« Արի տուն»-ը սփյուռքահայ երիտասարդների համար հայրենաճանաչության լավագույն հարթակն է. ռուսաստանաբնակ երիտասարդ

ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկել է «Արի տուն – 2017» ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակներում 7 երկրներից 110 սփյուռքահայ երեխաներ են ժամանել Հայաստան՝ մասնակցելու սիրված ծրագրին. նրանցից մեկի՝ ՌԴ-ի Մոսկվա քաղաքից 14-ամյա Էդիտա Թովմասյանի հետ մի փոքրի զրույց ծավալվեց  «Հայերն այսօր»-ի համար:

«Բազմիցս եղել եմ Հայաստանում, բայց այս այցելությունս նշանակալից է, քանի որ մասնակցում եմ «Արի տուն» ծրագրին: Թեև 1 ժամ է անցել ծրագրի մեկնարկից, սակայն այնպես եմ հուզված, ոգևորված, որ գտնվում եմ իմ հայրենի հողի վրա, շփվում եմ  տեղացիների և ծրագրի մասնակիցների հետ. արդեն հասցրել եմ ծանոթանալ նրանցից շատերի հետ և հույս ունեմ, որ էքսկուրսիաների ընթացքում մենք ավելի կմտերմանանք ու հետագայում մեր ընկերությունը կշարունակենք նաև համացանցով:

Երկու տարեկան էի , երբ տեղափոխվեցինք Մոսկվա, սակայն այս ընթացքում չեմ կորցրել հայկական ինքնությունս՝ խոսում եմ և ապրում հայերեն, հայեցի: Իհարկե՛, դժվար է Հայրենիքից հեռու հայ մնալ, սակայն ես ջանքեր չեմ խնայում… ընկերներիս, հարազատներիս հետ շփվում եմ հայոց լեզվով, երբեմն փորձում եմ ընթերցել հայկական կայքեր, ծանոթանալ Հայաստանի պատմությանը, պատմամշակութային հուշարձաններին, մեր մեծերի կյանքին ու գործունեությանը, հայկական հին և նոր ճարտարապետությանը, ինչպես նաև՝ տեղեկանալ Հայաստանի նորությունների մասին: Այժմ սովորում եմ ռուսական դպրոցում. նպատակ ունեմ լավ կրթություն ստանալ, հաստատուն գիտելիքներ ձեռք բերել՝ բարձր պահելով հայի պատիվը և իմ գիտելիքների շտեմարանն ի սպաս դնելով Հայրենիքիս զարգացման ու հզորացման գործում: Ապագան երիտասարդներինն է, մենք պե՛տք է կերտենք վաղվա Հայաստանը:

Կցանկանայի հորդորել սփյուռքահայությանը, որպեսզի չկորցնեն իրենց ինքնությունը, հայ մնան, որտեղ էլ, որ գտնվեն, զերծ մնան օտարամոլությունից, խոսեն ու մտածեն հայերեն, սովորեն Հայաստանի պատմությունը և հաճախակի այցելեն Հայաստան:
Կարծում եմ ՝ « Արի տուն»-ը  սփյուռքահայ երիտասարդների համար հայրենաճանաչության լավագույն  հարթակն է. շնորհակալությու՛ն Սփյուռքի նախարարին և նախարարության բոլոր աշխատակիցներին՝ այս հրաշալի ծրագիրը կյանքի կոչելու համար»:

Զրուցեց ՄՊՀի երևանյան մասնաճյուղի լեզվաբանության
ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Էդվիգա Թևոսյանը

Scroll Up