Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը շքանշան է հանձնել պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին

Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը մարտի 19-ին հանդիսավոր արարողությամբ պարգևատրել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցում տեղի ունեցած արարողության ժամանակ Գյուլերին է շնորհվել «Մկրտիչ Պեշիկթաշլյան» շքանշանը:
Միջոցառմանը ներկա են եղել դիվանագետներ, տեղական ինքնակառավարման մարմիների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, մտավորականներ, հոգևորականներ, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը, պատրիարքարանի ներկայացուցիչ Մաղաքիա աբեղա Պեսքիզիյանը և այլք:
Միջոցառմանը Արա Գյուլերի կենսագրությունը ներկայացրել է դերասան Պողոս Չալկջօղլուն: Արվեստագետի կյանքի և գործունեության մասին խոսել է լուսանկարիչ Ջոշքուն Արալը և պատմաբան Իլբեր Օրթայը:
Օրվա ծրագիրն ուներ նաև երաժշտական հայտագիր:
Հանդիպման վերջում ներկաները դիտել են Գյուլերի կյանքի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ: