Լիբանանահայ նկարիչների ցուցահանդես Կլուժում

ԿլուժՆապոկայի (Ռումինիա) Արվեստի թանգարանում բացվել է լիբանանահայ նկարիչներ Լենա Քելեկյանի եւ Հակոբ Սուլահյանի համատեղ ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Կլուժի Արվեստի թանգարանի տնօրեն, դոկտոր պրոֆեսոր Լուչիան Նաստասե Կովաչի/Lucian NastasăKovács եւ Ռումինիայում Լիբանանի դեսպան Ռանա Մոկադեմի/Rana Mokkadem նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել հինգշաբթի, մայիսի 25ին, լիբանանահայ նկարիչների ներկայությամբ: Լենա Քելեկյանը աբստրակտ ոճի նկարիչ է, որը գալիս է սրբապատկերներ վերականգնելու նրա մեծ փորձից եւ բյուզանդական արվեստի վերաբերյալ հարուստ գիտելիքներից: Այդ հմտությունները նա խորացրել է Բեյրութի ամերիկյան համալսարանում, ինչպես նաեւ որպես բնական գունանյութերի հատկություններով հրապուրված երկրաբան: Նրա արվեստը ներառում է ստեղծագործական գործունեության լայն շրջանակ` սրբանկարներ, խճանկար, մոնումենտալ արվեստ եւ մեծ գունային ինտենսիվությամբ աբստրակտ արվեստ: Սկսած 1992ից, Լենա Քելեկյանը մինչ օրս տասնհինգ անհատական եւ բազմաթիվ խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Փարիզի, Նյու Յորքի, Պեկինի, Լիբանանի, Լոնդոնի, Մոսկվայի, Չիվիտանովա Մարկեի (Իտալիա) եւ Տոկիոյի պատկերասրահներում, թանգարաններում եւ մշակութային կենտրոններում: Ներկա աշխատանքները ներկայացնում են հատուկ թեմաներ տեղական ավանդույթի, քաղաքային կյանքի մասին կամ շոշափում են ընդհանուր թեմաներ՝ կապված տիեզերքում մարդկային վիճակի հետ: Հակոբ Սուլահյանի աշխատանքները նույնպես վերաբերում են աբստրակցիոնիզմին եւ իրենց թեմատիկայով մոտ են Լենա Քելեկյանի աշխատանքներին: Սուլահյանի հիմնական աշխատանքը մշակութային ժառանգություն հանդիսացող կառույցների վերականգնումն է եւ Անտոնի Գաուդիի ոճով դիզայնը, որոնք առանձնահատուկ զգայունություն են հաղորդում նկարչական գծերի օրգանական ընթացքին եւ դրանց տարածական հարաբերությանը: Նկարչի մասնագիտական փորձառության մեջ համադրված են նրա դիզայներական ուսումը եւ թերապիան արվեստի միջոցով, որը նրա աշխատանքներին տալիս է առանձնահատուկ ներքին ներդաշնակություն: Սկսած 2000 թ.ից, Հակոբ Սուլահյանը մինչեւ 2015թ. բազմաթիվ խմբակային ցուցահանդեսներ է կազմակերպել Բարսելոնայի, Նյու Յորքի, Ջակարտայի, Ջոնբուկի (Հարավային Կորեա), Լոնդոնի, Շանհայի, Բեյրութի եւ Տոկիոյի պատկերասրահներում, թանգարաններում եւ մշակութային կենտրոններում: Սուլահյանի ներկայիս աշխատանքները մեծ մասամբ վերաբերում են մարդու վիճակի հարաբերությանը տիեզերական դինամիզմի հետ: «Լենա Քելեկյան: Հակոբ Սուլահյան» ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները ստեղծվել են 2017թ.: Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ հունիսի 11-ը: