Ամենամյա «Զարթոնք» փառատոնը Պերմի հայկական համայնքում

Ապրիլի 9-ին ՌԴ Պերմ քաղաքի հայկական համայնքում իսկական տոն էր: Քաղաքային մանկապատանեկան գեղարվեստի պալատի մեծ դահլիճը լեփ-լեցուն էր տեղաբնակ հայերով, ինչպես նաև ոչ հայազգի հայկական մշակույթի սիրահարներով:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են համայնքից, ամենամյա «Զարթոնք» փառատոնն այս տարի առանձնահատուկ էր, քանի որ անց էր կացվում Պերմի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական դպրոցի 15-ամյա տարելիցի շրջանակներում: Փառատոնը սկսվեց գեղեցիկ ֆիլմով, որտեղ հակիրճ ներկայացված էին ոչ միայն դպրոցի, այլ ամբողջ համայնքի կատարած աշխատանքները և գործունեության արդյունքները վերջին տարվա ընթացքում: Ցուցադրվեցին ազգային պարի, հայկական գեղարվեստի և օտարալաեզուների համար հայոց լեզվի վարպետության դասերը դպրոցի մանկավարժների գլխավորությամբ: Չանտեսվեց նաև անմիջապես դպրոցի 15-ամյակին նվիրված «Վերնատուն» գրական ակումբի կազմակերպած միջոցառումը իր հաճելի պահերով:

«Զարթոնք» փառատոնի գեղարվեստական մասն իր մեջ ամփոփեց դպրոցի, պարի համույթի և լրացուցիչ խմբակների գործունեության արդյունքները: Նորամուծություն էր մանկահասակ երեխաների ելույթը, որը ոչ միայն շատ գեղեցիկ ձևավորված էր ի շնորհիվ դպրոցի արվեստի ուսուցչուհու, այլ նաև հագեցած էր մանկական երգ ու պարով: Ազգային պարի «Կռունկ» համույթը ինչպես միշտ փայլուն հանդես եկավ՝ ներկայացնելով ոչ միայն հայ ավանդական, այլ նաև թեմային համապատասխան սցենիկ պարեր:

Անակնկալներով լեցուն էր «Զարթոնք» փառատոնի փակման արարողությունը. մեկն այդ անակնկալներից մեծ ուրախություն պարգևեց հանդիսության մասնակիցներին: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանով Պերմի հայկական դպրոցի տնօրեն տիկին Ժասմեն Հայրապետյանը պարգևատրվեց նախարարության ՈՍԿԵ,  «Վերնատուն» գրական ակումբի գեղարվեստական ղեկավար, դպրոցի մանկավարժ Զոյա Վարդանյանը՝ «Մայրենիի դեսպան» մեդալով:

 Իր շնորհակալական խոսքում դպրոցի տնօրեն Ժասմեն Հայրապետյանը երախտագիտություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարին պատվավոր մեդալների և Պերմի հայկական համայնքի գործունեությունը ըստ արժանվույն գնահատելու համար:

img_7742img_7763img_7767img_7796img_7841 img_7935 img_8094 img_8097 img_8109

 

Scroll Up