Արևմտյան ու Արևելյան Հայաստանը՝ թուրք լուսանկարչի աչքերով. «Ակօս» (լուսանկարներ)

Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը» զրուցել է թուրք լուսանկարիչ Ումութ Վեդաթի հետ, որը շրջել է Արևմտյան և Արևելյան Հայաստանով ու բացահայտել իր համար հայերից մնացած ժառանգությունն ու հայերին:
Թուրք լուսանկարիչը պատմում է, որ Արևմտյան Հայաստանի տարածքում իր լուսանկարած քանդված կամ որպես ախոռ օգտագործվող եկեղեցիների ու այլ պատմական հուշակոթողների լուսանկարները ցուցահանդեսի տեսքով ներկայացնելուց հետո բազմաթիվ մարդկանց արձագանքը հետևյալն է եղել. «Դե, այո, գիտեինք, որ նման բան կա, բայց այս աստիճան չէինք պատկերացնում»:
Ըստ Վեդաթի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին ամենամեծ արգելքը Թուրքիայից ու այդ երկրի հասարակությունից եկող «էգո»-ի զգացումն է։ «Պետք է մի կողմ թողնել այդ «Ես գիտեմ»-ը: Այս պահին բավականին ներփակ վիճակի ենք հասել», – ասում է լուսանկարիչը:
Վեդաթն այժմ ապրում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, ակտիվ շփումներ է հաստատել նաև Վրաստանի հայ համայնքի հետ, որոնց հիման վրա նոր ֆիլմ է պատրաստել:
«Ժամանակին հայերը կազմում էին Թբիլիսիի բնակչության 70 տոկոսը, հիմա այդ տոկոսը հազիվ 5-ի է հասնում: Սա թեմա է, որի մասին ոչ ոք չի խոսում: Իհարկե, այստեղի ձուլման քաղաքականությունն այդքան էլ ինտենսիվ չէ, որքան Թուրքիայում: Ֆիլմս ավելի շուտ ոչ թե դրա, այլ հայերի՝ Թբիլիսիի վրա ունեցած մշակութային հզոր ազդեցության մասին է»,- tert.am-ի փոխանցմամբ՝ պատմում է Վեդաթը:
Խոսելով Հայաստան իր այցի մասին՝ թուրք լուսանկարիչը պատմում է, որ Հայաստանում անցկացրած ժամանակն օգնել է լցնել կյանքում ունեցած մի շարք բացթողումներից առաջացած դատարկությունն ու հասկանալ, որ ցեղասպանության մասին մինչ այդ իրենց սովորածն ու լսածը բոլորովին այլ է: Ու չնայած իր շրջապատից եկող ոչ այնքան դրական արձագանքներին՝ Վեդաթը մի քանի ամիս էլ Հայաստանում է ապրել՝ ինչպես վճռել էր: