Ստամբուլում թուրքերենով հրապարակվել է Ավրորա Մարտիկանյանի մասին գիրքը

Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչությունը լույս է ընծայել «Ավրորա» գիրքը, որը պատմում է Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի կյանքի մասին, ով վերածվել է Ցեղասպանությանը դիմակայած հայուհու տոկունության ու մարդասիրության խորհրդանիշի:
Գիրքն արդեն տեղ է գտել «Արաս»-ի պաշտոնական կայքում, որտեղից էլ գնորդները կարող են այն պատվիրել համացանցի միջոցով, գրում է tert.am-ը:
Ավրորա Մարտիկանյանը ծնվել է 1902թ. Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգում՝ հայ վաճառականի ընտանիքում: Կոտորածի ժամանակ ծնողներին ու քրոջը կորցրած 14-ամյա Արշալույսը՝ Հայոց ցեղասպանության ամենահայտնի ականատեսներից մեկը, ավելի ուշ դարձավ «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարտիկանյանի պատմությունը» գրքի հեղինակն ու նկարահանվեց գրքի հիման վրա նկարահանված «Հոգիների աճուրդ» կինոնկարում:
Արշալույս Մարտիկանյանը մահացել է 1994թ.՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում:
Նշենք, որ «Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում 1993թ.: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար դառնալ «պատուհան» դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին:
Հրատարակչությունն ունի նաև արևմտահայերենով հրատարակված գրքեր: