Ջութակահար Արա Մալիքյանը Մեքսիկայում ներկայացրել է իր ջութակի օգնությամբ Ցեղասպանությունից փրկված պապի պատմությունը

Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը համերգային միջազգային շրջագայության շրջանակներում ապրիլի 6-9-ը ելույթ է ունենալու Մեքսիկայի Մոնտերեյ, Ագուասկալիենտես, Սակատեկաս քաղաքներում:
Ինչպես ներկայացնում է մեքսիկական cronica.com պարբերականը, հայազգի երաժիշտը մեքսիկացի հանդիսատեսին արդեն գերել է Մոցարտի, Վիվալդիի, Led Zeppelin-ի, Դևիդ Բոուիի իր ինքնատիպ կատարումներով:
Ինչպես Արա Մալիքյանը նշել է Մեքսիկայում տված մամուլի ասուլիսում, կենդանի երաժշտության միջոցով մտադիր է պատմել իր ջութակի պատմությունը:
«Ջութակը, որով ես նվագում եմ, պատկանել է պապիկիս, ով երբեք ջութակահար չի եղել, սակայն այս գործիքը կարևոր նշանակություն ունի մեր ընտանիքի համար: Այս ջութակը փրկել է պապիկիս կյանքը Հայոց ցեղասպանության ժամանակ: Հենց այս գործիքի շնորհիվ է նա ողջ մնացել: Այս փոքրիկ պատմությունը ես մշտապես պատմում եմ Մոցարտի և Բախի երաժշտությամբ», – պատմել է երաժիշտն ու խոստացել նաև մեքսիկական երաժշտություն ներկայացնել: