«Դեբեդը»՝ ազգային մշակույթի գոհարների քարոզիչ…

Մեր լեզուն ծուխն է մեր տան,

Մեր կշիռն աշխարհի մեջ,

Նա աղն է մեր ինքնության,

Էության խորհուրդը մեր։

 

Հ. Սահյան

Արդեն չորրորդ տարին է`  Մոսկվայում գործում է «Դեբեդ» գրական–մշակութային ընկերությունը, որի հիմնադիրն է Ռուսլան Միսկարյանը։

«Դեբեդի» ստեղծմանն ազդակ հանդիսացավ Հովաննես Թումանյանի   140- ամյա հոբելյանը, որին նվիրվեց թվով ինը  գրական–երաժշտական երեկո (2008թ նոյեմբերից մինչև   2009թ մայիս): Ի դեպ, «Դեբեդ» անվանումն էլ ծնվեց այդ միջոցառումների ընթացքում։

Երեկոներ են նվիրվել նաև տասնյակ հայ գրողների՝ Ավ. Իսահակյան, Հ. Շիրազ, Ղ. Աղայան, Ս.Կապուտիկյան, Հ. Սահյան…

Պարբերաբար կազմակերպվող այս երեկոներն անց են կացվում  հայոց լեզվով, մայրենիի անկրկնելի բույրով, լույսով… որն էլ հենց  «Դեբեդի» հիմնական նպատակն է: Տեղին է նշել, որ Ռ.Միսկարյանի մանրակրկիտ «ծաղկաքաղից», որոշ գրողների հետ ունեցած անձնական հիշողությունների  պատմություններից ունկնդիրները շատ բան են իմանում (քիչ հայտնի բաներ)։ Գրական-երաժշտական երեկոներին հաճախ են մասնակցում ակադեմիկոս Սամվել  Գրիգորյանը, հայկական բանակի հիմնադիր, գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը, մոսկվահայ գրողներ, ուսուցիչներ, տարբեր տարիքի և զբաղմունքի տեր մարդիկ։

«Դեբեդի» գործունեությունը, սակայն, չի սահմանափակվում միայն երեկոներով։ Անցյալ տարվա փետրվարին Մոսկվայի Լեսյա ՈՒկրաինկայի անվ. գրադարանում բացվեց Հայաստանը ներկայացնող ցուցահանդես, որի նպատակն էր օտարազգիներին ծանոթացնել հայոց պատմությանն ու մշակույթին։

Մեր հայրենիքը խորհրդանշող ցուցանմուշների մի մասը տրամադրել էր Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը։

Հետաքրքրությունը «Դեբեդի» միջոցառումների նկատմամբ գնալով մեծանում է։

Արդեն մի քանի անգամ Մոսկվայի հեռուստատեսությունը նկարահանել և ցուցադրել է այդ երեկոների ընթացքը, դրանք լուսաբանել են Մոսկվայի և Հայաստանի լրատվամիջոցները:

Հուրախություն բոլորիս՝ Ե. Չարենցի երեկոյին Ռ. Միսկարյանն իր հայրենանվեր աշխատանքի համար պարգևատրվեց ՌՀՄ հոբելյանական մեդալով, ինչպես նաև Լ. Ուկրաինկայի անվ. գրադարանի կողմից՝ պատվոգրով։

Ռուսլան Միսկարյանը  ծնվել է 1943թ. Նոյեմբերյանի շրջանի (ներկայումս՝ Տավուշի մարզ)  Արճիս գյուղում, մանկավարժների ընտանիքում։1970թ.  տեղափոխվել է Մոսկվա: Մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց մոսկվահայերը նրան ճանաչում և ընդունում են որպես թումանյանագետի։

Նրա հեղինակային հոդվածները տպագրվել են Հայաստանի «Գրական թերթ»–ում, իսկ 2008թ Երևանում հրատարակված «Ս.Կապուտիկյանը մեր հուշերում և խոհերում» գրքում տպագրված են նաև Ռ. Միսկարյանի գրած «Բանաստեղծի հետ» հուշերը։

Տեղին է հիշատակել նաև, որ բանաստեղծուհին Ռ. Միսկարյանին ընտրել է որպես իր ներկայացուցիչը Մոսկվայում. այժմ նա Ս. Կապուտիկյան թանգարան-հիմնադրամի անդամ է և աջակցում է թանգարանին՝ ինչով կարող է։

Վերջերս  վերոհիշյալ գրադարանի դահլիճում կայացավ «Դեբեդի» գրական–երաժշտական երեկոն՝ նվիրված Ռափայել Պատկանյանին (1830-1892 թթ)։

Երեկոյի ընթացքում ունկնդիրները ծանոթացան բանաստեղծի  կյանքի և գրական գործունեության մի շարք դրվագներին։ Ասմունքողների կարդացած մի շարք բանաստեղծություններ ունկնդիրներից շատերի համար հաճելի անակնկալ եղան և հաստատեցին երեկոյի ընթացքում հայտնած միտքը, որ հայոց դպրոցներում Ռ. Պատկանյանը չի մատուցվում իրեն արժանի չափով։

Երեկոյի վերջում ընթերցվեց և երգվեց «Արաքսի արտասուքը», որը  արժանի հռչակ է բերել հեղինակին և այսօր էլ շատ սիրելի է մեր ժողովրդի կողմից։

Եզրափակիչ խոսքում Ռ.Միսկարյանը շնորհակալություն հայտնեց երեկոյի մասնակիցներին՝ հատուկ գնահատելով երիտասարդ ասմունքողներին։ Նաև առանձին շնորհակալությամբ նշեց, որ Լ.Ուկրաինկայի անվ. գրադարանը մոտ երեք տարի սիրով հյուրընկալում է «Դեբեդ»–ին և հնարավորություն է տալիս, որ հայալեզու երեկոները կայանան անխափան։

Ամալյա Իսայան, Մոսկվա

ՀՀ ժուռնալիստների միության անդամ

Scroll Up