«Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստան-Սփյուռք գործակցության մեր ձեռքբերումներից է.Հրանուշ Հակոբյան

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը՝ նվիրված Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 25-ամյա հոբելյանի առթիվ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության լավագույն խորհրդանիշներից մեկի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 25-ամյա հոբելյանի առթիվ:

20-րդ դարավերջին իրադարձությունների բերումով քաղաքական և տնտեսական ծանր կացության մեջ հայտնված Հայաստանին և պարտադրված պատերազմի առջև կանգնած Արցախին աջակցելու համար Հայկական սփյուռքը համախմբվեց, դարձավ մեկ բռունցք և օգնության ձեռք մեկնեց Հայրենիքին:

Իրադրության պարտադրանքով հատուկ առաքելությամբ ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը դարձավ նորանկախ Հայաստանի՝ Սփյուռքի հետ գործակցության առաջին կառուցակարգը, և որի խողովակներով բազմաթիվ նվիրյալ հայորդիներ ողջ աշխարհից իրենց մասնակցությունը բերեցին հայրենաշինության կարևորագույն գործին՝ նպաստելով մանկապարտեզների, մշակութային տների, համայնքային կենտրոնների, բնակարանների և ճանապարհների կառուցմանն ու վերակառուցմանը՝ զորացնելով մեր Հայրենիքը:

Սփյուռքն այնտեղ է, որտեղ զգում ենք օգնության, բարեսիրության, աջակցության կարիքը: Աշխարհասփյուռ հայության նվիրատվություններով Հիմնադրամի կատարած լայնածավալ աշխատանքները ծառայում են իրենց նպատակին՝ նպաստելով Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտի կայուն զարգացմանը: Հիմնադրամի միջոցով բոլոր նրանք՝ հայրենաբնակ, թե սփյուռքահայ, ովքեր ուզում են օգտակար գործ կատարել, մասնակցել Հայրենիքի շենացման ու հզորացման ազգանվեր գործին, առանց վարանելու իրենց մասնակցությունն են բերում բազմաբնագավառ ձեռնարկումների կերտմանը:

Ինչպես նշվում է ժողովրդական ասույթում` «Բարերարության դուռը բացելը դժվար է, բայց և դժվար է այն փակելը»: Ուստի համոզված եմ, որ յուրաքանչյուր հայորդի նույն ոգևորությամբ և պատասխանատվությամբ շարունակելու է իր ներդրումն ունենալ Հիմնադրամի ծրագրերը կյանքի կոչելու գործում՝ հանուն մեր ազգային նպատակների և հայրենաշինական իղձերի իրականացման: Հիմնադրամը Հայաստան-Սփյուռք գործակցության մեր ձեռքբերումներից է, այն աշխատում է թափանցիկ և յուրաքանչյուր լումայի համար հաշվետու է նվիրատուին, բարերարին:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով նորանոր հայրենանպաստ ծրագրեր՝ ի շահ Մայր Հայրենիքի հզորացման և հայ ժողովրդի բարօրության:

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Scroll Up