Մոսկվայի «Հայորդյաց տան»-ը ռուսալեզու սաները մրցեցին հայերենի իմացությամբ

Մարտի 19-ին Մոսկվայի «Հայորդյաց տան» հայոց լեզվի ուսուցչուհի Երանուհի Ղազարյանի՝ I, II և III դասարանների սաներից բաղկացած «Նոր հայեր» և «Էրեբունի-Երևան» թիմերը մրցեցին հայերենի գիտելիքներով։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից, «Խոսենք հայերեն, միայն հայերեն» խորագրով մրցույթում թիմերը՝ տրված բառերը ենթարկելով անհրաժեշտ ձևափոխության, կազմեցին նախադասություններ, թարգմանեցին մրցակից թիմի ներկայացրած տեքստը, ավագները պատասխանեցին Հայաստանին առնչվող հարցերին, հանպատրաստից թարգմանեցին ուսուցչուհու կողմից վերափոխված հեքիաթը,կատարեցին հայերեն երգեր, ներկայացան հումորային համարով։
Ժյուրիի կազմում էին՝ «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը, ուսուցչուհիներ Սվետլանա Միքայելյանը և Քնարիկ Պապիկյանը։ Չնայած մրցող թիմերում ընդգրկված էին բացառապես ռուսախոս սաներ, այսինքն՝ երիտասարդներ, ովքեր «Հայորդյաց տուն» ընդունվելիս հայերեն մեկ բառ անգամ չեն իմացել, սակայն ժյուրին նրանց գնահատեց ամենայն խստությամբ։ Պատճառը՝ Երանուհի Ղազարյանի ջանքերի և սեփական աշխատասիրության շնորհիվ նրանց ունեցած այնպիսի գիտելիքներն էին, որոնք երբեմն թույլ էին տալիս մոռանալ ռուսախոս դասարաններ լինելու հանգամանքը։
Շուրջ երկու ժամ տևած հետաքրքիր ու հագեցած մրցույթում կես բալի տարբերությամբ հաղթեց «Էրեբունի-Երևան» թիմը։ Միավորի առավելությունը գոյացել էր երաժշտական համարից։
«Արդարության համար պետք է ասեմ, որ «Նոր հայեր» թիմը, որը բաղկացած է 3-րդ դասարանցիներից, շատ ավելի լավ է տիրապետում հայերենին, քան «Էրեբունի-Երևանը»։ Երկու թիմերում էլ ընդգրկված են բանիմաց և խելացի երիտասարդներ, սակայն հաղթեց այն թիմը, որը հայերեն երգն ավելի լավ կատարեց։ Սակայն դրանից մյուս թիմի գիտելիքները չեն պակասում, այլ միայն դաս է լինում, որպեսզի հաջորդ մրցույթներին թիմային մտածելակերպն ավելի բարձր լինի»,- դիմելով ներկաներին՝ ասաց Երանուհի Ղազարյանը։
«Խոսենք հայերեն, միայն հայերեն» խորագրին հավատարիմ՝ մրցույթի ողջ ընթացքում բոլորը խոսեցին բացառապես հայերեն՝ ցույց տալով, որ արդեն իսկ ունեն այն բառապաշարը, որն անհրաժեշտ է հայերենով հաղորդակցվելու և լեզուն ուսումնասիրելու համար։
Իր օրհնությունը փախանցելով սաներին՝ Տեր Առաքել քահանա Ամիրյանը շնորհակալություն հայտնեց թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին՝ կրթօջախի գոյության համար, ապա, դիմելով ներկաներին, ասաց․ «Մրցույթում էականն այն էր, որ այս երիտասարդներն այսօր անգիր չեն արել խոսքը, այլ տեղում կատարել են թարգմանություններ՝ ցույց տալով իրենց գիտելիքները։ Փառք Աստծո, որ մեր Եկեղեցու հովանու տակ գործող կրթօջախը կատարում է իր առաքելությունը, և մեր սաները խոսում են հայերեն և գնահատում են այդ լեզվի արժեքը։ Մաղթում եմ, որ տիկին Ղազարյանի ջանքերով, եռանդով, հավատքով, աշխատասիրությամբ ոչ թե պատմվածքներ, այլ վեպեր և ամենակարևորը՝ Աստվածաշունչը, «Մատյան Ողբերգությանը» կարդաք հայերեն և աղոթեք հայերեն»։