Նամակ Հայ զինվորին. գրում են Վիրահայոց թեմի «Սբ. Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի սաները

«Հայերն այսօր»-ն իր ընթերցողներին է ներկայացնում Վիրահայոց թեմի «Սբ. Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի սաների նամակները՝ ուղղված Հայոց բանակի զինվորներին:

***

ԵՍ  ԶԻՆՎՈՐ  ԵՄ

Ես զինվոր եմ, մարտիկ՝ պաշտպանը մեր սուրբ հայրենիքի…

Ինձ գեղեցիկ ու շքեղ բառեր հարկավոր չեն, որպեսզի արտահայտեմ իմ սերն ու հարգանքը իմ զինվոր-եղբայրների նկատմամբ:

Ի՛մ փոքրիկ՝ մի բուռ հող հայրենի, ի՛մ դրախտավայր, ի՛մ սրբավայր…

Ահավոր ցավ եմ ապրում ոչ միայն իմ նախնիների համար, ովքեր արյուն են թափել մեր սուրբ հայրենիքի պաշտպանության համար, նաև նրա համար, որ մենք՝ ինքներս ենք մեզ ոչնչացնում՝ մոռանալով մեր լեզուն…

Ես զինվոր եմ՝ զինվոր պայծառ ապագայի մեծ հավատով: Ինչպես մեծն Գարեգին Նժդեհն է ասել, որ թուրքն այնքան վտանգավոր չէ մեզ համար, որքան նրան աջակցող ոմն հայեր… Դավաճաններ, որոնք ուրանում են մեր սուրբ հավատը, մեր մայրենին՝ հայոց լեզուն…

Այո՛, իմ սիրտը արյուն-արցունք է լցվում այս ամենի համար… Շատերն անտարբերությամբ ասում են, որ բավական է տառապել ու հիշել այն, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ:

Ո՛չ, չի կարելի մոռանալ, քանի որ դա մեծ ողբերգություն է, մի ողջ ազգի ոչնչացում, անբուժելի սրտի ցավ ու կսկիծ…

Ուրեմն՝ ինչպե՞ս… հայը կորցրել է հավատը իր նկատմամբ, որ չի խոսում իր մայրենի լեզվով, դադարում է հայ կոչվելու իրավունքից:

Իսկ ես՝ զինվորս, իմ մարտական զինվոր-եղբայրների հետ, կրծքերիս պահած մեր սուրբ խաչը, կպայքարենք, կկռվենք բոլոր նրանց համար, ովքեր մեզ հավատում են, ովքեր արցունք ու արյուն են թափել մեր մայր հայրենիքի՝ Հայաստանի համար…

Գիտեմ, տանն ինձ սպասում է իմ սիրասուն մայրը, քույրս, իմ սիրած աղջիկը: Թո՛ղ թշնամու գնդակը խրվի կուրծքս, բայց ես անպայման կդառնամ իմ ազգի հերոսը, չեմ հանձնվի՝ հանուն մեր փառապանծ զորավարների, մեր սուրբ հողի, մեր քրիստոնյա սուրբ հավատի, մեսրոպատառ ոսկեղենիկ հայոց լեզվի: Ես մահին կդիմավորեմ որպես մեծ պարգև՝ հանուն իմ հայոց ազգի ու հայրենիքի:

Ես հպարտությամբ ու մեծ բաղձանքով կուզեմ, որ իմ շիրմաքարի վրա փորագրված լինի միմիայն երկու բառ… «Ես զինվոր եմ»:

Ալլա Ավետիսովա

Վիրահայոց թեմի «Սբ. Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի սան

Ուսուցչուհի՝ Թամարա Գաբոյան

***

ՀԱՅ  ԶԻՆՎՈՐ

Հայ զինվո՜ր…

Որքա՜ն վեհ ու խրոխտ է հնչում… Զինվո՛ր է, այո՛, ողջ հայ ժողովուրդը: Դարեր շարունակ՝ մինչ օրս հայը զինվոր է եղել: Հայկ Նահապետի ժամանակներից, հայ կոչվելուց ի վեր, կռվել ու պայքար է մղել, պահպանել է իր ինքնությունն ու ազատությունը:

Հայը պաշտպանվել է իր դարավոր ու անհամար ոխերիմ թշնամիներից՝ ասորի, հռոմեացի ու բյուզանդացի, պարսիկ ու մոնղոլ, թուրք-սելջուկ, արաբ ու թուրք…

Հայը դարձել է կամավոր զինվոր և կռվել մինչև արյան վերջին կաթիլը, բայց չի հանձնվել, պահել է իր սուրբ հավատը քրիստոնյա, պահպանել է մեսրոպյան ոսկեղենիկ մայրենի լեզուն՝ մեր մայրենին, որ յուրաքանչյուրիս համար թանկ ու նվիրական է մեր սուրբ մայրերի նման…

Այսօր էլ, Արցախում մեր քաջարի մարտիկները անձնվիրաբար կռվում են ու պաշտպանում մեր մայր հայրենիքի սահմանները: Կռվում են ու հերոսաբար զոհվում այն գիտակցությամբ, որ հայրենիքի համար կռվելն ու զոհվելը սրբություն է, անմահություն…

Շատ ու շատ երիտասարդ զինվորներ զոհվել են ու զոհվում են «ծաղիկ» հասակում: Նրանցից շատերը ծնողների միակ զավակներն էին, շատ-շատն էլ զոհվել է սիրած աղջկա առաջին համբույրի կարոտը սրտում:

Այո՛, այսպիսին է մեր հայ զինվորը, որ մեր նախնիների պայծառ օրինակով է շարունակում պաշտպանել շատ թանկ գնով ձեռք բերած մեր հինավուրց ու նոր մայր հայրենիքը՝ Հայաստանը:

Մեր քաջ ու խիզախ զինվորների սխրանք-հերոսությունները մեզ համար վառ ու կենդանի օրինակ են նմանվելու նրանց: Մենք պարտավոր ենք բարձր պահել մեր ազգի արժանապատվությունը: Պիտի սիրենք ու պաշտպանենք մեր սուրբ հայրենիքը և լինենք նրա արժանի զավակները:

Սիմոնյան Էլլա

Վիրահայոց թեմի «Սբ. Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոց

Ուսուցչուհի՝ Թամարա Գաբոյան

Scroll Up