«Ցանկացա, որ Բրազիլիայում ճանաչեն Հայաստանը». Ներսես Յեգիներյան

Մարտի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց բրազիլահայ Ներսես Յեգիներյանին, ով այս անգամ Հայաստան է եկել եղբոր հետ՝ բիզնես ծրագրերով: Բրազիլիայում Ներսեսը հոր և եղբոր՝ Բյուզանդ և Վազգեն Յեգիներյանների հետ զբաղվում է ընտանեկան բիզնեսով: Որոշել են Հայրենիքում էլ ներդրում անել, գործարարությամբ զբաղվել: Հետագայում Հայաստան տեղափոխվելու, ընտանիքով հայրենադարձվելու  մտադրություն ունեն:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա ճիշտ դիրքորոշումը, ակտիվ գործունեությունը Հայրենիքում, մասնավորապես անդրադարձավ Ներսես Յեգիներյանի նոր ծրագրերին: «Շատ լավ կլիներ, որ ամուր կապվեք Հայաստանի հետ, ձեր գիտելիքները, փորձը, կապերը, հնարավորությունները ներդնեք Հայրենիքում», – հավելեց նախարարը:

Ներսես Յեգիներյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, պատմեց Հայաստան կատարած իր այցելությունների մասին, նշեց, որ մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի 6 ամսյա դասընթացին: Հպարտությամբ հիշեց. «Երբ դիտում էի Globo TV- ի հաղորդումները տարբեր երկրների մասին, մտածում էի, որ լավ կլինի Հայաստանն էլ ներկայացնել բրազիլացի հեռուստադիտողին, և նամակ գրեցի Globo TV-ին: Ի զարմանս ինձ, շատ շուտ պատասխան ստացա, իսկ մի քանի հարցազրույցներից հետո որոշվեց Հայաստանի մասին ֆիլմ պատրաստել: 2014թ. Globo TV-ի նկարահանող խումբն այցելեց Հայաստան: Ես ցանկություն հայտնեցի ուղեկցել նկարահանող խմբին և կրկին 15 օրով եկա Հայաստան: Այն ժամանակ առաջին անգամ այցելեցի Սփյուռքի նախարարություն: Սփյուռքի նախարարության աջակցությամբ նկարահանող խումբն այցելեց մի շարք թանգարաններ: Հայաստանի մասին այդ ֆիլմը դիտել է 40 մլն մարդ»:

 Ներսեսը սովորում է Սան Պաուլոյի  FMU համալսարանի իրավաբանության ֆակուլտետի վերջին կուրսում:

%d5%a2%d6%80%d5%a1%d5%a6%d5%ab%d5%ac%d5%ab%d5%a11

Scroll Up