«Մեր շոկոլադով ապահովում ենք նաև բարձր տրամադրություն». սփյուռքահայ ներդրողներ՝ Մարալ Իսկենյան, Մագի Բաղդասարյան

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Երևան-էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքի ցուցահանդես-վաճառքի բացումը, որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարը, նախարարության աշխատակազմը, ինչպես նաև՝ լրագրողներ, քաղաքացիներ: Ցուցահանդեսներ շատ են կազմակերպվել, որոնք լուսաբանվել են տարբեր լրատվամիջոցներով. դրանք մեր շնորհալի, ոսկեձեռիկ հայրենակիցների աշխատասիրության, ստեղծագործ մտքի թռիչքների խոսուն վկաներն են, որոնցով միշտ եղե՛լ են, կան ու կլինե՛ն հիացողներ: Ցուցահանդես-վաճառքի մասնակիցներից մի քանիսի հետ «Հայերն այսօր»-ի համար ունեցած հարցազրույցի ընթացքում ամենից առավել ընդգծվում էր մեր հայրենակիցների լավատեսությունն ու գոհունակությունը: Այդպիսին էին նաև իմ զրուցակիցները՝ մասնագիտությամբ մանկավարժ ու դեղագետ երկու երիտասարդ սիրիահայ կանայք՝ Մարալ Իսկենյանն ու Մագի (Մարգարիտ) Բաղդասարյանը:
Մարալ Իսկենյան – 5-րդ ցուցահանդեսին ենք մասնակցում: Գոհ եմ արդյունքներից: Մեր պատրաստած փոքրիկ շոկոլադիկները հետաքրքրում են հաճախորդներին. նրանց գերում են մեր արտադրանքի արտաքին տեսքը, համային հատկանիշները: Արտաքին ձևավորումն էլ պակաս կարևոր չէ համից, բաղադրությունից: Մենք ընկերուհուս՝ Մագիի հետ ենք աշխատում: Ընդհանրապես, այս քաղցրավենիքի բաղադրության մեջ օգտագործվող նյութերը ստանում ենք դրսից, որովհետև շատ նյութեր այստեղ չկան, իսկ որոշ պարագաներ՝ հիմնականում արտաքին ձևավորման հետ կապված, այստեղից ենք ձեռք բերում: Աշխատում ենք, որ համն ու արտաքին տեսքը ներդաշնակ լինեն: Շատերը, հենց միայն, արտաքին տեսքով են հրապուրվում: Մեր արտադրանքը վաճառվում է նաև տարբեր խանութներում, նաև մի քանի երկրներում: Շուտով կունենանք նաև մեր սեփական խանութը:
Մագի Բաղդասարյան-Վաղ առավոտից սկսած՝ հրաշալի մթնոլորտ է տիրում այստեղ, բարձր տրամադրություն ունենք, արդյունքներից էլ գոհ ենք: Իհարկե, մենք սննդի տեխնոլոգներ չենք, սակայն համագործակցում ենք համապատասխան մասնագետների հետ, խորհրդակցում: Ձևավորման մասը մեր ուժերով, միայնակ ենք ապահովում: Համային առումով երբևէ դժգոհություններ չեն եղել, հաճախորդներին դուր է գալիս նաև արտաքին տեսքը, սակայն մենք դրանով չենք գոհանում, շարունակում ենք պրպտել, նորություններ գտնել, նոր դիզայն ստեղծել: Միշտ պետք է առաջ նայել. ժամանակն այնքա՜ն արագ է սուրում, աշխարհն այնպիսի՜ մեծ քայլերով է առաջ ընթանում, ուստի պետք է համաքայլ գնանք: Միշտ կարելի է սովորել ու կատարելագործվել, որից կշահի մեր արտադրանքը, կշատանա մեր հաճախորդների թիվը: Քաղցրավենիքը, հատկապես՝ շոկոլադը, տրամադրություն է բարձրացնում. մենք ապահովում ենք նաև բարձր տրամադրություն:
Հաջողություն մաղթենք այս շնորհալի հայուհիներին՝ հավատալով, որ նրանց ձևավորած նրբահամ շոկոլադիկներն, իրոք, բարձր տրամադրություն են պարգևում, որ այդ ինքնատիպ ապրանքանիշը մի օր անպայման կհայտնվի նաև միջազգային բոլոր հայտնի շուկաներում:
Կարինե Ավագյան