«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն Հայաստանում է

2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության եւ ուղեկցող միջոցառումների նախօրեին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն հատուկ այցով ժամանել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից: Նա կներկայացնի իր գործունեությունը եւ 2016թ. «Ավրորա» մրցանակի ազդեցությունը Հայաստանի եւ Արցախի տարբեր համայնքների ներկայացուցիչներին, պետական, մշակութային եւ հոգեւոր գործիչներին:
«Անչափ երջանիկ եմ մեկ տարի անց կրկին ժամանել Հայաստան, այս անգամ արդեն ավելի շատ պատմություններով: Ես Հայաստան եմ բերել այն բոլոր երջանիկ մանուկների ու երիտասարդների ուղերձը, որոնք «Ավրորա» մրցանակի շնորհիվ այսօր օթեւան ունեն կամ որակյալ կրթություն են ստանում: Նրանք այժմ կարող են երազել ավելիին հասնելու մասին, – ասաց «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, – անհամբերությամբ սպասում եմ՝ հանդիպելու Հայաստանի եւ Արցախի երիտասարդներին, կանանց ու բոլոր նրանց, ովքեր իրենց հյուրընկալ դռներն են բացելու իմ առաջ»:
Մայիսի 20-ին Մարգարիտ Բարանկիցեն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ բացվել է «Ավրորա» մրցանակի ստեղծման ոգեշնչման աղբյուր Ավրորա Մարդիգանյանին նվիրված հատուկ ցուցասրահ: Տիկին Բարանկիցեն գրություն թողեց պատվավոր հյուրերի հուշամատյանում եւ ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պուրակում ծառ տնկեց՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների:
«Կարեւորելով «Ավրորա» մրցանակի առաքելությունը եւ խորհուրդը, մենք անհրաժեշտ ենք համարում, որ ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկիրները, հնարավորություն ստանան նաեւ Ծիծեռնակաբերդում իրենց խորհրդանշական ներկայությունն ունենալ՝ մշտադալար ծառի տեսքով: Դա շարունակական ավանդույթ կդառնա եւ Հայաստանի, եւ Ծիծեռնակաբերդի համար», – ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Երեւանից Մեգին կուղեւորվի Հայաստանի հարավ. կայցելի Տաթեւի միջնադարյան վանական համալիր, Գորիսում կհանդիպի տեղի հասարակական կազմակերոպությունների ներկայացուցիչների, մշակութային գործիչների եւ ուսանողների հետ, կայցելի Աքսել Բակունցի տուն-թանգարան: Մարգարիտ Բարանկիցեն այնուհետեւ կմեկնի Արցախ, որտեղ Շուշիում կայցելի Ս. Ղազանչեցոց եկեղեցի եւ Վերին մզկիթ, «Նարեկացի» արվեստի կենտրոն, որտեղ տեղի կունենա մշակութային միջոցառում:
Ստեփանակերտում Մարգարիտ Բարանկիցեն կհանդիպի Արցախի պետական համալսարանի ուսանողներին, կայցելի Զոհված ազատամարտիկների թանգարան, այնուհետեւ կմեկնի Գանձասար:
Մարգարիտը կլինի նաեւ Գյումրիում, կայցելի Հայ կաթողիկե եկեղեցի, «Թռչունյան» մանկատուն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մարգարիտ Բարանկիցեն կհանդիպի Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին: Էջմիածնում մրցանակի առաջին դափնեկիրը կհանդիպի նաեւ «Altitude 5165» մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Մայիսի 26-ից Մեգին հարյուրավոր այլ հյուրերի հետ Երեւանում եւ Դիլիջանում կմասնակցի «Ավրորա» մրցանակի միջոցառումներին, որոնք կամփոփվեն մայիսի 28-ին, Երեւանում՝ մրցանակի շնորհման արարողությամբ:
Մարգարիտ Բարանկիցեն, ով Maison Shalom խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիրն է, 2016թ. ապրիլի 24-ին «Ավրորա» մրցանակի է արժանացել այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին: Նա փրկել է 30 հազար երեխայի՝ նրանց տալով օթեւան եւ խնամք:
Scroll Up