Ֆիլմի ցուցադրություն Էստոնիայում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

Ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ դեսպանությունն Էստոնիայի հայ համայնքի հետ Տալլինում կազմակերպեց Մանվել Սարիբեկյանի «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա էին էստոնական հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, հոգևոր առաջնորդներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, էստոնահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ֆիլմի դիտմանը նախորդած բացման խոսքում դեսպան Մկրտչյանը նշեց, որ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, դրա մասին իրազեկումը, այդ թվում նաև գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմերի միջոցով հանդիսանում են անհրաժեշտ միջոցներ ցեղասպանությունների կանխարգելման պայքարում՝ այս համատեքստում ներկայացնելով միջազգային ասպարեզում Հայաստանի և իր գործընկերների կողմից ձեռնարկվող քայլերը: Անդրադառնալով «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմին՝ դեսպանը կարևորեց, որ ֆիլմի դիտումը Տալլինում կազմակերպվում է էստոնացի միսիոներ Անն Հեդվիգ Բյուլի ծննդյան 130-ամյակին: Դեսպանը, խոսելով ցեղասպանության ընթացքում հայերի կյանքերը փրկած այլազգիների մասին, ովքեր Հյուսիսային Եվրոպայից երկար ճանապարհ անցելով, դժվարությունների բախվելով փրկել են հազարավոր հայ որբերի և, այնուհետև, իրենց կյանքը նվիրել ցեղասպանությունից փրկված հայերին՝ հաստատապես կարելի է համարել ժողովուրդների ազնվագույն առաքյալներ»:

Դեսպանը նշեց նաև, որ ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը այլընտրանք չունի և որ պետք չէ տեղի տալ ժխտողականությանը:

Ֆիլմի դիտմանը հաջորդած ընդունելությանը ելույթներով հանդես եկան նաև ֆիլմարտադրող Մանվել Սարիբեկյանը և Էստոնիայի լյութերանական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Ուրմաս Վիիլման:

Scroll Up