Հայկական ավանդական խոհանոցին նվիրված երեկո Բուլղարիայում

Մայիսի 14-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի կենտրոնում կազմակերպվել էր հայկական ավանդական խոհանոցին նվիրված երեկո, որը նախաձեռնել էին Պլովդիվի հայկական մշակութային միությունը, «Արաքս» հիմնադրամը և Պլովդիվի քաղաքապետարանը: Երեկոյի պատվավոր հյուրերն էին ՀՀ հյուպատոս Արտակ Ղազարյան, Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը և Պլովդիվի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Հրաչ Մուրադյանը:
«Հայկական մշակութային կենտրոնի առջև հայկական ավանդական կերակուրները ներկայացված էին այնպես, ինչպես պատրաստում են մեր մայրերն ու մեծ մայրիկները դարեր ի վեր: Պլովդիվում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներին մենք ցուցադրեցինք շատ համեղ խորոված, քաբաբ, մեր ավանդական լավաշը, անուշեղեններ, աղցաններ: ՀՄԸՄ 10-15 սկաուտներ մոտ երեք ժամ անցորդներին հրամցնում էին հայկական անուշեղեն և շնորհակալական, շնորհավորանքի խոսքեր ստանում հյուրերից»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Պլովդիվի հայկական մշակութային կենտրոնի տնօրեն Աղավնի Գևորգյանը:
Քաղաքի ամենակենտրոնական թաղամասում ողջ երեկոյի ընթացքում հնչել է հայկական երաժշություն, ամենուր ծածանվել են հայկական Եռագույները:
«Բոլորը հիացած էին մեր ջերմ վերաբերմունքից, համեղ ուտեստներից և պարզապես սիրահարվեցին մեր կերակուրներին: Մենք էլ մեր հերթին ուզում ենք մեր սերն ու հիացմունքը փոխանցել բուլղար ժողովրդին: Միաժամանակ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որոնք օրեր շարունակ աշխատեցին, որպեսզի կարողանանք փայլուն ձևով իրականացնել այս ձեռնարկը: Հուսով եմ, որ ամեն տարի մենք հնարավորություն կունենք նմանօրինակ երեկոներ կազմակերպել»,- ասաց Աղավնի Գևորգյանը: