Իսրայելից Հայաստան են ժամանել 17 զբոսաշրջային օպերատորներ

Եռօրյա ճանաչողական այցով Հայաստան են ժամանել 17 զբոսաշրջային օպերատորներ Իսրայելից:

Հունիսի 2-ին վերջիններս հանդիպել են հայաստանյան զբոսաշրջային  օպերատորների  հետ:  Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը:  Այս մասին  տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ  Զարմինե  Զեյթունցյանը բացման խոսքում նշել է.  «Կարևում ենք Հայաստանի և Իսրայելի միջև զբոսաշրջության  ոլորտում համագործակցությունը: Գտնում ենք, որ  երկու երկրների միջև  զբոսաշրջային այցելությունների ակտիվացումը բացի տնտեսական նշանակությունից  ունի նաև երկու ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության, ժողովուրդների   բարեկամության ամրապնդման և  զարգացման  նշանակություն»:

Հանդիպման  ընթացքում  քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված Հայաստանի և Իսրայելի  միջև զբոսաշրջության բնագավառում հետագա համագործակցության ամրապնդմանը: Կողմերը փոխանակվել են անհրաժեշտ  տեղեկություններով՝ հետագայում համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով:

Scroll Up