Շնորհակալ եմ քեզ, զինվո´ր, որ մանկության երազս հայացրիր

Յուրաքանչյուրն ունի մանկության իր հերոսը՝ իրական ու մտացածին, մեկը, որին փորձում է նմանվել կամ գտնել: Իմ հերոսը՝ զինվոր էր, որին «հանդիպել» էի երբ դեռ 4-5 տարեկան էի:

… Հիշում եմ՝ ինչպես էին փայլում մեր աչքերը, երբ հեռվից տեսնում էինք նրանց՝ զինվորներին: Անմիջապես խմբվում էինք մանկապարտեզի ցանկապատի մոտ ու փորձում մեր փոքրիկ ձեռքերը դժվարությամբ դուրս հանել վանդակաճաղերի արանքից ու մանկան համարձակությամբ բացականչել. «Դրո´ւգ, դավայ նշան» (ընկե´ր, նշան (կրծքանշան) տուր): Ո՞վ էր մեզ սովորեցրել կես՝ ռուսերեն, կես՝ հայերեն այդ նախադասությունը՝ չգիտեմ: Միայն հիշում եմ, թե ինչպես էինք ուրախանում, երբ մեր ափի մեջ հայտնվում էին աստղի, տանկի պատկերներով փոքրիկ կրծքանշաններ, որոնք ամուր սեղմելով մեր ձեռքում՝ անմիջապես հեռանում էինք, որպեսզի որևէ մեկը չփորձեր խլել այն:

Այդ օրվանից Զինվորը դարձավ իմ փոքր ու մեծ ուրախությունների հերոսը: Ինչպես էի երազում նրան նմանվել: Հաճախ ասում էի՝ երբ մեծանամ, զինվոր եմ դառնալու: Բայց…, միշտ չէ, որ երազը մարմին է ստանում: Ապրելիս՝ միշտ ծնվում են նոր երազանքներ, հերոսներ: Իսկ նախորդները շարունակում են ապրել հաճախ ուրիշ անուններով:

Ինձ հետ մեծանալով՝ մանկությանս Զինվորը երազից դարձավ երազանք, ուժի, քաջության խորհրդանիշ ու Մեկը, որին փնտրում էի շատերի աչքերում: Փնտրում էի՝ ապրածս կյանքի բոլոր կայարաններում, բայց՝ ապարդյուն: Հաճախ մտածում էի՝ գուցե չեմ գտնում, որովհետև նա «օտար» էր, հայի դեմք չուներ՝ սպիտակամաշկ էր, կապուտաչյա, խոսում էր այն ժամանակ ինձ անհասկանալի լեզվով, ու այդ պատճառով էլ երևի մանկությանս պես մնացել էր ինչ-որ տեղ՝ հեռվում:

Ես Նրան գտա մեկ տարի առաջ:

… 2016 թվականի ապրիլը բեկումնային էր շատերիս կյանքում: Ապրիլյան պատերազմի հերոս տղաները, որոնցից շատերը շարունակում են ապրել մեր կողքին, իսկ մյուսները՝ անմահության բարձրությունից, օգնեցին գտնել շատ բան՝ հավատ, հույս, սեր ու երազ…

Կապուտաչյա, սևաչյա, սպիտակամաշկ, թխամաշկ, սևահեր ու խարտյաշ Ադամի, Ռոբերտի, Արմենակի, Անդրանիկի, Տիգրանի և մյուսների աչքերում ու սխրանքներում, որոնք իրականում նույն անունն ունեն՝ Հայ զինվոր, ես գտա այն, ինչն ինձ հետ էր դեռ մանկությունից՝ ուժի, քաջության, հիմա նաև հպարտության խորհրդանիշ դարձած Զինվորին: Հերոս, որն այլևս հայկական մարմին ու հոգի ունի, որը խոսում ու պայքարում է հայերեն, սովորեցնում ապրել ու սիրել հայերեն…

Իր երազանքները զոհելով՝ Հայ զինվորը մարմին տվեց իմ երազանքին, որն այլևս կշարունակի ապրել նոր գույնով՝ շաղախված ցավի ու հպարտության երբեք չմարող երանգներով: Քանի դեռ ապրում եմ, միշտ հիշելու և խոնարհվելու եմ քեզ, Հա´յ զինվոր՝ անդադար շշնջալով. «Շնորհակա´լ եմ քեզ, որ մանկության երազս հայացրիր…»:

Լուսինե Աբրահամյան

Լուսանկարում՝ Արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Հարութ Մնացականյան

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

Scroll Up