Հայաստան ասելով՝ մորս գուրգուրանքներն եմ զգում. «Արի տուն» ծրագրի քուվեյթահայ մասնակից

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն 2017» ծրագրի 3-րդ փուլի մասնակից, տասնչորսամյա Մեղեդի Պողոսյանը բնակվում է Քուվեյթում, սովորում է Քուվեյթի ազգային վարժարանում: Անասելի ուրախ է «Արի տուն» ծրագրին մասնակցելու համար հատկապես այն պատճառով, որ հնարավորություն է ունենալու նոր գույներով բացահայտելու Հայաստանը և տարբեր երկրներից եկած հասակակիցների հետ ծանոթանալու:

Մեղեդին տարեցտարի Հայրենիքի կարոտն ավելի է զգում, ուզում է ամրապնդել կապը Հայաստանի հետ, հաճախակի դարձնել այցելությունները և լավ սովորել Մայրենին:

«Ապրելով Հայաստանից հեռու՝ խորթության զգացում միշտ ունենում ենք. հանգիստ չենք զգում օտար հողի վրա: Մեզ դժվար է դրսում պահպանել ազգային ինքնությունը, բայց քուվեյթահայերը փորձում են համայնքային ակտիվ կյանք ստեղծել, տարբեր ազգապահպան միջոցառումներ կազմակերպել, շատ է օգնում նաև հայկական եկեղեցու և դպրոցների գոյությունը»,-«Հայերն այսօր»ի հետ զրույցում նշեց Մեղեդի Պողոսյանը:

Մեղեդին ստեղծագործելու ձիրքով է օժտված, Հայաստանին նվիրված բանաստեղծություններ է գրում և արդեն հասցրել է հայրենասիրական թեմայով տասներեք բանաստեղծություն գրել: Վստահ է՝ «Արի տուն» ծրագրին մասնակցելուց հետո էլ առավել ոգեշնչված կշարունակի գովերգել Հայաստանը:

Ճիշտ է՝ ուզում է բժշկուհի դառնալ, բայց միևնույն ժամանակ կփորձի չհեռանալ բանաստեղծական աշխարհից, որպեսզի, ինչպես նա է ասում, իր  գրչով պաշտպանի Հայրենիքը:

Հարցին, թե ինչ է զգում Հայաստան ասելով՝ Մեղեդին պատասխանեց. «Հայաստան ասելով՝ մորս գուրգուրանքներն ու սիրող ձեռքերն եմ զգում, որոնք միշտ շոյում են ինձ»:

Գևորգ Չիչյան

Scroll Up