Հելսինկիի մշակութային փառատոնին ներկայացվեց Հայաստանը

«Հայաստան` հին ու նոր երկիր» խորագրի ներքո Հայաստանը առաջին անգամ ներկայացվեց մայիսի 27-28-ը Հելսինկիում անցկացվող «World village» ամենամյա մշակութային փառատոնին։ Կազմակերպչական հարցերով զբաղվել է Ֆինլանդիա-Հայաստան միությունը: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Ֆինլանդիա-Հայաստան միությունից:
Միջոցառման իրականացման գործում անգնահատելի ներդրում են ունեցել միությունը, հայ համայնքի ներկայացուցիչները և հայկական տաղավարի այցելուները:
Հայկական փոքրիկ, բայց գունեղ տաղավարը միջոցառման օրերի ընթացքում մարդաշատ էր՝ շնորհիվ տաղավարում տիրող ջերմ մթնոլորտի և Հայաստանը ներկայացնելու ստեղծագործ մոտեցմանը։ Այն հիմնականում տեղեկատվական բնույթ էր կրում, տաղավարում կարելի էր ձեռք բերել նաև հայկական հուշանվերներ։ Այցելուների մոտ մեծ ոգևորություն առաջացրեց հայերենով իրենց անուններն որպես մրցանակ ստանալու հնարավորությունը՝ Հայաստանի վերաբերյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում և, իհարկե, հայկական շոկոլադների հյուրասիրությունը, որը «Գրանդ Քենդի» ընկերության նվիրատվությունն էր:
Այցելուների մեծ մասի համար հայկական մշակույթը, տառերը և պատմությունը բացահայտում էր: Որոշ մարդիկ մոտենում էին և ոգևորված պատմում Հայաստան կատարած իրենց ճամփորդությունների կամ առաջիկա այցերի մասին։ Մոտեցան նաև մարդիկ, որոնք հայկական արմատներ ունեին ու շատ ուրախ էինմյուս տաղավարների կողքին տեսնել հայկական տաղավարը։ Եղան նաև համագործակցության տարբեր առաջարկներ։
Հավելենք, որ փառատոնը անցկացվում է 1995 թ-ից և հետաքրքիր հարթակ է՝ ծանոթանալու տարբեր երկրների մշակույթներին, խոհանոցին, ինչպես նաև բարեգործական և մարդասիրական կազմակերպությունների գործունեություններին։