«Համեղ ուտելիք՝ «համեղ» վերաբերմունքով». «Արի տուն-2017» ծրագրի մասնակից Ելիզավետա Այվազյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրն ամեն ամառ իր հյուրընկալ դռներն է բացում հայրենակարոտ սփյուռքահայ  աղջիկների ու պատանիների առջև, ովքեր, ծրագրի մասին լսելով տարբեր աղբյուրներից, նաև նախկին տարիներին ծրագրին  մասնակցած  իրենց հասակակիցներից,  շտապում են մասնակցության  հայտեր ներկայացնել,  Հայրենիք գալ ու սեփական աչքերով տեսնել այն, ինչի մասին պատմել են ընկերները: Նրանցից մեկի՝ հեռավոր ու խստաշունչ Սիբիրից  Հայաստան  ժամանած Ելիզավետա Այվազյանի հետ «Հայերն այսօր»-ի համար ունեցած հարցազրույցիս ընթացքում  հաճելիորեն զարմացա՝ տիպիկ  ռուսական արտաքին ունեցող աղջկա զտարյուն հայկական ծագմամբ, ավելին՝ հանձին նրա՝ ծանոթանալով արձակագիր Սուրեն Այվազյանի թոռնուհու հետ:

Ելիզավետա Այվազյան, 16 տարեկան, ՌԴ, Սիբիր, Ուստինսկ

-Հայաստան եմ եկել ցրտաշունչ Սիբիրից, ուր ամենաբարձր ջերմաստիճանը + 16  է լինում, իսկ Հայաստանում բարկ արևն է փայլում. ինձ համար անսովոր է նման տաքությունը: Մի կողմից տաքանում եմ, մյուս կողմից՝ դժվարությամբ եմ տանում շոգը. հիմա՛ եմ հասկանում, թե ինչու են հայերն այսքան ջերմ, իսկ Հայաստանի մրգերն ու բանժարեղենը՝ շատ համեղ, արևահամ: Մայրս հայկական համայնք ունի, այնտեղից էլ իմացել ենք այս ծրագրի մասին: Դատելով իմ արտաքինից՝ մարդկանց թվում է, թե ես  հայուհի չեմ, ռուս եմ, սակայն և՛ մայրս, և՛ հայրս հայեր են, ավելին՝ հայրս՝ Ավետիք Այվազյանը, գրող է, հայտնի գրող է նաև պապիկս՝ Սուրեն Այվազյանը: Ես  նույնպես ստեղծագործում եմ, նկարում եմ: Այս էքսկուրսիաների ընթացքում մենք եղանք նաև Ծիծեռնակաբերդում. ես ասես ոտքի կանգնեցի այդ սուրբ վայրում, ամուր ու հպարտ կանգնեցի Հայրենիքիս հողին, համոզվեցի , որ հպարտություն է հայ լինելը: Շնորհակալությո՛ւն Սփյուռքի նախարարությանը և ծրագրի բոլոր կազմակերպիչներին, մեզ շատ ջերմ ընդունող մեր բոլոր հայրենակիցներին:  Մեր հանդեպ շատ հոգատար են նաև հայերեն դասավանդող ուսուցիչները: Ես շատ գոհ եմ ամեն ինչից՝  շրջագայություններից, սնունդից. ոչ ոք քաղցած  ու ծարավ չի մնում, համեղ ուտելիք են տալիս, սառը ջուր՝  համեղ վերաբերմունքով: Ես մրգեր շատ եմ կերել, սակայն Հայաստանի խնձորի համն աննկարագրելի է:  Չեմ կարող  մոռանալ այս ամենը. վաղը մեկնելու ենք ճամբար, որի առօրյայի մասին հիացական  պատմություններ շատ եմ լսել: Այնքա՜ն հագեցած  ու հարուստ են տպավորություններս…Իսկ ամենալավը  երևանցիներն են:

Զրուցեց Կարինե Ավագյանը 

Scroll Up