Ցավը չի կարող խոնարհել հայ բանաստեղծին. Գևորգ Հայասա

Ցավը չի կարող խոնարհել հայ բանաստեղծին, որքան էլ այն խորն ու հոգեցունց լինի: Ջավախքցի տաղանդավոր քնարերգու Գևորգ Հայասան իր «Ցավն էլ ունի վերջ» նոր գրքով ընթերցողներին է ներկայանում հենց այդ համոզմունքով։ Թեև նրա բանաստեղծության յուրաքանչյուր տողը կերպավորվում է, ամբողջանում է զգացմունքային բարձր լիցքով, սակայն երբեք չի տրվում պարտված, ավերիչ մելամաղձությանը, այլ հոգևոր գերբնական ուժով և կորովով ձևակերտում է վրեժի և ազգային պահանջատիրության անդադարելիությունը։
«Հայերն այսօր»-ն իր ընթերցողներին ենք ներկայացնում Գևորգ Հայասայի երկու բանաստեղծությունները՝ «Վերջ ողբին Հայոց» շարքից:
***
Չափ ու կշիռ ենք պահանջում հիմա`
Մեր արդար դատը
Աստծու ահեղ դատով անելու
Եվ սահմանելու
Օրենքը այն նոր,
Որ վերջ ունենան
Ողբերը բոլոր,
Որ քաղաքակիրթ ազգերը համայն
Հաշիվ իմանան,
Հաշիվ գիտենան
Ավազահատիկ թիվը այն երկար,
Որ երկու միլիոն
Եվ դեռ ավելի թվարկում ունի…
Եվ գրել նաև
Աշխարհի խղճի
Մատյանի բոլոր
Էջերի վրա,
Մեկիկ առ մեկիկ,
Երկու միլիոնի անուններ անմեղ…
Գուցե մատյանն այդ
Չունենան այդքան էջեր բազմաբույր,-
Բանավոր ասեք,
Հիշեցեք գոնե,
Հաշվեցեք նաև քանակը հատ-հատ
Այն արցունքների,
Որենցով կարող կլինեն ողբալ
Մայրերը միայն
ԽԱՉՎԱԾԻ մոր պես
Եվ գիտեն նաև
Ցավը կորուստի…
Չէ՛, չեմ հառաչում,-
Հպարտ եմ քանզի
Ով ապրել գիտեմ
Իմ զարկված բոլոր
Անմեղների սուրբ
Օրհնանքով այսօր․․․
Այսօր`
Հատուցում,
Այսօր`
Պատասխան,-
Դե, դու՛, անօրեն,
Տու՛ր իմ ՀՈՂԸ սուրբ,
Տու՛ր շիրիմներիս
Խաչքարերը հին,
Տու՛ր քարերը իմ,
Տու՛ր իմ դար լացած
Լույսը աչքերիս,
Տու՛ր ՄԱՍԻՍՍ սուրբ,
Տու՛ր…իմը ինձ տու՛ր…
Եվ մի՛ ուշացրու,-
Կիարող եմ նաև
անկարող լինել
Մոտ մեկ դար պահած
Զայրույթս զսպել…
***
…ԱՊՐԻԼ… 24…
Սուգ է,-
Լռեցե՛ք այսօր, հողմեր աշխարհի,
Ծովերի փոթորկուն, խաղաղվե՛ք այսօր,
Մարդի՛կ, խոնարհեք գլուխները ձեր
Մեր ցավի առաջ,
Որ ողբ է կոչվում,
Ողբ՝ համայնական,
Ողբ՝ բյուր մայրերի,
Ողբ՝ ցավից բռունցք
դարձած հայրերի,
Կույսերի արցունք
Եվ մանուկների ողբ խղճահառաչ,
Ողբ՝ բյուր դարերի,
Ողբ՝ ի սկզբանե և մինչև այսօր
Եղած ողբերի․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Երեկ աստղերը տխուր էին շատ,
Արևն էլ այսօր
Չի ժպտում կարծես․․․
Ծաղիկներն այսօր գլխահակ եղան,
Վշտից հալվեցին
Մոմերը վառվող․․․
Այսօր․․․
Օ՜, այսօր տեզերքը ողջ
Համայնաշշունջ աղոթք է դարձել․
Ու արցունքներ են
Իջնում վերևից,
Լո՜ւյս աստվածայի՜ն,
Մաքուր, մաքրալույս
Սուրբ Աստվածամոր
Աչքերից բարի․․․
Հույսի ավետման
Եվ արդարախոս մեր դարին վկա
Արցունքներ կիջնեն․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Լռո՞ւմ ես, գազան,
Թե՞ քո արյունռուշտ երախով ագահ
Ոռնում ես կրկին՝ լուսնին նայելով․․․
Ուշ է։
Աշխարհ կա,
Աստված կա բարի
Եվ կա հատուցում․․․
Մեղքերի մեղքը քո բեռն է միակ
Եվ քո վաստակը՝
Արյունի ծարավ
Աչքերդ միայն փակելու համար․․․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Սուգ է․․․
Քնեցե՜ք խաղաղ
Երկու և ավել զարկված միլիոններ,
Խոշտանգված քույրեր,
Մայրեր սրբասուրբ,
Մորթված մանուկներ,
Քնեցեք խաղաղ․․․
Վաղը
Լույսի մեջ և արդարության
Վրիժառության ցասումով անանց
Արդար,
Շա՜տ արդար դատ ե լինելու՝
Մեր հայոց ԴԱՏԸ՝
Վերջը անարդար բոլոր դավերի,
Ցավերի վերջը,
Ողբերի վերջը վաղն է լինելու․․․
Իսկ այսօր սուգ է,-
Լռեցե՜ք այսօր, մարդիկ աշխարհի
Եվ լուռ խոնհարեք
Գլուխները ձեր․․․