատում» հաղորդաշարի նյութերը ևս ամբողջացնես ու գրքի վերածես:

– Կռահեցիր. գիրքն արդեն պատրաստ է, հրատարակման խնդիրն է մնում, որովհետև տեղափոխման հարց կա: Մտադիր եմ այն քիչ-քիչ, սակայն տպագրել Սփյուռքի հայկական տարբեր համայնքներում: Պատրաստ է նաև «Իրական պատկերներ» գիրքը:

-Անժելա՛, ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ նորարարական տեխնոլոգիաների այս դարաշրջանում  գիրքը, թղթային մամուլը  գրեթե ընթերցող չունի, համացանցը հզոր քայլերով ետ է մղել այդ ամենը. չե՞ս վախենում, որ քո գրքերն այդ ճակատագրին արժանանան:

-Ո՛չ, չեմ վախենում, որովհետև, երբ տեխնիկան դադարի աշխատել, գիրքը կմնա, ընթերցողներ միշտ էլ կլինեն: Այսօր չունե՞նք ընթերցող, վաղն անպայմա՛ն կունենանք:

-Անդրադառնանք նաև քո ստեղծած ֆիլմերին, որոնք տարիներ առաջ շարունակ ցուցադրվում էին հեռուստատեսությամբ, սակայն, գուցե, Հայրենիքում քո բացակայության պատճառով, դրանք ասես մոռացության են մատնվել. չե՞ս ուզում թարմացնել  ֆիլմերի ցուցադրման գաղափարը:

-Ունեմ մի քանի ֆիլմեր, որոնք, այո՛, ցավոք, ներկա օրերում չեն ցուցադրվում. ես շատ եմ ափսոսում, որովհետև դրանք մեր ժողովրդի տարեգրության էջերից են: «Երկու կրակոց»՝ նվիրված Գեղազնիկ Միքայելյանին և Վիտյա Այվազյանին, «Ղարաբաղը մի կակաչ»,  Մուշեղ Գալշոյանին նվիրված «Բրաբիոն ծաղիկ որոնողը»  տեսաֆիլմը, որում ներկա էին Համո Սահյանը, Վահագն Դավթյանը, Սիլվա Կապուտիկյանը,  երկրաշարժին նվիված «Հոգին չի մեռնում» տեսաֆիլմը, Գանձասարի մասին պատմող ֆիլմը… Եկել է անտարբերության շա՜տ ցավալի մի ժամանակաշրջան. վաղուց արդեն ժամանակն է վերաարժևավորելու, վերագնահատելու և մոռացության  փոշիներից հանելու  շատ տարիներ առաջ պատրաստված հեռուստատեսային լավագույն հաղորդումներն ու տեսաֆիլմերը, մեծ ու փոքր բեմադրությունները, մեր հոգևոր արժեքների, պոեզիայի ու գրականության գոհարների մասին արված հաղորդաշարերը. արհեստավարժների մի հիանալի թիմ է աշխատել այդ դաշտում, այդ մասին չի կարելի մոռանալ, չի կարելի անտեսել ոչինչ ու ոչ մեկին:

-Դու ծանո՞թ ես ՀՀ սփյուռքի նախարարի նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը:

-Շատ ողջունելի նախաձեռնություն է, շատ հետաքրքիր հարցադրում է, այո՛, մեզնից յուրաքանչյուրն իրեն պետք է տա այդ հարցը, քանի որ  Արցախը պատերազմական գոտի է, որի  սահմանները պահում են մեր ջահել  տղաները, մեր զավակները: Պետք է ամեն կերպ՝ հոգեպես, բարոյապես, նյութապես աջակից լինենք մեր զինվորներին, պետք է քաջալերենք մեր զինվորներին, նեցուկ լինենք Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Արցախը ճանաչվա՛ծ է, Արցախն անկա՛խ է, Արցախն ունի կառավարություն, ունի իր դրո՛շը, աշխարհը ճանաչում է Արցախը, ո՞վ է Թուրքիան, որը պետք է ճանաչի կամ չճանաչի Արցախի անկախությունը…Արցախի հարցով հետաքրքրվող շատ օտարերկրացիներ տեղեկացան  նաև Հայաստանի մասին:

-Ե՞րբ դարձար Սփյուռքի նախարարության բարեկամը. դու հանդիպել ես նաև նախարարին, ի՞նչ հարցեր  եք քննարկել:

-Նախարարության հետ կապը եղե՛լ է. Սփյուռքի նախարարի հետ զրույցները միշտ էլ

հետաքրքիր են անցնում, նա  հրաշալի գիտի բոլոր տարածաշրջանները, Հայկական սփյուռքի պատմությունը: Իմ առաքելության նպատակներից մեկն էլ նախարարության և Փարիզի հայկական ռադիոյի հետ կապերն առավել սերտացնելն  է, ամուր պահելը:

-Ֆրանսաբնակ արցախցի Անժելա Սահակյանի համար ի՞նչ է Արցախը, ի՞նչ է Հայաստանը…

-Արցախն իմ շնչառությունն է. առանց Արցախի ես շնչահեղձ կլինեմ, Հայաստանն ինձ համար իմ աչքերն են… Ես հավատում եմ Հայաստանի հզոր ապագային, ես հավատում եմ, որ աշխարհին, մարդկությանը Նարեկացի, Թումանյան, Արամ Խաչատրյան ու Մարտիրոս Սարյան, Վիլյամ Սարոյան, Շառլ Ազնավուր, Քըրք Քըրքորյան  տվող ժողովուրդը դեռ այսպիսի շատ  նոր ծնունդներ կունենա:

 Ահա այսպիսի ոգևորիչ ու լավատեսական նոտաներով ավարտվեց իմ զրույցը փարիզաբնակ  հայ մտավորական Անժելա Սահակյանի հետ:

Կարինե Ավագյան

 

Scroll Up