Սիրիայում զինյալները հայկական եկեղեցին դարձրել են գրասենյակ

Թուրքիային սահմանակից սիրիական Ռակկա քաղաքում գտնվող հայկական եկեղեցին վերածվել է զինյալների դատական գրասենյակի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը: Նրա խոսքով` «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած` «ԴԱԻՇ» զինված խմբավորումն արդեն գրասենյակ դարձած եկեղեցու լուսանկարը տեղադրել է համացանցում: Լուսանկարում երևում է եկեղեցու մուտքի վրա փակցված սև պաստառը, իսկ դարպասների մոտ պաստառների վրա ընթեռնելի գրված է` «Իրաքի և Շամի իսլամական պետություն», «դատական գրասենյակ» և «Ռակկայի մարզ» արտահայտությունները:

Ավելի վաղ սեպտեմբերի վերջին Ռակկա քաղաքում հայկական ոճով կառուցված եկեղեցին թալանվել էր: Բացի հայերից, այդ եկեղեցում աղոթում էին նաև արաբ քրիստոնյաներ: Սեպտեմբերի 26-ին «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապված «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման անդամները հանել են եկեղեցու գմբեթի խաչը և փոխարենը իրենց կազմակերպության սև դրոշն են դրել: Եկեղեցին նյութական վնասներ է կրել: Պարզվել էր, որ թալանված եկեղեցին հայ Կաթողիկե Նահատակաց եկեղեցին է, որը գտնվում է Հալեպից 160 կիլոմետր արևելք գտնվող Ռակկա քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ են ավերվել: Վերջերս ռմբակոծության էր ենթարկվել Դամասկոսի հայ Կաթողիկե առաջնորդարանը, վնասներ էին կրել նաեւ հայկական վարժարանների շենքերը:

http://armenpress.am

Scroll Up