Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված համերգ Բեյրութում

Ապրիլի 28-ին Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից Բեյրութի ամերիկյան համալսարանի երաժշտասրահում կազմակերպվել էր «Մեկ դարաշրջանի հայկական ժառանգություն» վերտառությամբ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Համերգին հանդես եկան դաշնակահար Արմեն Քեչեկը և լիբանանցի սոպրանո Քարոլին Սոլաժը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Համերգին ներկա էին Լիբանանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, պետական, մշակութային, կրթական հաստատությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր բացման խոսքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ներկա հանգրվանին, ցեղասպանության հանցագործության պատժելիության և կանխարգելման ու այդ ուղղությամբ տարվող Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերի շարունակականության խնդիրներին։

Դեսպան Մկրտչյանը նաև խոսեց միջմշակութային փոխանակումների և համագործակցության առանձնահատուկ կարևորությանն մասին՝ այս համատեքստում օրինակելի համարելով հայ և լիբանանցի ժողովուրդների հարուստ ժառանգությունը։

Համերգի ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի, Գեորգի Սարաջյանի, Բարսեղ Կանաչյանի, Առնո Բաբաջանյանի, Պողոս Ջելալյանի ստեղծագործությունները։

%d5%a2%d5%a5%d5%b5%d6%80%d5%b8%d6%82%d5%a91

Scroll Up