Հայաստանում ուզում են վերականգնել խորդենու եթերային յուղի արտադրությունը

Հայաստանում ուզում են վերսկսել խորդենու եթերային յուղի արտադրությունը։ Նախագծի հեղինակ Արեն Տեր- Բալյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ այն արդեն ներկայացվել է Կառավարություն  ու քննարկվում է աջակցության հարցը։

Խորհրդային Հայաստանում այն ժամանակվա Հոկտեմբերյանի՝ ներկայիս Արմավիրի շուրջ կոլտնտեսությունները խորդենու աճեցման խորհրդային կենտրոններից էին (Վրաստանի ու Տաջիկստանի հետ միասին)։ Այնտեղ կար նաեւ եթերային յուղի արտադրության գործարան։ Դրա ուժեղ բույրը (որը շատերին ծանոթ է տնային բույս խորդենուց) պարֆյումի բազմաթիվ բաղադրատոմսերի կարեւոր մասն է։

1990-ականներին նախկին խորհրդային հանրապետությունների օծանելիքների արտադրամասների միջեւ կապերը խզվել են, գործարանը թալանել են, իսկ գյուղացիները դադարել են խորդենի աճեցնել։ Բայց երբ Արենը եկել է պայմանավորվելու ցանքի մասին, ավելի տարեց գյուղացիները միանգամից հիշել են հին ժամանակներն ու իրենց ապրուստը (1 կգ խորդենու յուղը արժեր մոտ 300 խորհրդային ռուբլի)։ Այնտեղ Արենը ծանոթացել է նախկին գործարանի տեխնոլոգի հետ։ «Երբ նա իմացավ, ինչ ենք մենք ուզում, ասաց․ «Տեխնոլոգիայի հարցում կարող եք ինձ վրա հույս դնել»։ Այնպես որ անհրաժեշտ մասնագետներին նա կամ կգտնի կամ էլ ինքը կպատրաստի։ Մնում է գտնել տնկիներ, որ բաժանենք գյուղացիներին։ Այստեղ գրեթե տնկիներ չեն մնացել։ Կձգտենք գտնել, իսկ մնացածը կբերենք», հավելեց Տեր-Բալյանը։

Նրա ընտանիքը որոշել է վերականգնել արտադրությունը առաջին հերթին սեփական ընկերության համար։ «Մեր ընկերությունը՝ »Բնատուրը» , բնական բաղադրիչներից կոսմետիկա է թողարկում։ Մենք որոշել ենք՝ թող ձեռքի տակ նաեւ սեփական հումք լինի։ Այդ դեպքում կիմանանք, որ քիմիա այնտեղ չեն խառնում»,- պարզաբանել է նա։

«90-ականներից Չինաստանը սկսել է ավելի շատ խորդենի աճեցնել։ Բայց Տեր Բալյանը մրցակցությունից չի վախենում։ Ֆրանսիացի պարֆյումերները շատ պահանջկոտ են բուրավետ նյութերի նկատմամբ։ Դրա համար նրանք գնում են ոչ թե մասսայական ապրանք՝ասենք Չինաստանից կամ Եգիպտոսից, այլ գնում են աֆրիկյան Ռեյունյոն կղզուց։ Մենք նույնպես ուզում ենք որակով մրցակցել ։ Առավել եւս, որ տեխնոլոգի խոսքով, խորհրդային ժամանակներում մեր խորդենու եթերի ու սպիրտի ցւոցանիշները բարձր են եղել»,- նկատել է նա։

Մոտ ամիսներին ընկերությունն ուզում է ներդրողներ գտնել ու տեղադրել արտադրության համար սարքավորումներ։ «Առայժմ չենք ընտրել, թե որտեղ։ Այնտեղ, որտեղ ավելի շատ գյուղացիներ տնկելու ցանկություն կունենան։ Մեր պայմաններում խորդենին ցանում են գարունից աշուն, մենք ուզում ենք գյուղացիներին տնկիները բաժանել մինչեւ 2018-ի գարուն։ Մինչ այդ ուզում ենք գտնել նաեւ ներդրողներ»,- հավելեց պարֆյումերը։

Scroll Up