Զբոսաշրջությունը կխթանվի

Հայաստանն աշխարհի զբոսաշրջային վարկանիշային աղյուսակում գրավում է 79-րդ տեղը: Սա միջինից ցածր ցուցանիշ է, ինչը սկսել է անհանգստացնել առաջին հերթին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, քանզի հենց այս գերատեսչությունն է զբաղվում զբոսաշրջային գործարարության խնդիրներով:

 Այն հանգամանքը, որ զբոսաշրջությունը ընդգրկված է այս նախարարության գործառույթների մեջ, արդեն խոսում է այն մասին, որ տակավին այս ոլորտը չի ընդգրկված պետության համար կարևոր ռազմավարական ծրագրերի շրջանակներում, զբոսաշրջությունը չի դիտարկած որպես պետության գերակայություններից մեկը: Աշխարհի շատ երկրներում կան զբոսաշրջության նախարարություններ, կառավարություններին առընթեր պետական կոմիտեներ կամ գլխավոր վարչություններ, որոշ երկրներում էլ զբոսաշրջության և մշակույթի կառավարումը դիտարկված է մեկ համատեքստում:

 Վերջին տարիներին Հայաստանում էլ սկսել են լրջորեն մտահոգվել զբոսաշրջության հարցերով, ինչը նշանակում է, որ առաջիկայում հնարավոր կլինի մշակել կառավարման առավել ընդգծված և ճկուն սկզբունքներ: Անցած հինգ տարվա ընթացքում տարեցտարի աճել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը՝ արդեն հատելով կես միլիոն մարդու սահմանը: Հենց սա էլ ոգևորում է հայաստանյան իշխանություններին, որոնք արդեն սկսել են ոչ միայն մտահոգվել ոլորտում առկա խնդիրներով, այլև հոգ տանել այն մասին, որպեսզի Հայաստանն իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ և ներկա ճարտարապետական ձեռքբերումներով, հրաշալի բնական միջավայրով դառնա գայթակղիչ շատերի համար: ՀՀ Կառավարությունը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը չորս կետից կազմված ծրագիր մշակել՝ ներառելով զբոսաշրջության արդի հայեցադրույթներն ու հայեցակարգերը:

Այս ծրագրի առանցքում առաջին հերթին կլինեն հյուրանոցների և օդագնացության հարցերը: Հայաստանում այսօր քիչ են հյուրանոցները: Իհարկե, որոշ դեպքերում այս փաստը կարող է տարակուսելի համարվել, քանզի վերջին տասնամյակում հատկապես մայրաքաղաք Երևանում կառուցվել են ինչպես գերժամանակակից հյուրանոցային գիգանտներ, այնպես էլ փոքր տիպի հյուրատներ: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանց թիվը բավարար չէ: Բավարար չէ նաև մարզերում առկա հյուրանոցների թիվը: Ամենազբոսաշրջային համարվող մարզերում ևս կառուցվել են առաջնակարգ հյուրանոցներ, տեղացիները ստեղծել են փոքր հյուրատներ, դրանց թիվը հատկապես քիչ չէ Լոռու, Սյունիքի  և Գեղարքունիքի մարզերում, սակայն մի շարք այլ մարզերում, որտեղ ևս կարելի է զարկ տալ զբոսաշրջային գործարարությանը, տակավին չկան այնպիսի հյուրանոցներ, որոնք ի զորու լինեն հրապուրել զբոսաշրջիկներին: Այդ պատճառով էլ կառավարությունն առաջնահերթ է համարում հյուրանոցների կառուցումը: Հյուրանոցների կառուցման հետ՝ պետք է քննարկվի նաև դրանց մատչելիության հարցը, քանի որ մի շարք հյուրանոցատերեր սահմանել են այնպիսի սակագներ, որոնք, բնականաբար, ձեռնտու չեն զբոսաշրջիկների համար, որոնք էլ արգելք են դառնում Հայաստան այցելությունների համար: Այս խնդիրը ևս պիտի դառնա քննարկման առարկա, որպեսզի շատերը ձգտեն դեպի Հայաստան: Հյուրանոցաշինությունը կարող է շահագրգռել հատկապես սփյուռքահայ գործարարներին, որոնք Հայաստանում կարող են ունենալ նոր գործարար հնարավորություններ, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում ներդրումներ կատարելով՝  ապահովել իրենց շահույթը:

Այսօր իշխանությունները քննարկում են նաև ինչպես օդագնացության, այնպես էլ ուղևորափոխադրումների այլ ուղիների հարցերը: Տարիներ շարունակ ազգային փոխադրող հանդիսացող «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը խոչընդոտել է զբոսաշրջության զարգացմանը, սահմանած բարձր գներով և ծառայությունների մատուցման անորակությամբ վանել շատերին: Հիմա Հայաստանում նոր ընկերություններ են զբաղվում ուղևորափոխադրումներով, հետևաբար պետք է հուսալ, որ զբոսաշրջային գործարարությամբ զբաղվող ընկերությունները կկարողանան լուծել իրենց առջև ծառացած խնդիրները:

Առհասարակ, զբոսաշրջությունը պետք է դիտարկվի նաև Հայաստան-Սփյուռք կապերի շրջանակներում, քանզի աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցները կարող են ստեղծել զբոսաշրջային ընկերություններ, ապահովել կապը Հայաստանի հետ՝ այսպիսով լուծելով նաև գործարարությանն առնչվող խնդիրներ: Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ. այս միտքը ծանոթ է շատերին, սակայն բաց երկնքի տակ գտնվող այս թանգարանն ունի նաև զբոսաշրջային-գործարար հետաքրքրություններ, եկամտաբերություն: Հետևաբար ժամանակն է, որ Հայաստանից դուրս բնակվող մեր հայրենակիցները օգտակարն ու հաճելին համատեղեն, մտածեն գործարարության նոր ուղիների մասին՝ այսպիսով հարստանալով և հարստացնելով Հայաստանը;

Լևոն Մութաֆյան

Scroll Up