Մեկնարկել է «Վրձնահարված Նոյի երկրում» խորագրով միջազգային սիմպոզիումը

Մայիսի 15-ին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում տեղի է ունեցել «Վրձնահարված Նոյի երկրում» խորագրով «Մաչանենց» միջազգային արվեստի 3-րդ սիմպոզիումի բացման արարողությունը: Բացմանը ներկա էին՝ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, «Արփինետ» ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանը, ներկայացուցիչներ Սփյուռքից, արվեստագետներ և այլ հյուրեր: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ից:
Սիմպոզիումը տևելու է 7 օր: Սիմպոզիումին մասնակցում է աշխարհի 15 երկրից 67 արվեստագետ: Մայիսի 22-ին ժամը 17:00-ին կբացվի սիմպոզիումի ընթացքում ստեղծված աշխատանքների ցուցահանդեսը:
«Մաչանենց» միջազգային սիմպոզիումը արդեն 3-րդ տարին է կազմակերպվում է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ Էջմիածնի քաղաքապետարանի, «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկության, «Արփինետ» ՍՊԸ-ի և «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»–ի աջակցությամբ: 2017թ.-ի սիմպոզիումը նվիրված է ջրհեղեղից հետո մարդկության վերածննդին և անց է կացվելու մայիսի 15–22-ը Հայոց հոգևոր կենտրոն Էջմիածին քաղաքում։
Սիմպոզիումի նպատակն է՝
Հայ և օտարերկրացի արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով, համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը:
Մասնակիցները սիմպոզիումի ընթացքում ականատես կլինեն հայ մշակույթի զարդ՝ խաչքարի ստեղծմանը։ Սիմպոզիումի ընթացքում հրավիրված կավագործ վարպետը կպատրաստի հայկական խեցեգործության բազմադարյա ավանդույթները ներկայացնող կավե նմուշներ, որոնք կհամալրեն «Մաչանենց» խեցեգործության թանգարանը։
Սիմպոզիումի վերջին օրը, մայիսի 22-ին, տեղի կունենա սիմպոզիումի արդյունքում ծնված աշխատանքների ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ: Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն ներկայացուցիչներ հոգևոր դասից, պաշտոնական հյուրեր, մշակույթի գործիչներ, լրատվամիջոցներ։
Հավելենք, որ «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունը ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է: Հիմնադրվել է 1991թ․-ին Գրիգոր (Մաչանենց) Բաբախանյանի կողմից՝ Էջմիածին քաղաքում։