Հայաստանը մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիայում տուժած բնակչությանը

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիայում տուժած բնակչությանը։ Համապատասխան նախագիծն այսօր Կառավարության հաստատմանը ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ձեր հաստատմանն եմ ներկայացնում ԱԳՆ-ին գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշման նախագիծը, որի նպատակը Սիրիայում տուժած բնակչությանը Հայաստանի կողմից մարդասիրական օգնության տրամադրման կազմակերպումն է»,-ասաց Նալբանդյանը:
Ըստ նախագծի՝ Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով` «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի երկրորդ եռամսյակում կհատկացվի 43 մլն դրամ: