Դաս-միջոցառում՝ նվիրված հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանին

Մարտի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը-2017» ծրագրում տեղ գտած հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանի 175-ամյակին:
Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են Ալեքսանդր Մանթաշյանի կյանքը, գործունեությունը և կատարած բարեգործությունները, իսկ 9-րդ դասարանի աշակերտները հետաքրքիր պատմություններ և տեղեկություններ են հաղորդել մեծանուն բարերարի մասին, ինչպես նաև՝ հնչեցրել նշանավոր մարդկանց արտահայտած կարծիքները՝ ուշադրություն հրավիրելով Ալեքսանդր Շիրվանզանդեի մտքերին.
«Այն կորուստը, որ կրում է այսօր հայ ժողովուրդը, անփոխարինելի է: Գումարների ահագին քանակությունը չէր, որ այնպես առատաձեռնորեն զոհում էր նա բարեգործություն կոչված սրբազան տաճարին, որ երկրային տաճարների թագուհին է: Սիրտը, ահա այն, որ կատարում էր միակ դերը, և վեհ դերը Մանթաշյանցի բարերարությունների մեջ: Նա տալիս էր առանց հետին հաշիվների, առանց սին փառամոլության, տալիս էր, որովհետև այդպես էր թելադրում նրա զգայուն հոգին: Նրա բարերարությունը կրում էր բուն քրիստոնեության դրոշմ. «Տվեք այնպես, որ աջ ձեռքը տալիս, ձախը չիմանա»: Դա նրա համեստությունն էր, մի զարդ, որ այնքան հազվագյուտ էր: Ազգին է մնում այժմ իր խորին երախտագիտությամբ գնահատել այդպիսի սիրտը: Եվ նա, անշուշտ, կգնահատե ու շատ բարձր կգնահատե իր ապագա պատմության մեջ…»: